կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 16:34
Հասարակություն

ՄԱԹԵՄարդ արշավի ամփոփիչ միջոցառումը՝ Մաթեմատիկայի միջազգային օրը

ՄԱԹԵՄարդ արշավի ամփոփիչ միջոցառումը՝ Մաթեմատիկայի միջազգային օրը

Մարտի 14-ին՝ երկուշաբթի, Մաթեմատիկայի միջազգային օրը, ժամը 15:15, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ԻԼՏԿ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա ՄԱԹԵՄարդ արշավի ամփոփիչ միջոցառումը։ Ճեպազրույցով հանդես կգան ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված ՄԱԹԵՄարդ արշավը նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԻԼՏԿ հիմնադրամը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ։

Նախաձեռնության նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների՝ հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ։ 

ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում Երևանում և Սիսիանում կազմակերպվեցին հնգօրյա աշխատարաններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցեց 10-14 տարեկան 40 աղջիկ։ Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի ուղղորդմամբ և մենթորների՝ երիտասարդ կին գիտնականների օգնությամբ սովորեցին կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը,  մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ կազմակերպեցին, որին ավելի քան 100 պատանի մասնակցեց։ 

Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը նախատեսվող ամփոփիչ միջոցառման ընթացքում։ Լավագույն լուսանկարների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ։ Միաժամանակ կներկայացվեն կոմիքսների գրքի նախնական էսքիզները, իսկ վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։