Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինությունների մրցավազքը, ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունների խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը Եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի առաջնային քննարկման առարկա դառնալը հուշում է, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու. Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում գործող ավանդական, հիմնական կամ պոտենցիալ դերակատարները, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, ագրեսիվ դիմակայության փուլում են, աստիճանաբար տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ բախումը, ապա առավել հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված», - ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ տարբեր զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված հետpատերազմյան անվտանգային միջավայրն առավել մուգ գույներ է ստանում, շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել, ու այս փուլում դրանք կարող են դրսևորվել Հայաստանի ու Արցախի սահմաններին տարբեր բնույթի սադրանքներով, մեծամասշտաբ զորավարժություններով, զորքերի կուտակումներով, մեկ այլ փուլում բարձր ռիսկ կա, որ դրանք կարող են ունենալ առավել ագրեսիվ, թիրախային ու մասշտաբային մակարդակ:
«Հարավային Կովկասն այն հիմնական ճակատներից է, որը կարող է բացվել ՌԴ-Արևմուտք դիմակայության պայմաններում, իսկ ճակատի առաջին շարքերում Թուրքիան ու Ադրբեջանն են: Ստեղծված բարդ ու աննախադեպ ծանր իրադրությունում անհասկանալի կեցվածք է ընդունել Հայաստանի իշխանությունը, որը երկիրը համապատասխան սցենարային զարգացումներին նախապատրաստելու փոխարեն զինված ուժերում, ՊՆ-ում զբաղված է ներկուսակցական շահերը սպասարկող փոփոխություններով, զինվորականների նկատմամբ ճնշումներով, որոնք շատ դեպքերում շանտաժի ու սպառնալիքների էլեմենտներ են պարունակում:
Ուկրաինայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրը իշխանությունը Գլխավոր շտաբի պետ, տեղակալ, վարչության պետեր փոխելով՝ զինված ուժերի ղեկավարման համակարգում արհեստական ճգնաժամ է ստեղծել, ավելին՝ մինչև հիմա Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չի եղել, ու սա այն դեպքում, երբ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ամենից ծանրաբեռնվածը հենց զինված ուժերի գլխավոր շտաբն է գործում»,- նշեց Աբրահամյանը:
Նա վստահ է՝ ԳՇ պետի պաշտոնում նույնիսկ ամենալավ կադրի նշանակման դեպքում նրան երկար ժամանակ է պետք լինելու իրավիճակը իր ձեռքը վերցնելու ու անվտանգային համակարգի զարկերակին տիրապետելու համար:
«Պարտության խորհրդանիշ դարձած ուժը խելքը գլուխը հավաքելու, սթափություն դրսևորելու ու երկիրը նոր փորձության չտանելու փոխարեն զբաղված է դատարկ նախաձեռնություններով, մանր-մունր խորամանկություններով ու խնդիրներից փախուստ կատարելու անփառունակ գործողություններով»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը: