կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 21:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի օրինակով պետք է ապալենինիզացնել Արարատ լեռը՝ Սուրմալուով, Կարսը, Նախիջևանը, Ղարաբաղը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց Ուկրաինան ապալենինիզացելու մասին՝ պնդելով, որ այդ երկիրը Լենինն է ստեղծել, որպեսզի պահի իր իշխանությունը Խորհրդային պետության ղեկին, այնինչ բնիկ հայկական հողերը ևս նույն այդ անձը՝ Վլիդիմիր Իլյիչը, իբրև կաշառք բաշխեց Թուրքիային ու Ադրբեջանին։

Երկրներն ապալենինիզացնելու այս փուլում առավել քան արդիական է շտկել նաև հայկական հողերի ճակատագիրը, որոնք Լենինը բացահայտ ապօրինի կերպով տնօրինեց իր հայեցողությամբ։  Խոսքը հատկապես Կարսի մարզի, Սուրմալուի գավառի՝ Արարատ լեռով, Նախիջևանի և Ղարաբաղի մասին է։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստեց, որ այդ ապօրինի վերաբերմունքը հայկական տարածքների նկամամաբ դրսևորվեց Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում։

«Հատկապես Մոսկվայի կոնֆերանսում բանակցությունների ժամանակ Թուրքիայի պատվիրրակությունը հանդիպումներ է ունեցել Լենինի հետ։ Դեռ 1920 թ-ի դեկտեմբերի 26-ին, երբ Լենինը հանդիպել էր Հայաստանի ԽՍՀ ներկայացուցիչների՝ Մռավյանի, Բեկզադյանի, Աթաբեկյանի հետ, ուղղակի հայտարարել էր, որ հանուն համաշխահային հեղափոխության Հայաստանի աշխատավորության շահերը պետք է զոհաբերվի։ Եվ երբ նրանք ներկայացրել էին Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, նա ուղղակի պատասխանել էր, որ Հայաստանին լավագույն դեպքում կարող են պարենով և ֆինանսով օգնել, ոչ թե զենքով կամ զորքով։ Հանդիպման արձանագրությունն ու նամակները կան»,-պատմեց Էդիկ Մինասյանը։

Նա եզրակացրեց, որ պատճառն այն էր, որ Լենինն արդեն համաձայնել էր քեմալականների հետ, շուտով մեծ քանակով ոսկի և զենք մատակարարեց Թուրքիային հանուն համաշխարհային հեղափոխության սին գաղափարախոսության։ Նույն այս քաղաքականությունը հետագայում շարունակում է Ստալինը։

«Մինչ այդ Մոսկվայի կոնֆերանսի ժամանակ՝ 1920 թ-ի հուլիս-օգոստոսին, երբ նախապատրաստվում էր Ռուսաստանի բարեկամության պայմանագիրը Թուրքիայի հետ, այն ժամանակ Չիչերինը մերժել էր թուրքերի պահանջը և առաջարկել Վանն ու Բիթլիսը անպայման վերադարձնել Հայաստանին։ Հետագայում արդեն Ստալինը սա համարում է թուրքերի դեմ գործողություն, առաջարկում, որ հակաթուրքական պրոպագանդա չտարվի, քանի որ խնդիրը նաև Բաթումը Վրաստտանին վերադարձնելու մեջ էր։ Եվ պատահական չէր, որ մարտի 9-ին բանակցություններն ընդհատվում են հենց այս նպատակով և մարտի 10-ին շարունակվում են Լենինի առաջարկությամբ՝ ասելով, որ թուրքերը ձգձգում են Բաթումի հարցը, Ստալինը պետք է բանակցի։ Արդյունքն այն եղավ, որ Բաթումը փոխանակվեց Սուրմալուի հետ՝ ներառյալ Արարատ լեռը․ Սուրմալուն տրվեց թուրքերին, Բաթումը մնաց Վրաստանին»,-ասաց Էդիկ Մինասյանը։

Հայկական տարածքների հարցով մյուս կարևոր խնդիրը Կարսի մարզի զիջելն էր թուրքերին, սահմանագիծը Ախուրյան-Արաքս գիծը համարելը։

Այստեղ Խորհրդային Ռուսաստանը գնաց Թուրքիային զիջումների թուրքերի հետ բարեկամության նպատակադրումով։

Այն ժամանակ ո՛չ Քեմալական Թուրքիան, ո՛չ Խորհրդային Միությունը չճանաչված պետություններ էին․ իսկ 1968 թ-ի Վիեննայի կոնվենցիայով չճանաչված պետությունների ստորագրած պայմանագիրն օրինական չէ։ Կոնվենցիայի համաձայն նաև պարտադրված պայմանագրերն օրինական չեն համարվում։ Այս տեսակետից Մոսկվայի պայմանագիրն օրինական չէր։

«Ապօրինի գործողությունների հետևանքով մենք հսկայական տարածքը զիջեցինք։ Եվ երկրորդ կարևոր պայմանը, որ Խորհրդային Ռուսաստանը Սևրի պայմանագրից հրաժարվելու վրա էր անընդհատ պնդում և տվյալ իրադրության մեջ նրանք Լոզանի կոնֆերանսում հասան իրենց նպատակներին։ Այլ կերպ ասած՝ երկու ապօրինի երկրներ Հայկական հարցը լուծեցին և անձամբ նաև Լենինի անմիջական նախաձեռնությամբ։ Միայն 29 հզար քառ․ կմ-ը ճանաչվեց Հայաստան, այն էլ Խորհրդային Միության կազմում»,-ասաց Էդիկ Մինասյանը։  

Նույն այդ պայմանագրով նաև Նախիջևանը տրվեց Թուրքիային, իսկ 2021 թ-ի հուլիսին Կովբյուրոյի էլի ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին։ Մինչդեռ դանից մեկ տարի առաջ Նարիմանովը հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարել էր Հայաստանի անբաժանելի մաս։

Սրանք ապօրինի որոշումներ էին, փաստեց նա, որոնց դեմ հայ ժողովուրդը երկարատև պայքարեց։ Եվ այսօր էլ Թուրքիան նույն ծավալապաշտական քաղաքականությունն է առաջ տանում՝ ասաց Էդիկ Մինասյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․