կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 18:25
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախ՝ Արարատ լեռը, հետո՝ Անին․ հատուցման քայլերի հաջորդականությունը՝ նոր մենագրությունում

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։ Սա հատուցման այն մեթոդաբանությունն է, որ պատվիրվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագրի ընդունումից հետո։

«Թուրքական կողմը խորամանկ ձևով մեզ ներքաշել էր անպտուղ բանավեճի մեջ Հայոց ցեղասպանության հարցով՝ որի իմաստը մերժողական կեցվածք ընդունելն էր՝ ընդօրինակելով հունական սոփեստությանը՝ շարունակում եմ պնդել, որ չի եղել և մարդիկ մի օր կսկսեն հավատալ։ Մենք էլ սկսեցինք ասել՝ եղել է և մեր հիմնական նպատակը՝ հողերի պահանջատիրությունը, որի մասին մեր ժողովուրդը բացականչում էր փողոցում, մոռացանք, սկսեցինք պահանջել ճանաչում»,-աշխատության շնորհանդեսին ասաց հեղինակային խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ընդգծելով, որ ժամանակի հետ պետական մակարդակով բարձրացվեց հատուցման հարցը և պատվիրվեց այս մենագրությունը՝ իբրև դրա մեթոդաբանություն։

«Նախ սիմվոլիկ քայլեր են լինելու՝ Արարատ լեռան տարածքի փոխանցմամբ Հայաստանին, Անիի ավերակների փոխանցմամբ։ Այս քայլերը հարկավոր են, որ թուրք հասարակությունը և Թուրքիա պետությունը կամաց-կամաց հասկանան, որ պետք է այդ տարածքային հատուցումն էլ լինի»,-պարզաբանեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, հեղինակային խմբի անդամ Արմեն Մարուքյանը։

Այս քայլերին պետք է հաջորդի հայ-թուրքական սահմանին անմիջապես մոտ բնակավայրերի հարցը՝ Սուրմալուի գավառ, Կարս, Արդահան, որոնք, ինչպես գիտենք, Հայաստանի Առաջին Հանրապետության անբաժան մասն են եղել և Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերով բռնազավթվել են։

«Դրանք միջազգային իրավունքի և պայմանագրային իրավունքի կոպիտ խախտումներով ստորագրված փաստաթղթեր են։ Այս տեսակետից, մենք կարծում ենք, որ նախքան որևէ բնակավայր Հայաստանին միացնելը, պետք է այդ ամբողջ բնակավայրի՝ դիցուք գյուղի, կադաստրային փաստաթղթերը մեջտեղ բերվեն և եթե պարզվեց, որ տվյալ հողը կամ տունը պատկանել է հայի, այնտեղ ներկայումս բնակվող թուրքը, քուրդը, ով ուզում է լինի, այլևս չպետք է բնակվի, հակառակ դեպքում պետք է վարձավճար վճարի հայի օրինական տանը բնակվելու համար»,-ասաց Արմեն Մարուքյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ փաստաթղթերը Թուրքիայի Հանրապետությունը 7 փականքի տակ է պահում։

Հայերին պատկանած գույքը բացահայտելուց հետո, ըստ մենագրության հեղինակների, այնտեղ բնակվող թուրքը կամ քուրդը կգիտակցեն, որ կա՛մ պետք է վարձավճար վճարի այդ տան օրինական սեփականատերերի ժառանգներին, կա՛մ հեռանան այդ տարածքից։

«Եթե կարողանանք աստիճանաբար այդ քայլերը կատարել, այդտեղ բնակվող քրդերը կամ թուրքերը ինքնաբերաբար մի մասը կհեռանան, որովհետև այլևս շահավետ չի լինի այդտեղ ապրելը։ Մյուս խնդիրը, եթե դա միացվում է ՀՀ-ին, բնականաբար տվյալ քուրդը կամ թուրքը այդտեղ կապրի ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ Թուրքիայի քաղաքացի։ Այսինքն, խոսքը Թուրքիայի քաղաքացիներին զանգվածաբար ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին չէ»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Աշխատության ստեղծմանը մասնակցել են բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, այդ թվում՝ ոչ հումանիտար, և մենագրությունը հայ հանրության սեղանին են դրել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի՝ նոյեմբերի 22-ի, տարեդարձի նախօրյակին՝ ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։

«Եթե այդ հետևանքերը չպիտի վերանան, Հայաստանը կմնա անկլավային վիճակում և չի ունենա 1920 թ օգոստոսի 10-ի՝ Սևրի պայմանագրով նախատեսված ելքը դեպի Սև ծով»,-ասաց նա։  

Նախկինում, երբ Աշոտ Մելքոնյանն այս հարցը բարձրացնում էր, ասում էին՝ դա հեքիաթ կամ երազ է։ Պատմաբանը հակադարձում է՝ եթե անգամ հեքիաթ է, շատ քաղցր հեքիաթ է, որին հասնելուն ամբողջ սերունդներ են հավատացել։

Հոլոքոստի հատուցումը, որ սկսվել է 1952 թ սեպտեմբերի 10-ից, առայսօր շարունակվում է՝ ընդգծեցին աշխատության հեղինակները՝ այն դեպքում, որ անգամ հողային խնդիր չկա։ Հայ ժողովրդի կորստի հատուցման պարագայում նաև տարածքի վերադարձի հարց կա, այնպես որ պետք է պատրաստ լինել, որ սա պարզունակ մակարդակում, կենցաղային խոսակցությամբ լուծվող խնդիր չէ։

«Այս խնդիրը շատ է չարչրկվում և պարզունակ ձևով ներկայացվում է, թե՝ ենթադրենք թուրքերը այդ ամբողջ տարածքը՝ Արևմտյան Հայաստանը, տվեցին քրդերով հանդերձ, ի՞նչ պետք է լինի, ապոկալիպսիսի են վերածում, որ հայոց պետականությունը կկորսվի։ Նման պարզունակ դատողություններով մենք արժեզրկում ենք հենց հատուցման գաղափարը։ Մեր աշխատության մեջ նշում ենք, որ տարածքային խնդիրները՝ հայրենիքի նկատմամբ իրավունքի վերականգնումը, նման հախուռն ձևով չի կարող կատարվել, այլ աստիճանական։  Աշխատությունում գործանական առաջարկներ ենք ներկայացրել Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացման համար թե՛ մշակութային ժառանգության վերականգնման, թե՛ նյութական կորուստների հետ կապված»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Աշոտ Մելքոնյանն այս հարցը կարևորեց նաև նրանով, որ հատուցումը ինքնանպատակ չէ, այլ խփվածի, զրկվածի, զարկվածի բարդույթից ազատվելու նպատակ է հետապնդում։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում։