կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 23:50
Աշխարհ

Վլադիմիր Իլյիչ Լենինն Ուկրաինայի հեղինակն է․ Պուտին

Վլադիմիր Իլյիչ Լենինն Ուկրաինայի հեղինակն է․ Պուտին

Լենինը եւ նրա համախոհներն են ստեղծել ժամանակակից Ուկրաինան՝ Ռուսաստանից տարածքներ խլելով, ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ ժամանակակից Ուկրաինան լիովին ու ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից։

Նախագահի խոսքով, ԽՍՀՄ-ը ստեղծելիս բոլշեւիկները բավարարել են ազգայնականների ցանկացած «ուզելիք», որպեսզի ամեն գնով իշխանության ղեկին մնան։ Եթե բոլշեւիկների ստեղծած Ուկրաինան իրական ապակոմունիզացիա է ցանկանում, ապա Ռուսաստանը դա գլուխ կբերի, նշել է Պուտինը։

 

«Բոլշեւիկյան քաղաքականության արդյունքում էլ առաջացել է խորհրդային Ուկրաինան, որը մեր օրերում էլ լիարժեք հիմնավորմամբ կարելի է «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա» անվանել, նա դրա հեղինակն ու ճարտարապետն է։ Դա լիովին եւ ամբողջությամբ հաստատվում է արխիվային փաստաթղթերով, ներառյալ կոշտ լենինյան հրահանգները Դոնբասի վերաբերյալ, որը բառացիորեն խցկել են Ուկրաինայի մեջ»,- Պուտինի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ նա հավելել է, որ այժմ ամբողջ Ուկրաինայի տարածքում քանդում են Լենինի արձանները։

Ռուսաստանի Դաշնության նախագահի կարծիքով, Դոնբասում իրավիճակը կրիտիկական, սուր բնույթ է ստացել։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության համար պարզապես հարեւան երկիր չէ, այլ նրա սեփական պատմության, մշակույթի անբաժանելի մասն է, «նրանք մեր մերձավորներն ու հարազատներն են»։

Ստեղծված կոնյունկտուրան, Պուտինի խոսքով, երբեք չպետք է դրվի պետականության հիմնարար սկզբունքների հիմքում։