կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 17:41
Քաղաքական

Օրդուի հայկական եկեղեցու քահանա Մովսես Սարգսյանի պատմությունը

Օրդուի հայկական եկեղեցու քահանա Մովսես Սարգսյանի պատմությունը

Գյուվեն Բայար

Ռայմոնդ Գևորգյանի “The Armenian Genocide: A Complete History” գրքում նշված է, որ Օրդուի հայկական եկեղեցու կառուցումն սկսվել է 1852-ին, իսկ Մովսեսյան հայկական դպրոցի շենքինը՝ 1857-ին: 1915 թ հայերի բռնագաղթից (Հայոց ցեղասպանություն-Ակունքի խմբ) փրկված և վերադառնալ կարողացած 135 ընտանիքներից այսօր Օրդուում ընդամենը երեք հոգի է մնացել: Բժիշկ Տիգրան Թորամանը, նրա քույրը՝ դեղագործ Արդեմ Թորամանը և Անժել Օմյուրբեկը: Հարություն Արթունը առողջական խնդիրների պատճառով վերջին երեք տարիներին դստեր հետ ապրում է Ստամբուլում: Մինչև 1958 թ որպես Օրդուի հայկական եկեղեցու սպասավոր այստեղ ապրած Մովսես Սարգսյանի 97-ամյա որդի պրն. Մըկըրի հետ այդ օրերի մասին մեր զրույցում Օրդուի հայերի վերաբերյալ ամեն ինչ ներառող պատմությունները շատ արժեքավոր են ապագա սերունդներին ներկայացնելու առումով:

Մովսես Սարգսյանը ծնվել է 1876 թ․, Օրդուի Մեսուդիյե գավառում: Պրն. Մովսեսի հայրը քահանայություն էր անում հույների և հայերի եկեղեցիներով ու դպրոցներով լի Մեսուդիեում: Երբ վախճանվեց հայրը, հորեղբայրը Մովսեսին ուղարկեց Էրզրում (Կարին-Ակունքի խմբ հոգևորականի կրթություն ստանալու: Երկար ժամանակ Էրզրումում մնացած Մովսեսը հոգևոր կրթությունն ավարտելով 1895 թ․՝ վերադարձավ Օրդու և ամուսնացավ: Նա եկեղեցու սպասավոր էր Սվազում (Սեբաստիա-Ակունքի խմբ.) և Կայսերում (Կեսարիա– Ակունքի խմբ.): Պրն. Մովսեսը գնում է Ադափազարը՝ Արմաշի վանքում կրթությունը շարունակելու համար: Արմաշի վանքը Արևմտյան Անատոլիայում գտնվող առաջին և միակ հայկական հոգևոր դպրոցն էր: Մովսես Սարգսյանը 1912 թ․ Օրդուի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում 36 տարի ծառայել է որպես քահանա:

Չանաքքալեն և 1915 թվականը

1914 թ․ օգոստոսին զորահավաքի հայտարարումից հետո մի եղբայրը մասնակցում է Դարդանելի ճակատամարտին և զոհվում: 1915 թ․ հայկական բռնագաղթի ժամանակ Մովսեսի առաջին կինը, հինգ երեխաները, մայրը և երեք քույրերը սպանվում են: Ամբողջ ընտանիքի սպանության վայրի մասին տեղեկանալով՝ Մովսեսը իր ձեռքերով թաղում է ընտանիքի անդամներին: Տարիներ անց իմանում է, որ կնոջ քույրը Ռումինիա փախչելով՝ փրկվել է: 1920 թ․ ամուսնանում է գաղթին հորն ու մորը կորցրած Մարիամ Պարսամյանի հետ: Մովսեսի և Մարիամի առաջին զավակը՝ Մըկըրը, ծնվում է 1925 թ․ մարտի 1-ին, այսինքն նրա ծնվելու պահին Մովսեսը 49 տարեկան էր: Ավելի ուշ աշխարհ են գալիս մյուս երեխաները՝ Հարությունն ու Սիրանույշը:

Իմամ եղբայրը

Տիկին Մարիամը գաղթի ժամանակ Սվազից դուրս եկող ճանապարհին այլևս չի կարողանում գրկած տանել երեք տարեկան եղբորը և ուզում է նրան թողնել իրենց կանգառած գյուղերից մեկում: Գյուղի իմամը, ով տեսնում է երեխային, ասում է՝ «Զավակ չունեմ» և որդեգրում Մարիամի եղբորը: Տարիներ անց եղբայրը որպես իմամ այցի է գալիս Օրդու՝ քրոջ տուն: Օրդուի գյուղերում իմամություն էր անում և շատ սիրված էր. որպես իմամ նրան ուղարկում էին այն գյուղեր, ուր հողային թեմաներով բուռն կռիվներ էին, և մարդիկ միմյանց սպանում էին, և նա վերջ դրեց այնտեղի կռիվներին ու դժգոհություններին, և վախճանվեց Օրդուում 1989 թ․՝ որպես սիրված մզկիթի իմամ: Բռնագաղթից Օրդու վերադարձած 135 ընտանիքները ի հեճուկս իրենց ապրած ամբողջ ցավերի՝ ջանում են վերապրել: Ցավոք հայերի հանդեպ պետության հետապնդումն ու հալածախտը չի ավարտվում։ 1945 թ․ Վարչապետարանի հանրապետական արխիվից իմանում ենք, որ պետությունը անուն առ անուն, մինչև իսկ տոհմածառերով հետևում է այն հայերին, ովքեր կրոնափոխ են եղել կամ հարկադրված են եղել փոխել իրենց կրոնը։ Այս ցուցակում Մարիամի մուսուլման դարձած, Օրդուում իմամություն անող եղբոր անունն էլ է գրված: Մովսեսյան հայկական դպրոցի արտաքին պատին մի շրջված քարի ընթեռնելի մասում գրված է՝ «Մաղագործ Գրիգորի որդի»:

Հանրապետության շրջան

Հանրապետության շրջանի սկզբում Մովսեսյան վարժարանի հայկական դպրոցը, երբ եկեղեցուն կից եռահարկ քարե շենք էր, վերափոխվում է Իսմեթփաշա հիմնական դպրոցի։ Ավելի ուշ հայկական եկեղեցին քանդվել է այն ժամանակվա Օրդուի նահանգապետ Բեքիր Բարանի կողմից, 1937 թվականին, երկրաշարժի ռիսկին չդիմակայելու պատճառաբանությամբ։

Եկեղեցու շրջակայքում գտնվող գերեզմանատունը, անցյալում այստեղ ծառայած քահանաների գերեզմանները ևս եկեղեցու քանդվելուց հետո անհետանում են: Օրդուում գտնվող մյուս հայկական գերեզմաններն էլ են ժամանակի ընթացքում ոչնչացվում:

Պղնձագործ Մկրտիչ Արթունը նախքան եկեղեցու քանդվելը այնտեղից վերցնում է կաշեպատ Ավետարանն ու մոմակալները։ Եկեղեցու կաշեպատ Ավետարանն ու մոմակալները պրն. Մկրտիչի որդի Հարութ Արթինի մոտ են: Պարոն Մովսեսը, չնայած եկեղեցու քանդվելուն, շարունակում է իր պարտականությունները: Շատ ընտանիքներ այս կործանման գործընթացից ազդվում են, և սկսվում է գաղթը դեպի Ստամբուլ։  Քահանա Մովսեսը շարունակում է մկրտությունը, կիրակնօրյա պատարագն ու տոները տներում իրականացնել: Այս ընթացքում իր օրվա հացը Մովսեսը վաստակում է Օրդուի տների տանիքներին կղմինդր դնելով: 1937 թվականից մինչև 1958 թ․ նա ապրում է Օրդուի քանդված եկեղեցու մուտքի մոտ գտնվող իր համեստ տանը: Այսօր այդ տունը քանդված հայկական եկեղեցու վրա կառուցված Զաֆերմիլլի մզկիթի մուտքի մոտ է կանգնած: Մովսեսի՝ 1948 թ․ Ստամբուլ գնացած որդու՝ Մըկըրի՝ Սուլթանահմեդում գտնվող կտորեղենի խանութը թալանվում է 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ: Այս ընթացքում Մըկըրն իմանում է, որ կապիտան Մուստաֆա Թոփբաշը, ով իր հրամանատարն էր Էրզրումում իր զինվորական ծառայության ընթացքում՝ Ստամբուլում է, և կապվում է նրա հետ։ Հրամանատարն ասում է Մըկըրին. «Տղաս, այս երկիրը դեռ հում է։ Դեմոկրատիայի համար դեռ շատ ժամանակ կա, դուրս գնա, թե որ հարց լինի՝ գրիր ինձ»։

Գերմանայից Արգենտինա

Մըկըրը և նրա եղբայր Հարությունը 1956 թ․ հետո հեռանում են Գերմանիա: Այստեղ աշխատանք գտնել չկարողանալով՝ երկու եղբայրներն անցնում են Փարիզ: Երեք ամիս մնում են Փարիզում: Աշխատանքային թույլտվություն չստանալուց հետո անցնում են Բրազիլիա, այնտեղից էլ՝ Արգենտինա: 1957 թ․ վերջին քահանա Մովսեսն էլ կնոջ՝ Մարիամի հետ Օրդուից տեղափոխվում է Ստամբուլ: Մովսեսը երկու տարի քահանայություն է անում Բեշիքթաշի հայկական եկեղեցում և Ֆերիքյոյում:

1960 թ․ կինը, ստամբուլում բնակվող աղջիները, Սիրանույշն ու նրա ամբողջ ընտանիքը տեղափոխվում են Արգենտինա, որտեղ Մովսեսը հինգ տարի քահանայություն է անում և 1967 թվին վախճանվում է 91 տարեկան հասակում: Արգենտինայում այն ժամանակ առանձին հայկական գերեզմանատուն չլինելու պատճառով Մովսեսը թաղվում է բրիտանական գերեզմանատանը։ Իսկ Մովսեսի կինը՝ Մարիամը, վախճանվում է 1996 թվականին:

1925 թ․ մարտի 1-ին ծնված Մըկըրը 97 տարեկան է: Ցանկանում է 100 տարեկանում Օրդու գնալ ու գտնել տունը, որտեղ ծնվել է: Պայմանավորվեցինք 2025 թ․ հանդիպել Օրդուում ՝ ասելով նրան, որ ուրախ կլինեմ նրան հյուրընկալել մեր տանը։

http://www.agos.com.tr/tr/yazi/26719/ordu-ermeni-kilisesi-papazi-movses-sarkisyanin-oykusu

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net