կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 23:28
Մշակույթ

Թուրքական իշխանությունները թանգարանի են վերածում Օրդուի հույն ուղղափառ եկեղեցին

Թուրքական իշխանությունները թանգարանի են վերածում Օրդուի հույն ուղղափառ եկեղեցին

Օրդուի նահանգապետ Սեդար Յավուզը հայտարարել է, որ այդ նահանգում գտնվող հույն ուղղափառ պատմական եկեղեցին, որը ներկայում Թաշբաշը է կոչվում, պետք է վերականգնվի և քաղաքային թանգարանի վերածվի, որպեսզի տվյալ շրջանում զարգանա զբոսաշրջությունը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն` եկեղեցի այցելած նահանգապետը շրջել է այնտեղ, տեսել եկեղեցու վիճակը, ապա հարցազրույց տվել լրագրողներին` մասնավորապես հայտնելով, որ այդ նախագիծն ավարտին հասցնելու նպատակով աշխատանքներ են իրականացվում Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության և Արևելասևծովյան շրջանի զարգացման գործակալության հետ:

Յավուզը նաև հաղորդել է, որ Օրդու քաղաքում աշխատանքներ են տարվում նաև հնագիտական թանգարան ստեղծելու ուղղությամբ և նշել. «Օրդուն օրըստօրե զարգանալու և աճելու է: Այստեղ ապրող մեր եղբայրներն էլ դրանից օգտվելու են`տնտեսական և մշակութային առումներով»:

Նահանգապետ Յավուզը հայտնել է, որ էական աշխատանքներ են կատարվում նաև պատմական հուշարձաններով հարուստ Ֆաթսա և Ունիե գավառներում ու շեշտել մշակութային կոթողներին «տեր կանգնելու» անհրաժեշտությունը:

Նահանգապետը բնականաբար նկատի ունի թուրքավարի «տեր կանգնելը», երբ տեղի եկեղեցիները և ոչ թուրքական այլ մշակութային կոթողները վերանորոգվում են` միմիայն զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ և հաճախ վերածվում թանգարանի կամ մշակույթի կենտրոնի` այդպիսով կորցնելով իրենց բուն գործառույթները:

Հիշեցնենք, որ նախկինում հունաշատ և հայաշատ քաղաք եղած Օրդուում գտնվող այս եկեղեցին կառուցվել է 1853 թ.: Թաշբաշը եկեղեցին 2000 թ. ապրիլի 10-ից մինչ այժմ օգտագործվում էր նաև որպես մշակութային կենտրոն: