կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 17:50
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը փորձում էր ճնշում գործադրել դասախոսների վրա. ՀՅԴ ՀԵՄ անդամ Դավիթ Հունանյան

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, նստացույց անելիս հետևում էինք ԿԳՄՍ նախարարի և դասախոսների հանդիպմանը և այդ հանդիպումից հետո մեր դիրքերն ավելի ենք  ամրապնդում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Դավիթ Հունանյանը:

«Մեզ համար անընդունելի է, թե Արայիկ Հարությունյանն ինչպես էր զրուցում դասախոսների հետ՝ զրույցը քաղաքականացնում էր, փորձում էր ճնշումներ գործադրել դասախոսների վրա: Չի կարելի դասախոսի կերպարը ջնջել, այդ դասախոսը լսարանում դաս է սովորեցնում»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարարության շենքի առջև նստացույցը շարունակվում է, և պահանջը մնում է նույնը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Այսօր Դավիթ Սահակյանցն է մեզ այցելելու, իսկ երեկ դերասան Վիգեն Ստեփանյանն էր եկել: Մենք հանդիպում-քննարկումներ ենք անում ԿԳՄՍ ոլորտի տարբեր մարդկանց հետ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն պահանջում նախարարի հրաժարականը, մեզ խրախուսում են իրենց խոսքով, շեշտում, որ մեր կողքին են»,- ավելացրեց Դավիթ Հունանյանը:

ՀՅԴ ՀԵՄ անդամը փաստեց, որ իրենց գործողություններն ուղղված են հասարակության կարծիքն առաջ տանելուն:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: