Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին այցելել էի Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հրդեհված արոտավայրեր․ պատկերն իսկապես սահմռկեցուցիչ էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանցիները մեր բնակիչների ողջ տարվա անասնակերը մի քանի ակնթարթում ոչնչացրել էին։ Եվ այս հանցագործությունն իրականացնում են ս.թ. մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը:
Ինչպես արդեն ահազանգել էի, ադրբեջանցիները այրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը։ Տխուր է արձանագրել, որ հրդեհից տուժել են նաև այն քաղաքացիները, որոնց անասունները ադրբեջանցիները հափշտակել և առ այսօր չեն վերադարձրել։
Ադրբեջանական հանցագործությունների պատճառով սահմանամերձ մեր այս համայնքների բնակիչները փաստացի զրկված են իրենց հայրենիքում կյանքի, խաղաղ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքներից: Բացի այդ, բնակիչները զրկվել են նաև ապրուստի միջոցից: Ադրբեջանական ուժերը ստեղծում են վախի մթնոլորտ համայնքի բնակիչների և հատկապես երեխաների համար՝ հերթական անպատասխան մարտահրավերը նետելով միջազգային կառույցներին:
Ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ հերթական գրությունն առաջիկա օրերին կուղարկեմ միջազգային կառույցներին: ՀՀ խաղաղ բնակչության դեմ ուղղված այս հանցագործությունները պետք է խստորեն դատապարտվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմինների կողմից, որոնք իրենց իրավասության սահմաններում պետք է իրականացնեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ քայլերը՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանամերձ համայնքների քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության:
Ի դեպ, ադրբեջանցիների կողմից գողացված անասունների հարցը բարձրաձայնել եմ վարչապետին, բայց, ցավոք, առարկայական պատասխան չեմ ստացել այն մասին, թե երբ է տրվելու փոխհատուցում և, առհասարակ, տրվելու՞ է, թե՞ ոչ։ Կառավարությունից արձագանք չկա նաև գյուղացիներին այրված խոտհարքների համար փոխհատուցում տրամադրելու մասին: Իսկ վարկային պարտավորությունները, որոնք մեր հայրենակիցները ստանձնել են անասուններ գնելու նպատակով, ոչ մի զիջման չեն արժանացել։
Հետևողական եմ լինելու, որ քաղաքացիները ստանան արժանապատիվ փոխհատուցում»: