կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 12:06
Արցախ

Արցախի ՀՅԴ-ն նպատակահարմար չի համարել մաս կազմել Արայիկ Հարությունյանի տեխնոկրատ կառավարությանը․ Վահրամ Բալայան

Արցախի ՀՅԴ-ն նպատակահարմար չի համարել մաս կազմել Արայիկ Հարությունյանի տեխնոկրատ կառավարությանը․ Վահրամ Բալայան

Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով, նախկին պաշտոնյաներով ու ընդդիմադիրներով համալրելու՝ Արայիկ Հարությունյանի ծրագիրը կրկին ակտիվ քննարկման փուլում է։

Քաղաքական ուժերին մոտ մեկ ամիս առաջ եղել է առաջարկություն՝ մտնել կառավարություն, բայց նպատակահրամար է գտնվել, որ կառավարությունն ստեղծվի ոչ թե քաղաքական ուժերից, այլ, այսպես կոչված, «տեխնոկրատներից»՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։

Տեխնոկրատներից կազմված անցումային կառավարությունը մինչև 2023 թ-ի կեսերին նախատեսված նոր ընտրությունները պետք է երկիրը կառավարի, սահմանադրական փոփոխություններ կատարի, ապա Ազգային ժողովի, նախագահի ընտրություններ անցկացվեն, նոր իշխանություն ձևավորվի և նոր՝ քաղաքական հենքի վրա կառավարություն ձևավորվի՝ ըստ ժողովրդից ստացած մանդատների։

Արցախի ՀՅԴ կառույցում քննարկումներ եղել են անցումային կառավարության մաս կազմելու նպատակահարմարության մասին, և որոշել են մաս չկազմել այդ կառավարությանը, այլ երբ 2023-ի ընտրություններից հետո նոր իշխանություն ձևավորվի, այն ժամանակ, ըստ ժողովրդից ստացած մանդաների, իրենց որոշումը կայացնեն՝ ասաց Վահրամ Բալայանը։

Կառավարությունը նոր անդամներով համալրելու՝ կառուցվածաքային փոփոխություններն արդեն կատարվում են։

Ստեղծվել է նոր պետական կոմիտե է, որի ղեկավարը Վահրամ Ղահրամանյանն է՝ ժամանակին ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություններից մեկի ղեկավարը։ Այս նոր կոմիտեի աշխատանքը լինելու է բռնազավթված տարածքների ազգաբնակչության փոխհատուցումները կազմակերպելը։

Ձևավորվել է գյուղատնտեսության նախարարություն՝ Էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարության տարանջատմամբ։ Բայց գյուղատնտեսության նոր նախարար նշանակվել է նախկին նախարարության փոխնախարարը՝ Նորայր Մուսայելյանը, որը գնահատվել է իբրև այդ ասպարեզում որոշակի փորձառություն ունեցող մարդ։

ԿԳՄՍ նախարար է նշանակվել 10-րդ դպրոցի տնօրենը՝ Անահիտ Հակոբյանը։ Վահրամ Բալայանի ենթադրմամբ, հավանաբար, նպատակը եղել է կյանքի տարբեր ասպարեզներում աշխուժություն մտցնելը։ Նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը դարձել է Արայիկ Հարությունյանի խորհրդականը։

Կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու քննարկումները պատերազմից անմիջապես հետո են սկսվել, ասաց նա, մի երկու ամիս կոնսուլտացիաներ են եղել, որը դադարեցվել է, հետո վերսկսվել և թե՛ նախագահը, թե՛ քաղաքական ուժերը մոտավորապես նման եզրահանգման են եկել, որ ցանկալի է սահմանադրական փոփոխություններ կատարվեն և, համապատասխանաբար, իշխանություն ձևավորվի։

Տարեսկզբին Արայիկ Հարությունյանի անցկացրած՝ խորհրդարանական ուժերի եւ կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստը, և տեխնոկրատների կառավարություն ստեղծելու ծրագրի մասին հայտարարելը, Վահրամ Բալայանի խոսքով, բուրգի երևացող մասն է, մինչև այդ էլ կոնսուլտացիաներ, քննարկումներ եղել են գործադիրը կարող մարդկանցով համալրելու մասին, որոնք ի վիճակի կլինեն ոչ քաղաքական հենքի վրա անցումային կառավարություն ձևավորելու, որը կփոխարնի գործող կառավարությանը։

Աննա Բալյան