կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-02-02 12:44
Քաղաքական

Սահմանադրությունը փոխելու նպատակը կառավարման ճգնաժամից խուսափելն է. նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նույն օրը չպետք է լինեն

Սահմանադրությունը փոխելու նպատակը կառավարման ճգնաժամից խուսափելն է. նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նույն օրը չպետք է լինեն

«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծն Արցախի ԱԺ նիստում կքննարկվի վաղը՝ փետրվարի 2-ին։ Այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, ըստ Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության գլխավոր քարտուղար Վահրամ Բալայանի, բխում է այն մարտահրավերներից, որոնք կանգնած են Արցախի առջև։

«Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս կառավարման կայուն համակարգ ունենալ։ Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նույն օրն անցկացնելու կետն ինքնին մեծ վտանգ է պարունակում։ Մեզ պես երկրում, որտեղ մշտապես կա պատերազմի վտանգ, կառավարման ճգնաժամին նպաստող կետ չպետք է լինի Սահմանադրության մեջ»,-ասում է Բալայանը։

Բացի այդ, նրա փոխանցմամբ Արցախում ու Հայաստանում գործող իրավական ռեժիմները պետք է կամ նույնը, կամ գոնե շատ մոտ լինեն իրար։ ՀՅԴ կուսակցությունում դեռ այս թեմայով քննարկում չի եղել։

«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կհստակեցվի, թե Արցախում կառավարման որ ձևն է ավելի նպատակահարմար։ Ի դեպ, հանձնաժողովը մասնագիտական է, բայց կան նաև անդամներ տարբեր կուսակցություններից, քաղաքական ուժերից, խմբակցություններից»,-ասում է նա։

Քանի որ ընդամենը երկու օր առաջ է ստեղծվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, Բալայանը դժվարացավ մանրամասներ հաղորդել։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս այն կարծիքին է, որ պետք չէ խնդրին առերեսվել, նոր միայն ուղիներ փնտրել։ Ճգնաժամային իրավիճակներից խուսափելու համար, ըստ նրա, պետք է քայլեր ձեռնարկել հիմա։

«Կառավարման համակարգում էլ խնդիրներ են առաջանում։ Գործող Սահմանադրությամբ, եթե, օրինակ, Կառավարությունն ԱԺ ներկայացնի բյուջեի կատարողականը, բայց ԱԺ-ն չընդունի, որևէ հետևանք չի լինելու․ գործադիրը կարող է շարունակել նույն կերպ աշխատել»,-ասում է Գալստյանը։

«Արդարություն» կուսակցությունը, ըստ Գալստյանի, կառավարման կիսանախագահական մոդելն է նպատակահարմար համարում։

Նրա խոսքերով՝ Սահմանադրության հանրաքվեն ու համապետական ընտրություններն են, որ միջազգային հանրությանը պետք է ցույց տան, որ Արցախը, որպես պետություն, շարունակում է ապրել կայացած ինստիտուտներով ու զարգացնել դրանք։

Ադյուհանդերձ, թե առաջիկա տարիներին կառավարման ո՞ր մոդելով կառաջնորդվի Արցախը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի ու հետո կայանալիք հանրաքվեի արդյունքում պարզ կդառնա

Աղբյուր` Փաստինֆո