Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Irakan.info-ի հարցերին պատասխանում է Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի և «Հարություն Դելլալյան» եռյակի ջութակահարուհի Նարինե Դելլալյանը:
-Հայաստանի անկախանալուց հետո բազմաթիվ արվեստագետներ նախընտրեցին ապրել ու ստեղծագործել արտասահմանում: Պատճառը միայն սոցիալակա՞ն պայմաններն էին, թե՞ այլ պատճառներ էլ կային:
-Կոնկրետ մեր դեպքում պատմությունը լրիվ այլ էր: 1989 թվականին աշխատանքային պայմանագրով հրավիրվեցինք Պորտուգալիա: Այդ օրվանից մեր կյանքում սկսվեց տարբեր փորձություններով լի նոր փուլ: Մեր առջև բացվեցին եվրոպական մշակույթի ավանդույթներով երաժշտական աշխարհի նոր դռներ: Այդ տարիներին Խորհրդային Միությունը կամ հատկապես Հայաստանը փակ երկիր էր: Մեր պատկերացումները եվրոպական իրական կյանքի վերաբերյալ այստեղից-այնտեղից լսած, արտասահմանում եղած հազվադեպ մարդկանց պատմածների հիման վրա ձևավորված պատկերներ էին: Անչափ հետաքրքիր էր իրական շփումը միջազգային ճանաչում ունեցող հայտնի երաժիշտների հետ: Նմանատիպ շփումները հարստացնում են արվեստագետին որպես մտածող, կատարող ու նաև հնարավորություն տալիս բացվել աշխարհի առջև: Կոնկրետ ինձ այն տվեց ինքնահաստատման, նաև ինքնաճանաչման մեծ հնարավորություններ: Ավելի շուտ սա աշխարհը ճանաչելու երկարատև ճամփորդություն էր, որը մի օր, անշուշտ, ավարտվելու է: Իսկ իմ տունը իմ Երևանն է, որով ապրում եմ մինչ այսօր: Ավելի շատ տեղյակ եմ Հայաստանի անցուդարձից, քան թե նրանից, ինչ տեղի է ունենում այստեղ՝ իմ կողքին, ասենք քաղաքականության մեջ: Որևէ իրադարձության համար իմ սիրտը այնպես չի բաբախում, ինչպես Հայաստանում տեղի ունեցող երևույթների համար:
-Դուք հաճախ եք լինում Հայաստանում՝ այստեղ ունենալով նաև համերգներ: Վերջին տարիներին ի՞նչ միտումներ, փոփոխություններ եք նկատում Հայաստանի մշակութային կյանքում, հատկապես` երաժշտության ոլորտում:
-Մի քիչ անարդար կլինի համեմատել ահավոր դժվարություններից դուրս եկած նախորդ տարիները այսօրվա հետ: Կյանքը առաջ է գնում, բնականաբար էական փոփոխություններ էլ պետք է լինեն և անշուշտ կան: Արդեն ունենք մի քանի ավանդական դարձած, հրաշալի փառատոներ, որոնք թեպետ երիտասարդ, բայց արդեն պատմություն ունեն: Հայ ունկնդրին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ներկա լինել անվանի նվագախմբերի, մենակատարների ելույթներին հենց այստեղ: Այս ամենը հրաշալի է: Բայց, դժբախտաբար, օրինաչափություն են դառնում անընդունելի երևույթները ևս, որոնք գնալով խորանում ու իրենց տեղն են հաստատում մեր կյանքում: Օր օրի կորցնում ենք մեր արժեհամակարգը: Այն, ինչ տարիներ առաջ անընդունելի էր իր ցածրագույն մակարդակի պատճառով, այսօր հեշտությամբ հայտնվում է ամենուր, կարծես դա հենց այն է, ինչ սերնդից սերունդ փոխանցվել է որպես մեր մշակույթ: Այս վտանգավոր երևույթները կասեցնելու մտահոգությունը պետք է կրեն պետական այրերը, որոնց ձեռքին է դրանք փոխելու հնարավորությունը: Մեր փոքրիկ երկիրը ցանկության դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է վերադարձնել այն բարձրությանը, ուր եղել է: Պարզապես պետք է ցանկություն լինի աղտից մաքրել մեր գանձերը և վերադարձնել տիրոջը: Այլապես ամեն լավ ու առողջ երևույթ անհատական բնույթ է կրում, քանի որ մենք բոլոր բնագավառներում ունենք աննման անհատներ, որոնք և Հայաստանի համն ու հոտն են: Նրանք հրաշալիորեն անում են իրենց գործը, որը, սակայն, սահմանապակ շրջանակներում է մնում: Պարզապես շատ ցավալի է տեսնել, թե ինչ արժեքների վրա են մեծանում նոր սերունդները: Զավեշտալին այն է, որ այս մասին խոսվում է ու խոսվում, սակայն ոչ մի փոփոխություն:
Շարունակությունը` այստեղ: