Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան հարցի կարգավորման գործընթացը հայկական կողմի համար բաժանված է փուլերի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Եթե առաջին փուլը նա պայմանականորեն համարում է մինչև անկախություն ձեռք բերելու ժամանակահատվածը, երբ խոսում էինք միացման մասին, ապա երկրորդ փուլում Արցախի ինքնորոշման խնդիրն է դարձել կենտրոնական։
Այժմ՝ 44-օրյա պատերազմից հետո, Արման Մելիքյանի համոզմամբ, ձևավորվել է այն նույն իրավիճակը, ինչը ձևավորվել էր մինչև Հայաստանի կողմից Արցախի փոխարեն բանակցելը։
«Այսինքն, Հայաստանի ագրեսոր լինելու գործոնը մեջտեղում չկա այլևս, և այժմ Արցախի ինքնորոշման խնդիրը այնքան իրավաչափ է, որքան այն ժամանակ էր։ Այսինքն, մեր հակառակորդների կողմից ձևավորված արհեստական բանակցային միջավայրը, որը, նաև մեր իշխանությունների թողտվության շնորհիվ, հանգեցրեց 44-օրյա պատերազմին, այժմ չկա և Արցախը կարող է իր ինքնորոշումն ավելի փաստարկված պնդել, թեև այն կորուստները, որ ունեցանք ՀՀ անհեռատես քաղաքականության պատճառով, անընդունելի են»,-ասաց Արման Մելիքյանը։
Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անի Արցախը՝ իր ինքնորոշման իրավունքն ավելի փաստարկված պնդելու համար, նա որևէ առաջարկ հրապարակավ չի հնչեցնում, միայն ասում է՝ պետք է այնպիսի պահ ընտրել, երբ արտաքին միջավայրը ևս կնպաստի այդ գործողության հաջողությանը։
Արման Մելիքյանի համոզմամբ՝ այսօր ՀՀ-ն Արցախի հարցով սեփական քաղաքականությունը չունի մշակած, այնինչ Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս գտնվելը կենսական հարց է։
«Արցախը կա՛մ հայկական կմնա Ադրբեջանից դուրս, կա՛մ չի մնա ընդհանրապես»,-վստահ է ԼՂՀ նախկին արտգործնախարարը։
Նիկոլ Փաշինյանը, նրա դիտարկմամբ, իհարկե, կարող է մեղադրել իր նախորդներին շատ բաներում, բայց իր մեղքի բաժինը պակաս մեծ չէ։
«Այն քաղաքական ուղեգիծը, որը բռնեց Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով, նույնքան վնասակար էր, որքան և նախորդներինը։ Հիմա ինքը իր մեղքը ուրիշների վրա թող չբարդի, որովհետև հրապարակավ իրեն էլ է ասվել, որ այդ ուղեգիծը, որը որդեգրված է՝ ճիշտ չէ, կան այլ տարբերակներ և դեռևս ուշ չէ այդ ուղղությամբ շարժվել։ Նա հրաժարվեց որևէ բան փոխել իր պահվածում, ինչը, բնականաբար, հավելեց այն սխալների բեռը, որը ունեինք մեր քաղաքականության մեջ, և հանգեցրեց պատերազմի, որն, ըստ էության, Փաշինյանի կառավարությունը պարտվեց, որովհետև ոչ միայն քաղաքական ասպարեզում, նաև ռազմական ասպարեզում չկարողացավ գտնել հաղթելու բանալին»,-համոզված է Արման Մելիքյանը։
Փաշինյանի՝ Արցախյան կարգավորումը զրոյից սկսելու հայտարարությունը, նրա դիտարկմամբ, հակասության մեջ է պատասխանավությունը նախկինների վրա գցելու փորձի հետ։
«Թեև ասացինք, որ այդ զրոյից սկսելն էլ է սխալ, բայց նա չլսեց։ Այստեղ կա երկու մոտեցում՝ կա՛մ նա չէր գիտակցում ինչ է անում, ուղղակի համառում էր, կա՛մ լավ էլ գիտակցում էր և խնդիրը հանգեցրեց այնպիսի արդյունքի, որը համապատասխանում է իր համոզմունքներին, այսինքն, Արցախի խնդիրը հանգեցրեց պատերազմական պարտության, որը քաղաքական, իրավական մակարդակում ճանապարհ բացեց նաև Արցախի խնդրից հրաժարվելու համար»,-ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․