կարևոր
6307 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 13:45
Քաղաքական

Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական և միշտ կմնա հայկական. Մաքսիմ Վասկով

Քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի նպատակները:

Փորձագետի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում, անկասկած, ճգնաժամ է նկատվում։

«Դա վստահության ճգնաժամ է։ Հայաստանն այժմ հարաբերություններ է կառուցում այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանը շատ կոշտ հակամարտության մեջ է։ Հասկանալի է, որ դա բնական է, բայց ընդհանուր առմամբ, եթե դաշնակից երկրները ներգրավված են թշնամական պետությունների հետ հարաբերություններում, ապա դա, անշուշտ, խարխլում է վստահությունը, հարցեր է առաջացնում երկու կողմերի համար։ Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, թեև Հայաստանում դա լուրջ կասկածի տակ է դրվում: Հայաստանի շրջապատում ընդամենը երկու երկիր կա, որոնք բացարձակապես շահագրգռված չեն ոչ նրա թուլացմամբ, ոչ էլ, առավել ևս, որպես պետություն ոչնչացմամբ։ Դրանք Ռուսաստանն ու Իրանն են, միայն նրանք շահագրգռված չեն Հայաստանի պարտությամբ», — ասել է Վասկովը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ուժի դիրքերից՝ անընդհատ բարձրացնելով պահանջները, իսկ Հայաստանի դիրքորոշումը բացարձակապես խաղաղասիրական է:

«Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, մեղմ ասած, չափազանց բարդ են։ Դա բխում է պատմական համատեքստից և այն ագրեսիվ քաղաքականությունից, որը վարում է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ՝ գումարած Արցախի ցեղասպանությունը։ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական և միշտ մնալու է հայկական։ Բնիկ հայ բնակչությունն այնտեղից հեռացել է փաստացի ոչնչացման սպառնալիքի պատճառով։

Հայաստանի առջև հիմա ազգային գոյատևման խնդիր է դրված։ Ադրբեջանը քաղաքականությունը վարում է ուժի դիրքերից՝ անընդհատ բարձրացնելով պահանջները։ Իսկ Հայաստանի դիրքորոշումը բացարձակ խաղաղասեր է, հայ ժողովուրդը, հայկական պետությունը ցանկանում է խաղաղ ապրել, որպեսզի չկրկնվի Ցեղասպանության ողբերգությունը», — նշել է Վասկովը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության ձգտում տեսնում է միայն հայկական կողմից, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միայն ավելացնում են իրենց պահանջները։

«Նրանց մի բան են տալիս, իսկույն մյուսն են առաջ քաշում։ Ադրբեջանը միայն շահերի վրա հիմնված խաղաղության պայմանագիր չի ուզում, այլ ուզում է նվաստացնել, ցույց տալ, որ ավելի ուժեղ է, գերակայություն ցուցաբերել, և դա պայմանավորված է բարդույթներով։ Ադրբեջանը խախտել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք նրանք ստորագրել են, ուստի հետագայում ևս Բաքուն կարող է ամեն ինչի գնալ», — ընդգծել է Վասկովը։

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Արևմուտքի դերի մասին՝ փորձագետն ասել է, որ Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ խզել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:

«Արևմուտքն, անշուշտ, շահագրգռված է, որ Հայաստանը խզի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները։ Նրանք ուզում են հրապարակավ ցույց տալ, որ Ռուսաստանը կորցրել է հերթական դաշնակցին։ Պետք է հասկանալ, որ Եվրամիության և ԱՄՆ-ի համար գերիշխող երկիրը Թուրքիան է։ Նրանց նպատակը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խզումն է, նրանք պարզապես պահանջներ են թելադրում, ինչպես թելադրել են Ուկրաինային։

Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Հայաստանի հարաբերություններին, ապա պետք է պարզապես նստել, ամեն ինչ մանրամասն քննարկել ու պարզել։ Դուրս գալը միշտ էլ հեշտ է, բայց հարցն այն է, թե ինչ կլինի դրա դիմաց: Խոսելով ՆԱՏՕ-ի հնարավոր օգնության մասին՝ արժե հիշել Աֆղանստանին, սա լավ օրինակ է։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Թուրքիան լիիրավ, հզորագույն, ամերիկյան ՆԱՏՕ-ից հետո երկրորդ երկիրն է», — եզրափակել է Վասկովը։