կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 16:09
Քաղաքական

ԱԺ նախագահին եմ ներկայացրել ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը. Յոլյան

ԱԺ նախագահին եմ ներկայացրել ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը. Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն` տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը:

Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։

Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում։

Իմ պաշտոնավարման ընթացքում պալատը գործել է պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ, որդեգրել է քաղաքական չեզոքություն, ոչ բարձրակոչ և ոչ էլ աղմկալի հայտարարությունների քաղաքականություն:

Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի պալատում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց և ազնիվ մասնագետներ։

Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։

Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին։ 

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, կառավարությանը, Ազգային ժողովին համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր նախկին և ներկա գործընկերներին համատեղ  աշխատանքի համար»: