կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-25 19:48
Քաղաքական

Շիրակի մարզպետը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։

Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։

Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության և հետևողական աշխատանքի համար։

Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։

Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։

Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց և զարգացում։

Հարգանքով՝ Նազելի Բաղդասարյան»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Բաղդասարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 8-ին։