կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 23:34
Հասարակություն

Դատախազությունն Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործով առայժմ որոշում չի կայացրել

Դատախազությունն Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործով առայժմ որոշում չի կայացրել

ՀՀ դատախազությունը «Սիսական» ջոկատի  հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու, կամ դատարան ուղարկելու մասին առայժմ որոշում չի կայացրել։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Դատախազությունից։

Նշենք, որ Մինասյանի գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատախազություն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։ Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն տարածեց այն մասին՝ իբրեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում եւ իշխանությունն են յուրացնում։

2021 թվականի դեկտեմբեր ամսին այդ քրեական գործը կարճվեց։ Սակայն լեգենդար հրամանատարը մեղադրվում է նաեւ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ: Նրա պաշտպանները դիմել են նաև դատախազություն՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քրեական գործը նույնպես կարճել և Աշոտ Մինասյանին ազատ արձակել։

Նա մի քանի ամիս է՝ կալանավորված է դեռեւս 1 տարի առաջ հարուցված քրեական գործով։

Նշենք, որ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու համար նաեւ երաշխավորագիր էին ներկայացրել Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը եւ Հրանտ Թոխտյանը:

Հիշեցնենք, որ դատախազությունը տեւական ժամանակ պայքարում էր՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու համար։

Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը մերժել էր Վերաքննիչ դատարանը։ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատախազը պնդել էր՝ Աշոտ Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետեւաբար, նա, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանն էլ քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել այն, անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո դատախազությունը հասավ իր համար ցանկալի արդյունքին.  Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը լեգենդար հրամանատարին կալանավորելու որոշում էր կայացրել։