Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է Գոլանի բարձունքներում, որը երկիրը օկուպացրել էր Սիրիայից 1967 թվականին, բնակավայրերի ընդլայնման ծրագրի մասին: Դրա վրա կծախսվի մոտ 273 մլն եվրո։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ծրագիրը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից կիրակի՝ դեկտեմբերի 26-ին։ Բենեթն ասել է, որ Կացրին քաղաքում և հրեական ավելի փոքր համայնքներում նախատեսվում է կառուցել մոտ 7300 բնակարան։ Նա ընդգծել է, որ Գոլանը պետք է դառնա «Իսրայելի էներգիայի վերականգնվող աղբյուրների տեխնոլոգիական մայրաքաղաքը»։
«Հասարակական կյանքի մասշտաբի հետ կապված՝ շատ տարիներից հետո այսօր մեր նպատակն է կրկնապատկել Գոլանի բարձունքների բնակչության թիվը: Սիրիայում շուրջ 10 տարվա սարսափելի քաղաքացիական պատերազմից հետո աշխարհի յուրաքանչյուր բանիմաց մարդ հասկանում է, որ ավելի լավ է ունենալ հանգիստ, ծաղկուն և կանաչ իսրայելական բարձունքներ, քան այլընտրանքային»,- ասել է Բենեթը՝ հավելելով, որ Գոլանի բարձունքները «ակնհայտորեն իսրայելական են»:
Այս որոշումն ընդունվել էր գրեթե երեք տարի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ճանաչել էր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի նկատմամբ, մինչդեռ միջազգային հանրությունը դատապարտել էր այդ քայլը։ 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որում կոչ էր անում Իսրայելին՝ դադարեցնել բնակավայրերի կառուցումը օկուպացված պաղեստինյան տարածքներում։ «Կողմ» էր քվեարկել 14 երկիր։
Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Իսրայելի և Սիրիայի միջև։ 1944-1967 թվականներին այն եղել է սիրիական Կունեյտրա նահանգի կազմում։ Վեցօրյա պատերազմի ժամանակ գրավվել է Իսրայելի կողմից՝ Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետ։ 1981 թվականին Կնեսետը միակողմանիորեն հաստատել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, սակայն ՄԱԿ-ը հրաժարվել է ճանաչել դա։
Այժմ և՛ Իսրայելը, և՛ Սիրիան այս հողերն իրենցն են համարում։ Այսօր Գոլանում բնակվում են Սիրիային հավատարիմ մոտ 20,000 էթնիկ արաբներ՝ դրուզներ, որոնք իսլամի ճյուղերից մեկը դավանող կրոնական փոքրամասնություն են: Նրանցից բացի, տարածաշրջանում կա ալավիների փոքր խումբ, որոնք նույնպես դավանում են իսլամ, նաև ապրում են մոտ 25 հազար իսրայելցի վերաբնակիչներ։