կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 13:08
Քաղաքական

Այսօր Փաշինյանը փորձելու է վերացնել Երեւանի ընտրովի քաղաքապետի պաշտոնը

Այսօր Փաշինյանը փորձելու է վերացնել Երեւանի ընտրովի քաղաքապետի պաշտոնը

Նիկոլ Փաշինյանի ու նրա «փողոցային գործիչների» պնդումները, թե իշխանության են եկել նոր, ժողովրդավարական Հայաստան կառուցելու համար, ամեն ամիս, ամեն օր և ամեն ժամ հերքվում են իրենց գործնական գործունեությամբ։ Սերժի իշխանությունը, Փաշինյանի համեմատ, կարելի է անվանել «ժողովրդավարության կղզյակ», քանի որ այդ բիրտ գործողությունները, որ անում է Նիկոլի իշխանությունը ողջ Հայաստանում, լկտիության ու կոպտության սահմաններ չունեն։

Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ժամանակ Նիկոլի իշխանությունը պարտվեց գրեթե բոլոր մեծ քաղաքներում, սակայն իրավապահ մարմինների օգնությամբ Նիկոլը փորձում է տեղում վերականգնել իր ավտորիտար ռեժիմը՝ փորձելով ճնշում գործադրել «3 միլիոն վարչապետների» և «հպարտ քաղաքացիների» կամքի վրա:

Այսօր հերթը հասել է մայրաքաղաքին՝ Երևանին։ Իշխանությունները պատրաստվում են անվստահություն հայտնել Հայկ Մարությանին՝ դա հիմնավորելով նրանով, որ իբրև «Հայկ Մարությանը բավականաչափ չի իրականացրել և չի իրականացում Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում համակարգային կոռուպցիան վերացնելուն ուղղված գործողություններ»։ Եթե շարժվենք իշխանությունների այս տրամաբանությամբ, ապա կստացվի, որ այսօր, ինչպես և նախկին իշխանությունների օրոք, Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա։

Իշխող թիմը պատրաստվում է Հայկ Մարությանին փոխարինել մայրաքաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանով, ով երեկ Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր, և ուղիղ հարցին, թե քաղաքապետարանում «համակարգային կոռուպցիա» կա՞, թե՝ ոչ պատասխանել է.«Այո, խոսակցություններ և ասեկոսեներ կան կոռուպցիայի մասին»:

Այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանի թիմի հայտարարությունը հիմնված է «ասեկոսեների ու խոսակցությունների վրա», ինչը հաստատում է քաղաքապետի իրենց ներկայիս թեկնածու Հրաչյա Սարգսյանը։ Այսինքն՝ Նիկոլը փորձում է հեռացնել Հայկ Մարությանին զբաղեցրած պաշտոնից, սակայն դրա հիմնավորումը չի գտնում և ստիպված է հիմնվել «ասեկոսեների» վրա։ Նույն «ասեկոսեների» շարքից հրապարակումներ եղան նաև, որ Հայկ Մարությանը իբր հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Մի կողմ թողնենք, որ այս լուրը նույնպես «ասեկոսեների» շարքից էր և հրապարակվել էր Նիկոլ Փաշիյաննայի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, սակայն այստեղ նոր հռետորական հարց է առաջանում՝ «նոր Հայաստանում» իշխանությունների ներկայացուցիչը չի կարող հանդիպել ընդդիմության ներկայացուցչի՞ հետ։ Իսկ Սերժի օրոք, երբ Նիկոլը հանդիպում էր Վահրամ Բաղդասարյանին և Սամվել Ալեքսանյանին, ինչպես վկայում են լուսանկարները, ինչու՞ վերջիններիս նկատմամբ ռեպրեսիաներ չեն իրականացվել։ Կամ «նոր Հայաստան», իրականում նշանակում է «բռնապետական փաշինյանական Հայաստան», որտեղ Նիկոլի թիմի անդամները պետք է շարժվեն Հյուսիսային Կորեայում տարածված բարքերով։

Այս ամենից հետո մեկ փաստ ևս պետք է արձանագրել, եթե իշխող թիմն անվստահություն հայտնի Հայկ Մարությանին, ապա բարոյական կլիներ, եթե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեին, քանի որ 2018 թվականի սեպտեմբերին Երևանի բնակիչները ընտրել են ոչ թե Սարգսյանին, այլ Հայկ Մարությանին: Այսինքն՝ ստացվում է, որ այսօր Նիկոլը քանդելու է, վերացնելու է Երեւանի ընտրական համակարգը, ընտրովի քաղաքապետի պաշտոնը, քանի որ, եթե Հայկ Մարությանին հեռացնելու հարցը «մարսվի», ապա վաղը Նիկոլը կարող է նույն մոդելը կիրառել Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Այսինքն՝ տեղական մակարդակով հայտնի մարդկանց կառաջարկի ստեղծել ավագանիներ, որից հետո կհեռացնի այդ հայտնի մարդկանց, ապա Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում կնշանակի իր «ուսապարկերին»։

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշյանից սպասո՞ւմ էր նման ժողովրդավարություն։ Հարցն, անշուշտ, հռետորական է և ուղղված է առաջին հերթին հայ հասարակությանը, որն իր առաջ պետք է պատասխանի՝ պատկանո՞ւմ է «Homo sapiens» ենթատեսակին, թե՞ ոչ։

 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am