կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 13:17
Տարածաշրջան

Թուրք սահմանապահները կպաշտպանեն Հունգարիայի սահմանները

Թուրք սահմանապահները կպաշտպանեն Հունգարիայի սահմանները

Թուրքիան 50 սահմանապահ կուղարկի Հունգարիա, որտեղ նրանք կծառայեն Սերբիայի և Ռումինիայի հետ սահմանին։ Համապատասխան արձանագրությունը ստորագրել են Հունգարիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Շանդոր Պինտերը և Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն. գրում է balkanist.ru պորտալը։

Հաղորդվում է, որ երկու երկրների զինվորականները միասին կաշխատեն՝ կանխելու համար անօրինական միգրացիան, թմրանյութերի մաքսանենգությունը և անդրսահմանային հանցագործությունները։

Արձանագրության ստորագրումից հետո կայացած համատեղ ասուլիսում Սուլեյման Սոյլուն ասել է, որ համաճարակը, միգրացիան և էներգակիրների գների աճը դժվարություններ են ստեղծում համաշխարհային մասշտաբով, սակայն կան նաև տարածաշրջանային խնդիրներ, որոնք անհանգստություն են առաջացնում։

«Ցավոք, մենք բախվում ենք անդրսահմանային հանցագործությունների, ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունը»,- ասել է թուրք նախարարը:

Իր հերթին, Շանդոր Փինթերը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ռազմական համագործակցության նախաձեռնության համար։ «Մենք երախտապարտ ենք Թուրքիային առաջարկի համար և հարգանքով ընդունում ենք այն»,- ասել է Հունգարիայի փոխվարչապետը։

Նախարարները նշել են, որ ստորագրված արձանագրությունը երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մաս է, որոնք ձեռք են բերվել Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախագահությամբ։ 

Նշենք, որ 2018 թվականից Հունգարիան դիտորդ է Թուրքիայի կողմից ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպությունում (2021 թվականից Թյուրքական խորհուրդ):