կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 10:17
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. "Երրորդ աշխարհամարտում" Ռուսաստանը եւ Իրանը կպաշտպանեն Հայաստանին

ԱԶԳ. "Երրորդ աշխարհամարտում" Ռուսաստանը եւ Իրանը կպաշտպանեն Հայաստանին

Այս օրերին Ալթայում գտնվող ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բավական բոցաշունչ ու միեւնույն ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել, որտեղ մասնավորապես նշել է. «Երրորդ աշխարհամարտը սկսվել է եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը դրա հետ կապված է»:

Իր այս տեսլականը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Չնայած դեռ համաշխարհային պատերազմը Եվրոպայում չէ, սակայն սկսվել է դեռեւս 1991-ին, երբ 33 պետություն հարձակվեցին Իրաքի վրա: Հետո նրանք ռմբակոծեցին Հարավսլավիան, այնուհետեւ հարձակվեցին Աֆղանստանի վրա, ապա կրկին ռմբակոծեցին Իրաքը, այժմ` Հյուսիսային Աֆրիկան: Պատերազմը մեզ է մոտենում. Սիրիայի փախստականներն արդեն Թուրքիայում են:

Եթե ինչ-որ իրարանցում լինի Թուրքիայում, ապա Ադրբեջանին կհրահրեն պատերազմ սկսել Հայաստանի դեմ` Լեռնային Ղարաբաղի «վիճարկելի տարածքի» (չակերտները մերն են-ԱԶԳ) համար: Այդ պարագայում Իրանը կպաշտպանի Հայաստանին, Թուրքիան` Ադրբեջանին: Ու այստեղ մենք եւս կպաշտպանենք Հայաստանին, քանի որ նրա պարտությունը մեզ ձեռնտու չէ. այնտեղ տեղակայված է մեր բազան»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ` ասել է Ժիրինովսկին:

Որ Ժիրինովսկին հայտնի է իր անհավասարակշիռ պահվածքով ու հայտարարություններով, գաղտնիք չէ: Սակայն պետք չէ մոռանալ, որ նա, բացի քաղաքական գործիչ լինելուց, նաեւ պետական պաշտոնյա է, երկրի խորհրդարանի երկրորդ դեմքը: Իսկ նման մակարդակի պաշտոնյաները, մանավանդ Ռուսաստանի նման երկրներում, երբեք պատահական խոսքերով հայտարարություններ չեն անում: Եթե ընդունենք, որ «Երրորդ աշխարհամարտ»-ի սկսումը Ժիրինովսկուն բնորոշ հերթական հայտարարությունն է, իսկ աշխարհաքաղաքական իրողության նկարագրումը` հակաամերիկյան դիրքորոշման արտացոլանք, ապա այն, որ Հարավային Կովկասում հավանական ռազմական գործողությունների սկսման դեպքում Ռուսաստանն ու նաեւ Իրանը «պաշտպանելու են Հայաստանին», սա ուշագրավ մեսիջ է` առաջին մասնագիտությամբ արեւելագետ Ժիրինովսկուց: