կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 16:02
Տարածաշրջան

Քըլըչդարօղլուն հնարավոր է դառնա Թուրքիայի ընդդիմության՝ նախագահի թեկնածու

Քըլըչդարօղլուն հնարավոր է դառնա Թուրքիայի ընդդիմության՝ նախագահի թեկնածու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կմասնակցի 2023 թվականին Թուրքիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին, եթե դաշինքը, որին անդամակցում է նրա կուսակցությունը, համաձայնի իր թեկնածությանը։

«Եթե դաշինքն ընդունի (իմ թեկնածությունը), խնդիրներ չեն լինի։ Մենք դաշինք ունենք. դաշինքի առաջնորդները դեռ չեն հավաքվել այս հարցը քննարկելու համար։ Ես իրավասու չեմ հանդես գալ դաշինքի անունից։ Եթե դաշինքը հաստատի իմ թեկնածությունը, ես շատ հպարտ կլինեմ»,- նրա խոսքերը մեջբերում է  Turkish Minute-ը:

CHP-ն, «Լավ կուսակցության», Էրդողանի նախկին թիմակիցներ Ալի Բաբաջանի և Ահմեդ Դավութօղլուի հետ, ձևավորել է Ազգային դաշինքի (Millet İttifakı)։ Այն ստեղծվել է 2018 թվականի համընդհանուր և նախագահական ընտրություններին ընդառաջ։ Նրանց մրցակիցը Ժողովրդական դաշինքն է` Cumhur İttifakı-ն, որը ձևավորել  են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP), ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» (MHP) և «Մեծ միասնություն» (BBP) կուսակցությունները։

Նշվում է, որ Ժողովրդական դաշինքից նախագահի թեկնածու է լինելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ Ազգային դաշինքը դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը։

Բացի Քըլըչդարօղլուից, որպես հավանական թեկնածուներ, նշվում են Ստամբուլի և Անկարայի հանրաճանաչ քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։

Թուրքիայի նախագահն ընտրվում  է հինգ տարի ժամկետով՝ համաձայն նախագահական կառավարման համակարգի, որին Թուրքիան անցավ խորհրդարանական համակարգից 2017 թվականին հանրաքվեից հետո։ Նոր համակարգըն ուժի մեջ է մտել 2018 թվականի ընտրություններից հետո՝ նախագահին տալով լայն լիազորություններ՝ միաժամանակ թուլացնելով խորհրդարանը և տարանջատելով իշխանությունը: