կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 15:10
Քաղաքական

Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել մեր անվտանգային շահերը և հետևողականորեն գնալ դրանց լուծման ճանապարհով

Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել մեր անվտանգային շահերը և հետևողականորեն գնալ դրանց լուծման ճանապարհով

1or.am կայքի զրուցակիցը ՀՅԴ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է։

- Պարոն Սաղաթելյան, խոսակցություններ կան այն մասին, որ Հայաստանը և Արցախը պատրաստվում են ռազմաքաղաքական դաշինք կնքել։ Բոլորիս հայտնի է, որ 1-15 տարի առաջ նույն գաղափարն էր առաջարկել ՀՅԴ-ն և վերջինիս կողմից Արցախում կազմակերպվել էր համապատասխան ֆորում։ Ի՞նչ կարծիք ունեք այդ կնքվելիք դաշինքի հետ կապված։

— Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը ՀՅԴ-ի սկզբունքային առաջարկություններից է արդեն երկար տարիներ։ Նախընթաց տարիներին մենք բավականաչափ աշխատանք ենք տարել խնդիրը քաղաքական օրակարգում պահելու, այս հարցում քաղաքական, փորձագիտական, ակադեմիական շրջանակներ ներգրավելու ուղղությամբ, մանրամասնորեն ցուցել ենք ռազմաքաղաքական դաշինքի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև իրավապայմանագրային հարաբերությունների հաստատման կարևորությունը մի քանի առումներով՝ սկսած անվտանգային բաղադրիչից մինչև միջազգային հարաբերությունների ոլորտում համազգային շահի արդյունավետ սպասարկում և այլն։ Մենք ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհապաղ անհրաժեշտությունը պարբերաբար ներկայացրել ենք նաև ՀՀ և Արցախի իշխանություններին։

- Ձեր կարծիքով, ռազմաքաղաքական դաշինքի կնքումը և աշխարհազորի ստեղծման գաղափարը պատերազմի վերսկսման վտանգը չե՞ն մեծացնում։

— Ինչ վերաբերում է աշխարհազորի ձևավորման գաղափարին, ապա դա, ինչպես նաև դրա կառուցակարգային և օրենսդրաիրավական առաջարկվող լուծումներն ամբողջապես ընդունելի են մեզ համար։ Ցանկանում եմ հիշեցնել, որ 2016թ․ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Դաշնակցությունը կազմավորեց առանձին գումարտակ, որը տևական ժամանակահատված առաջնագծում իրականացնում էր մարտական հերթապահություն և ենթակա էր բացառապես զինված ուժերի հրամանատարությանը։ Հետևապես մարտունակ աշխարհազորի ստեղծման գաղափարն ամբողջապես հարազատ է մեզ և ողջունելի մեր կողմից, հատկապես երբ հաշվի ենք առնում մեր և հարևան տարածաշրջաններում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակը, որի հիմնական պատասխանատուն հարևան Թուրքիայի Հանրապետությունն է, որը միաժամանակ ռազմաքաղաքական իրավիճակը լարել է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Արևելյան Միջերկրականում, և ինչպես տեսնում ենք՝ նաևՀարավային Կովկասում։

Ինչ վերաբերում է այս ամենի հետևանքով պատերազմի վերսկսման ռիսկի բարձրացմանը, ապա ցանկանում եմ նշել, որ այդ ռիսկը միշտ կա, և պարբերաբար մեծանում կամ փոքրանում է՝ կապված ամենատարբեր պատճառներից, որոնք շոշափում են ինչպես հակամարտ պետությունների, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շերտեր։ Այնուամենայնիվ հստակ է, որ և՛ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը, և՛ աշխարհազորի ստեղծումը հայության համար անվտանգային նշանակության հարցեր են, որոնք պիտի իրականացվեն։ Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել մեր անվտանգային շահերը և հետևողականորեն գնալ դրանց լուծման ճանապարհով։

Սոնա Գիշյան