Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դրօշակ»-ի խմբագրությունը որոշեց իր էջերում տեղ տալ Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Անտոն Քոչինյանի ձեռքով գրված և Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն շրջանի բաժնի վարիչ Սեդա Գալստյանի կողմից սիրահոժար մեզ տրամադրված` Հայաստանի ատոմակայանին վերաբերող նյութին։ Նյութի նկատմամբ մեր հետաքրքրությունը պայմանավորված է դրա այժմեականությամբ, ինչի մասին իր ներածականում նշում է նաև Սեդա Գալստյանը։ Մյուս կողմից` ատոմակայանը, Հայաստանի համար ունենալով տնտեսական, ռազմավարական նշանակություն, ներկայացնում է քաղաքական արժեք՝ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ապահովող կարևոր գործոն։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան ժամանակ առ ժամանակ բարձրացնում են հայկական ատոմակայանի փակման հարցը՝ ելնելով իբրև թե սեփական անվտանգության նկատառումներից։ Հավելենք, որ, ելնելով ներկայացվող նյութում առկա որոշակի փաստարկներից, այն կարող էր գրված լինել 1988 թ. դեկտեմբերին կամ 1989 թ. առաջին կեսին։
«Դրօշակ»-ի խմբագրության կողմից
Ըստ «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության` սույն թվականի նոյեմբերին Հայաստան պետք է այցելեր ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Այցի ընթացքում քննարկվելու էին Մեծամորի աէկ-ի վերանորոգման ընթացքը (ի դեպ, այն 5 ամիս փակ է եղել վերանորոգման պատճառով և վերագործարկվել է վերջերս), 2026 թվականից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները։ Այս լուրը մեզ համար առիթ դարձավ անդրադառնալու Հայաստանի պատմության թանգարանում պահվող Հայաստանի կոմունիստական կուսակցության 1-ին քարտուղար Անտոն Երվանդի Քոչինյանի արխիվին և վերընթերցելու վերջինիս` «Ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցվել ատոմակայանը» վերտառությամբ ձեռագիրը և, նկատի ունենալով թեմայի այժմեականությունը, պատրաստելու այն տպագրության:
Հայաստանի պատմության թանգարանի նորագույն շրջանի ֆոնդում` մմ 18816 համարի տակ է պահվում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Անտոն Երվանդի Քոչինյանի (1966-1974) անձնական արխիվը, որը 2005 թ. թանգարանին է նվիրել վերջինիս հարսը՝ Բելա Քոչինյանը, Ս. Գալստյանի միջոցով: Արխիվը ներառում է տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր, գրություններ, նկատառումներ, մտորումներ, լուսանկարներ: Կարծում եմ` այն կարևոր ուղերձ է պարունակում հատկապես ազգային զարթոնքի վերաբերյալ: Հարուստ նյութը օգտակար կլինի յուրաքանչյուր ուսումնասիրողի համար` առարկայական պատկերացում կազմելու տիրող մթնոլորտի մասին: Արխիվի ուսումնասիրությունը թույլ է տալիս նորովի լուսաբանել տարբեր երևույթներ, վերանայել ընդունված որոշ տեսակետներ: Նյութերին ծանոթանալով` ինձ հետաքրքրեց մի շատ կարևոր վերլուծություն հայկական ատոմակայանի կառուցման մասին` «Ինչո՞ւ և ինչպե՞ս կառուցվեց ատոմակայանը» վերտառությամբ: Այն առիթ եղավ նաև ծանոթանալու ժամանակի մամուլի հրապարակումներին, հատկապես 1988 թ. նոյեմբերի 18-ին «Պրավդա» թերթում լույս տեսած ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Հանս Բլիքսի հոդվածին: Մինչ նյութին անցնելը ամփոփ ներկայացնենք ՀԿԿ 1-ին քարտուղարի կենսագրությունը:
Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913 թ․ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում: 1966 թ․ փետրվարին Հայաստանի կենտկոմի պլենումը Ա. Քոչինյանին ընտրում է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում, որը նա վարում է մինչև 1974 թ․: Ա. Քոչինյանի օրոք Հայաստանում թափ են առել արդյունաբերական, բնակարանային և կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը, հանրապետության քաղաքների և գյուղերի բարեկարգումը: Քոչինյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերի՝ խաղողագործության, պտղաբուծության և անասնաբուծության զարգացմանը: Այդ շրջանում մեծ ուշադրություն է դարձվել ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը, կուսակցական և խորհրդային մարմինների գործունեության բարելավմանը: Ա․ Քոչինյանն ընտրվել է ՍՄԿԿ 19-24-րդ համագումարների պատգամավոր, իսկ ՍՄԿԿ 23-24-րդ համագումարներում` Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ:
Սեդա Գալստյան
Անտոն Քոչինյան
Ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցվել ատոմակայանը
Պատերազմը նոր էր վերջացել: Մարտիկները վերադառնում էին իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը մեծ հույսով, որ կանցնեն խաղաղ աշխատանքի և կստեղծեն նորմալ կյանք իրենց և իրենց ընտանիքների համար:
Հայրենական պատերազմի տարիներին …. դժվարություններ եղան թիկունքում, նույնիսկ այն վայրերում, ուր ֆաշիստները ոտք չէին դրել:
Պատերազմի չորս տարիների ընթացքում ոչ միայն չէին կառուցվել նոր ձեռնարկություններ ու արտադրական այլ օբյեկտներ, այլև եղածներից շատերը քայքայվել կամ քայքայման աստիճանի էին հասել: Նման վիճակում էր գտնվում մեր հանրապետությունը, վերադարձած մարդիկ մնացել էին առանց աշխատանքի, գյուղը գրեթե քայքայվել էր, լրացուցիչ բանվորական ձեռքեր չկային, և հնարավոր չէր ավելին օրվա հաց ճարելու համար, ընտանիքի գոյությունը պաշտպանելու համար մասսայաբար փոխադրվում էին քաղաքներ, հատկապես մայրաքաղաք Երևան, Լենինական և Կիրովական, հույս ունենալով աշխատանք գտնել:
Հիսնական թվականներին երկրի ունեցած միջոցները հատկացվեցին պատերազմի հետևանքով ավերված քաղաքների վերականգնմանը: Մեր հանրապետության էկոնոմիկան վերականգնելու և զարգացնելու համար օգտագործում էր իր ներքին միջոցները, որոնք շատ քիչ էին: Թույլ զարգացած արդյունաբերությունը, եղածները՝ երեք խոշոր ձեռնարկություն երեք քաղաքներում, Երևանում՝ քիմիական գործարան իր կարբիդի արտադրությամբ, Կիրովականում՝ քիմիական կոմբինատը, Երևանում ալյումինի գործարանը, որոնք օգտագործում էին հանրապետության արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 80 տոկոսը: Արդյունաբերության նման կառուցվածքը հնարավորություն չէր տալիս զարգացնելու արդյունաբերության ավելի առաջադեմ և ոչ էներգատար ճյուղերը, ասենք՝ սարքաշինությունը, մեքենաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը և այլն: Մի խոսքով, Կիրովականի քիմկոմբինատը, Երևանի կաուչուկի և կարբիդի գործարանները, Ալավերդու պղնձաքիմիական գործարանները, փաստորեն, ծախսում էին հանրապետության ծախսվող էլեկտրաէներգիայի 90 տոկոսից ավելին: Հանրապետության ղեկավարության առջև իր ամբողջ հասակով կանգնեց էլեկտրաէներգիայի վերացման հարցը:
Հիսնական թվականներին սկսվեց ջերմաէլեկտրակայանների կառուցումը, կառուցվեցին Երևանի, Հրազդանի, Կիրովականի ջերմաէլեկտրակայանները: Այս խոշոր կայանները կառուցվում էին գազի հումքի վրա, նախատեսվում էր գազ ստանալ Ադրբեջանից և շահագործել այդ կայանները, բայց, ցավոք, ասեմ, որ Ադրբեջանը նույնպես չուներ բավարար չափով գազ և հրաժարվեց գազի մատակարարումից, նույնիսկ կենցաղային նպատակների համար օգտագործելու: Այս պայմաններում դրությունը որքան գնում, լրջանում էր, առանց էներգիայի հնարավոր չէր զարգացնել էկոնոմիկան: Հայաստանի կառավարությունը միութենական հանրապետության առջև հարց դրեց երկրի այլ վայրերից վառելիք, առաջին հերթին` գազ մատակարարել: Մեր ուսումնասիրության և միութենական պետպլանի տեղակալ Վ. Կալամկարովի խորհրդով, Վրաստանի և Հայաստանի ղեկավարությունը դիմեցին Սովետմիության կառավարությանը՝ Ստավրոպոլից գազ ստանալու: Սկսվեց այդ գազամուղի շինարարությունը և շուտ ավարտվեց: Մի քանի տարի մենք օգտվեցինք Ստավրոպոլի գազից, բայց գազն այնքան քիչ էր, որ հազիվ բավարարում էր Վրաստանի մինիմալ պահանջները: Սովետական Միության և Իրանի միջև հարաբերությունը լավացել էր: Իրանի շահը Մոսկվայում գտնված ժամանակ առաջարկեց գազ վաճառել Սովետական Միությանը: Օգտվելով այդ հայտարարությունից, Հայաստանի կառավարությունը հատուկ խնդրանքով, ելնելով հանրապետության ծանր վիճակից, որոշեց Իրանից գնել գազ և գազամուղն անցկացնել Նախիջևանով, Հայաստանի վրայով Վրաստան:
Մինիստրների խորհրդի նախագահ Կոսիգինը մեկնում էր Իրան: Նա կանգ առավ Երևանում, նայեց մեր մայրաքաղաքի հիշարժան վայրերը, այցելեց Հայոց Մեծ եղեռնի հուշարձանը, ծաղկեպսակ դրեց հուշարձանին, եղավ Մ. Սարյանի մոտ, Սարյանը նրան նվիրեց իր նկարներից մեկը: Նա գնում էր սկզբունքորեն պայմանավորվելու՝ գազ գնել Իրանից: Հայաստանում գտնված ժամանակ Կոսիգինը համոզվեց, որ գազամուղը պետք է անցկացնել Հայաստանի վրայով, որովհետև մեր հանրապետությունը զրկված է ամեն տեսակի վառելիքից, բացի դրանից` Ադրբեջանն ունի իր վառելիքը: Այս բոլորից հետո Պետպլանի նախագահ Բայբակովը փոխեց ուղղությունը, և գազամուղն անցկացվեց Ադրբեջանի վրայով, որի հետևանքով առյուծի բաժինը Ադրբեջանը վերցնում էր իրեն, իսկ մեր հանրապետությանն ու Վրաստանին տրվում էր այնքան, որ հազիվ բավարարում էր կոմունալ ծախսերին, այն էլ՝ ոչ լրիվ: Ջերմաէլեկտրակայանները մնացին առանց վառելիք, լավագույն դեպքում` մազութով, իսկ մազութով աշխատեցնելը նշանակում է բնության ոչնչացում, մանավանդ եթե կայանը հզոր է: Այդ պայմաններում մեզ մնում էր դիմել այլ միջոցների, էներգետիկայի այլ աղբյուրների: 1960-ական թվականներին մեծ թափով սկսվեց ատոմային կայանների կառուցումը, ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում, ընդ որում արտասահմանյան մասշտաբները շատ ավելի լայն էին, քան մեր երկրում: 1950-60-ական թվականների սկզբներին Երևանում և մյուս քաղաքներում գործազուրկների թիվը մի քանի տասնյակ հազարների էր հասնում: Այս վիճակը ստիպում էր շուտափույթ միջոցների դիմել՝ մի կողմից` արտադրական ձեռնարկությունների կառուցումը, մյուս կողմից էլ՝ էլեկտրաէներգիայի ստեղծումը, առանց որի հնարավոր չէր հաստոցաշինության, չափիչների և այլ ոչ էներգատար բնագավառների զարգացումը:
Մինչև ատոմային կայանի կառուցումը հանրապետության ջանքերի լարման միջոցով կրճատվեցին Կիրովականի և Երևանի քիմկոմբինատների էլեկտրաէներգիայի ծախսումը: Երևանում նաիրիտի ստացման կարբիդի փոխարեն օգտագործեց բնական գազը, իսկ կարբիդը սարսափելի շատ էներգիա էր ծախսում: Իսկ Կիրովականում ծանր ջրի արտադրությունը լիովին հանվեց: Այս միջոցառումները հնարավորություն տվեցին հանրապետությունում կազմակերպել և կառուցել տասնյակ հաստոցաշինական և չափիչների գործարաններ, ընդ որում նոր ձեռնարկությունների գրեթե մեծ մասը տեղադրվեցին շրջկենտրոններում, ինչպես՝ Արթիկում, Ստեփանավանում, Ղափանում, Գորիսում, Մարալիկում, Ազիզբեկովում, Ալավերդիում, Կամոյում, Սևանում, Ապարանում, նույնիսկ Շամշադինում: Այս միջոցառումները մեծ չափով կրճատեցին մարդկային հոսքը դեպի մայրաքաղաք, մյուս քաղաքները: Երևանում, Լենինականում և Կիրովականում կազմակերպվեց գիտահետազոտական, արտադրական թեքումով ձեռնարկություններ, ինչպես` մաթեմատիկական հաշվիչ մեքենաների ինստիտուտը, Կիրովականում ավտոմատիկայի գործարանը, Լենինականի միկրոշարժիչների գործարանները: Այս գործարանները սկզբնական շրջանում աշխատում էին ոչ լրիվ կարողությամբ, պատճառներից մեկն էլ էներգիայի պակասն էր: 1958 թվի վերջում հանրապետության գրեթե բոլոր գյուղերը էլեկտրաֆիկացվել էին, ցավոք, նորից էլեկտրաէներգիայի պակասից ելնելով, միայն լապտերի լույսեր էին տալիս, հնարավոր չէր մոտորներ (շարժիչներ) աշխատեցնել, մեքենայացնել գյուղի աշխատանքի պրոցեսները: Մեր կարծիքով, էլեկտրաէներգիայի աղբյուրները լրիվ սպառվել էին, մնում էր անցնել ատոմակայանի կառուցմանը:
Ատոմակայանի մասին խոսելիս մեր բոլորի մոտ էլ վախ կար, մանավանդ որ մեր գիտնականներից մի քանիսը դեմ էին արտահայտվել:
Մոսկվայում եղած ժամանակ Մինիստրների խորհրդի նախագահ Ա. Կոսիգինը ասաց, որ ուկրաինացիները հրաժարվում են փոքր կայան կառուցելուց, նրանք ցանկանում են կառուցել միլիոնանոց կիլովատ ուժի կայան, իսկ մենք ունենք պատրաստի սարքավորում՝ 400 հազար ռեակտոր, որը շատ կհամապատասխաներ ձեր հանրապետությանը, միանգամից կլուծի էլեկտրաէներգիայի պակասը: Ես խնդրեցի ժամանակ տալ գիտնականների հետ խորհրդակցելու, մինչև իմ որոշման պատասխանը: Կոսիգինն ասաց, որ այդ հարցը դեռ քննարկվում է Պետպլանում, դա երկար կտևի: Մոսկվայում առաջինը դիմեցի մեր հայրենակից, ակադեմիկոս Ալիխանովին: Նա ասաց, որ, ափսոս, իր ռեակտորը պատրաստ չէ այժմ, պատրաստ է ակադեմիկոս …. (հեղինակը չի ցանկացել նշել համապատասխան ազգանունը ‒ Ս․ Գ.) ռեակտորը: Վտանգավորության մասին խոսելիս Ալիխանովը հրավիրեց ճաշի և ասաց, որ միաժամանակ ծանոթանամ չորս հարյուր հազար ռեակտորի հեղինակի և մյուս ատոմի մասնագետների հետ: Երեկոյան ակադեմիկոս Ալիխանովը ուղարկեց իր մեքենան, գնացի իր ամառանոցը՝ քաղաքից ոչ հեռու, եթե չեմ սխալվում՝ Սերպուխովո: Մինչ իր գալը բոլորը հավաքվել էին դրսում, զրուցում էին: Ալիխանովը ծանոթացրեց հավաքվածներին ռեակտորի հեղինակ Վարոմինի հետ, /ВВР 440/ ակադեմիկոս Ա. Ալեքսանդրովը, ատոմային էներգիայի օգտագործման կոմիտեի նախագահ Սլավսկին, որը հետագայում դարձավ միջին մեքենաշինության մինիստր: Այս նախարարությունը ժամանակին զբաղվել է ատոմային զինատեսակների և ատոմային ոլորտի արդյունաբերության կառավարմամբ: Ալիխանովն ասաց, որ Պետպլանը առաջարկում է ընկեր …. (դարձյալ ազգանունը գաղտնի է պահված ‒ Ս․ Գ.) ռեակտորի բազայի վրա կառուցել Հայաստանում, սակայն հայ ղեկավարները կասկածում են, վախենալով վտանգավորությունից, մանավանդ որ Հայաստանը սեյսմիկ շրջանում է: Բոլորը միաբերան վստահեցրեցին, որ ոչ մի վտանգ չկա, իսկ ընկեր Սլավսկին ասաց. «Եթե ինձ հարցնես, ես ատոմակայանը կարող եմ դնել Կարմիր հրապարակում»: Թվարկեց մի քանի արտասահմանյան փոքր երկրներ, որտեղ դրանք կառուցվել են՝ Հունգարիան, Ֆինլանդիան և այլն: Խոշոր գիտնականները գտնում էին, որ նույնիսկ հարկ չկա ռադիացիոն զոնա ստեղծել, մեկուկես կիլոմետր հարյուր հիսուն մետրը լրիվ բավական է, օրինակ բերելով Կույբիշևի փորձնական կայանը և այլն: Խոր համոզված լինելով գիտնականների դրական կարծիքի մեջ, վտանգավորության բացակայության մասին, սկսեցի վստահորեն զբաղվել ատոմակայանի կառուցման հարցով: Այդ քննարկումը երկար տևեց, ատոմային էներգետիկայի կոմիտեն միացրեցին միջին մեքենաշինության մինիստրությանը և ղեկավար նշանակեցին մեր հայրենակից Ա. Պետրոսյանցին: Երբ արդեն որոշվեց շինարարության հարցը, պահանջվեց նորից կառուցել փոքր կայան ևս: Այդ ժամանակ մեզ օգնության հասավ ընկեր Պետրոսյանցը: Նա գտնում էր, որ խոշորագույն կայանների մոտ կառուցել այդպիսի փոքր ատոմակայան տնտեսապես օգտավետ չէ, և վերջնականապես որոշվեց կառուցել մեր հանրապետությունում: Երբ սկսվեց ատոմային կայանի նախագծային աշխատանքները, Երևան ժամանեցին նախագծողների մեծ խումբ՝ տեղը որոշելու և նախագծման աշխատանքները սկսելու համար:
Հանրապետության ղեկավարությանը առաջարկվեց ատոմակայանը տեղադրել Արազդայանում, այնտեղ, որտեղ այժմ կառուցվել է Սևակավան սովխոզը, իսկ սկզբնական շրջանում կանգ առան Արարատի շրջկենտրոնից երեք կմ հեռու` Չիման գյուղում, առաջարկելով տեղափոխել գյուղը: Գյուղացիները բառացիորեն մեծ բողոքներ ուղարկեցին, ստիպված եղանք փնտրել նոր տեղ: Մեր ղեկավարներից շատերը պնդում էին Ազիզբեկովի շրջանի խորքում կամ Կուրթանում: Մի խոսքով, ավելի քան մեկ տարի քննարկվեց ատոմային կայանի տեղի հարցը: Նախագծողներն առաջին օրերից սկսած պնդում էին Ուչթափա կոչվող տեղամասում, այսինքն` մոտավորապես այժմյան տեղում, քանի որ այստեղ անօգտագործելի հողեր էին, և, բացի դրանից, նախատեսվում էր կայանի գոլորշու հաշվին կառուցել մինչև հինգ հարյուր հեկտար ջերմոցներ, այդ տեսակետից այստեղ ազատ հողեր էին: Երբ արդեն գիտնականների կարծիքով ոչ մի վտանգ չկար, ապա այս տարածությունը մեր առաջարկած տեղերի համեմատությամբ ավելի նպատակահարմար էր. անօգտագործելի հողեր և, ինչպես ասացի, ջերմոցների համար միանգամայն նպաստավոր: Այդ ժամանակներից անցել է 20-25 տարի, երբ տեղի է ունեցել Չեռնոբիլի ահավոր վթարը, երբ ամբողջ աշխարհը ցնցեց ատոմակայանի վտանգավորությունը, դրանից հետո էլ՝ 1988 թ. նոյեմբերի 18-ին, «Պրավդա» թերթը տպագրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Հանս Բլիքսի հոդվածը՝ ատոմային էներգետիկայի մասին: Հոդվածը վերնագրված է «Մե՞ծ է արդյոք ռիսկի աստիճանը»: Ատոմային էներգետիկայի խնդիրներն այսօր հուզում են միլիոնավոր մարդկանց: Ամենատարբեր և երբեմն հակադիր կարծիքներ են արտահայտվում. ոմանք դրա հետագա զարգացման կողմնակիցներ են, մյուսներն էլ՝ բոլոր առկա ԱԷԿ-ների լիկվիդացման, նորերի կառուցման դադարեցման կողմնակից: Այս թեմաների շուրջ Ատոմային էներգետիկայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր քարտուղար Հանս Բլիքսը պատասխանում է Ավստրիայում թղթակից Վ. Դուբրովինի հարցերին:
Այսքանից հետո խոսել ատոմային կայանի օգտավետության մասին, իմ կարծիքով, ավելորդ է և անհիմն: Բելգիայի և մեր հանրապետության տարածքները հավասար են: Նրանց մոտ բնակվում են և բարձր ապրելակերպ ունեն ավելի քան 16 միլիոն մարդ: Գաղտնիքը նրանում է, որ ամենազարգացած արդյունաբերության փոքր մասն է զբաղվում գյուղատնտեսությամբ, բայց ունի վերին աստիճանի բարձր մակարդակ: Պետք է նշեմ, որ ունի նաև ատոմ և Եվրոպայի մեծ մասին մատակարարում է ծաղիկ և ջերմոցային այլ արտադրանք, դրանք բոլորը հիմնված են էլեկտրաէներգիայի բազայի վրա, բայց բելգիացիները չեն վախենում ատոմային կայանից: Մարդու սիրտը պայթում է, երբ տեսնում է մի հինավուրց քաղաքակիրթ ազգ, որի հասակակիցները վաղուց պատմական հուշ են դարձել, ետ է մնում տնտեսապես մյուս ժողովուրդներից և չունի էներգիայի աղբյուրներ, որի հետևանքով հայկական գյուղերի մեծ մասը աթարի ամրոցներից չի հրաժարվել էներգիա չունենալու պատճառով: Ի՞նչ ասեմ, որքան խորհում ես, գալիս ես մի եզրակացության՝ ատոմակայանի կառուցումը սխալ չէ, և նա այս տարիներին իր դրական դերը կատարեց, բայց երբ տեսնում ես իրադրությունը, երբ հարյուրավոր տարիներ է անցել այն ժամանակից, երբ այսպիսի ուժով երկրաշարժ եղավ մեր հայրենի հողում, ակամայից մտածում ես՝ «աստված ոչ անի, եթե այդ ուժը, ինչպիսին Լենինականում, Կիրովականում եղավ, դրա դիմաց ոչ մի կառույց չէր դիմանա»: Մանավանդ որ ամենաամուր կառույցները հաշվարկված են ինը բալի տակ, իսկ այս ահավոր երկրաշարժը եղավ 11 բալ: Ինչ զարհուրելի ուժ ու աղետ էր:
Երկու խոսք
Աղետի վայրում լինելուց հետո օրեր ու շաբաթներ անիծում ու արտասվում ես մեր ժողովրդի բախտին, երբ սթափվում ես ու խորամուխ լինում մեր անելիքների մեջ, ակամայից գալիս ես այն եզրակացության, որ պետք է լայն մասշտաբներով օգտագործել արտասահմանյան շինարարական տեխնիկան: Հայտնի է, որ մեր երկիրը, բոլոր հանրապետությունները և խոշոր քաղաքները ցանկություն են հայտնել պրակտիկ մասնակցություն ցույց տալ մեր քաղաքների, գյուղերի վերականգնմանը: Մասսայական ինֆորմացիայի աղբյուրներից հայտնի է, որ ցանկություն են հայտնել քաղաքների վերականգնման գործին մասնակցել արտասահմանյան մի շարք երկրներ: Իմ կարծիքով` պետք է խրախուսել այդ համամարդկային քայլին և խնդրել, որ նրանք առաջ` կօգնեն կարճ ժամանակում կառուցել երկրաշարժից տուժած քաղաքներն ու գյուղերը, երկրորդ՝ կնպաստի շինարարական տեխնիկայի մակարդակի բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության շինարարական տեխնիկան մնացել է 40-ական թվականների մակարդակին, երևի մեր շինարարները օրինակ կվերցնեն մեր արտասահմանյան և Միության առաջավոր շինարարներից: Վերջապես մեր ժողովուրդը կհանգրվանի իր բնակավայրում, կմտնի նորմալ ստեղծագործական հունի մեջ:
Մեր ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում շատ զրկանքներ է տեսել ու կրել: Արիաբար կռվել է օտարերկրյա թշնամիների դեմ, բազմիցս քանդվել են մեր գյուղերն ու շեն քաղաքները, բայց նա միշտ էլ ուժ է գտել վերականգնելու, նույնիսկ թուրքական ցեղասպանության տարիներից հետո մեր աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդը զինվորագրվեց սովետական կարգերին և պատմական կարճ ժամանակում զարգացման նոր բարձր աստիճանի հասավ էկոնոմիկայի, մշակույթի և այլ բնագավառներում: Ես համոզված եմ, որ կգտնվեն էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ, կօգնեն եղբայրական հանրապետությունները, երևի կմիացվի մայր Ռուսաստանի էներգոսիստեմի հետ, և հանրապետության էկոնոմիկայի զարգացումը ոչ միայն չի դանդաղի, այլ ավելի արագ կաճի: Ժողովուրդների բարեկամության ընտանիքում նրանց օգնության, համաշխարհային առաջադեմ մարդկության օգնությամբ կկառուցվեն մեր ավիրված գյուղերն ու քաղաքները, ավելի գեղեցիկ կդառնան Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը և մեր հարյուրավոր գյուղերը: Խոնարհվում եմ զոհերի առջև, միաժամանակ կոչ եմ անում հայ ժողովրդին չվհատվել, ուժ ու եռանդ գտնել ավելի գեղեցիկը ստեղծել որպես հուշարձան մեր անթիվ զոհերի: Միայն ու միայն այս վախից ելնելով, երբ բնությունը մեզ չի խղճում, անհրաժեշտ է ատոմային կայանը կանգնեցնել մինչև տեխնիկապես կորոշվի նրա լրիվ անվտանգությունը, նույնիսկ այսպիսի երկրաշարժի դեպքում: Այսպես, երևի, այժմ պետք է կանգնեցնել ատոմային կայանը, բայց չպետք է մոռանալ, որ մեր հանրապետության ապագան մեր ատոմային կայանն է: Մենք պետք է գիտենանք, որ մեր հիասքանչ լեռներում կուտակված է բավարար չափով ուրան, որը կարող է լինել էներգիայի արտադրության անսպառ աղբյուր: Ես համոզված եմ, որ տեխնիկայի զարգացման այս դարում ատոմային էներգիայի օգտագործումը կդառնա ամենաապահովը, վստահելի աղբյուրը:
Պատկերացրեք մի փոքր հանրապետություն, ինչպիսին մերն է, չունենալով վառելիքի գրեթե ոչ մի աղբյուր, ատոմային կայանի առկայության դեպքում կունենա էներգիայի արտադրության անսպառ աղբյուր: Հավատացեք, որ աշխարհի շատ երկրներ մեզ պետք է նախանձեն, երբ վառելիքի մյուս պաշարները վերջանալու վրա է լինելու, ատոմային կայանի ռեակտորները անվտանգ կլինեն, մեր հանրապետությունում կկառուցվի նոր էլեկտրակայան՝ մեր սքանչելի լեռների տակ պարունակվող ուրանի պաշարների բազայի վրա: Հայտնի է, որ մեր ունեցածը կարող է բավարարել երկար տարիներ: Ատոմային էներգիայի արտադրությունը մեր ապագան է: Ճի՞շտ է հաշտվել այն մտքի հետ, որ կարող է վթար լինել ատոմային կայանում, և անասելի դժբախտության առջև կանգնեցնել մի բուռ ժողովրդին: Այս հոգեբանությանը հնարավոր չէ համաձայնվել, քանի որ այսպիսի օբյեկտները շատ-շատ են: Նույն ձևի կարելի է մտածել մեր լեռներում կառուցված և կառուցվող ջրամբարների մասին, իսկ եթե քանդվի, չէ՞ որ դա նույնպես հնարավոր է, այս դեպքում զոհերն ու ավիրածությունները ավելի շատ կլինեն: Բայց չէ՞ որ առանց այդ ջրամբարների հնարավոր չի լինի փոխել բնությունը, մարդկանց համար բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծել: Ուրեմն պետք է կառուցել թե՛ ատոմակայաններ և թե՛ ջրամբարներ ու այլ բարդ կառույցներ, բայց դրանք պետք է կառուցել որակով, տեխնիկայի նորագույն նվաճումների բազայի վրա և պահանջվող խնամքով շահագործում ապահովել, ինչպես անում են զարգացած շատ երկրներում: Ցավով պետք է ասեմ, որ մեր կառույցների շահագործումն ու սպասարկումը չափազանց վատ է, շատ է անպատասխանատվությունն ու անկարգապահությունը:
Աչքը տեսածից է վախենում, բայց ժողովրդական առածն ասում է՝ «գայլից վախեցողը ոչխար չի պահի»: Մեզ հարկավոր երկիրը շենացնելը առանց էլեկտրաէներգիայի հնարավոր չէ: Նույնիսկ այս պայմաններում առանց էլեկտրաէներգիայի հնարավոր չէ թռչնաբուծության զարգացումը, ուր մնաց ավելի բարդ պրոցեսներ:
Հրատարակության պատրաստեց Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն շրջանի բաժնի վարիչ Սեդա Գալստյանը: