կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 17:20
Քաղաքական

Փաշինյանը մասնակցելու է հակառուսաստանյան գագաթնաժողովի․ Ստեփան Դանիելյանը՝ հետևանքների մասին

Փաշինյանը մասնակցելու է հակառուսաստանյան գագաթնաժողովի․ Ստեփան Դանիելյանը՝ հետևանքների մասին

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 9-10-ը նախատեսված «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրել է 110 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, մինչդեռ հրավիրվածների թվում բացակայում են Ռուսաստանը եւ Չինաստանը։ Գագաթնաժողովը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նախկին ԽՍՀՄ պետություններից մասնակցելու են միայն Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան: Մերձավոր Արեւելքի երկրների թվում նշված են Իսրայելն ու Իրաքը, սակայն հրավիրված չեն ԱՄՆ ավանդական դաշնակիցներ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարն ու ԱՄԷ-ն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս գագաթնաժողովն անվանեց ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ և ընդգծեց, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ իրադարձությանը։

Բնականաբար, սա աշխարհաքաղաքական բաժանարար գիծ է և դա ոչ ոք չի թաքցնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Դա ունի աշխարհաքաղաքական նշանակություն և ԱՄՆ-ը, քանի որ գաղափարախոսության վրա հիմնված երկիր է, փորձում է դրանով նշել, թե ովքեր են իր դաշնակիցները և ում դեմ է այդ պայքարը գնում։ Եվ նաև հայտարարված է, որ այդ հանուն ժողովրդավարության պայքարը գնում է ամբողջատիրական ռեժիմների դեմ։ Եվ բազմաթիվ անգամներ բացահայտորեն հայտարարվել է, որ հիմնական այդ ռեժիմները Չինաստանն ու Ռուսաստանն են, նաև այլ երկրներ նույնպես կան։ Բնականաբար, սա բաժանարար գիծ է, և նաև ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ հիմնական մրցակիցները Ռուսաստանը և Չինաստանն են»,-ասաց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը հիշեցրեց, որ դեռ 20 տարի առաջ ԱՄՆ Ազգային անվտանգության դոկտրինում  ամրագրվել է, որ չպետք է թույլ տալ, որ ինչպես ժամանակին Սովետական Միությունն էր՝ երկրորդ նման երկիր հայտնվի, որը կարող է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի հեգեմոնիային՝ առաջնայնությանը։

Այս համաժողովի շուրջ զարգացումներն, ըստ նրա, այդ տրամաբանության մեջ է։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվել վիճահարույց այս միջոցառմանը մասնակցելու համաձայնություն տալով, և ինչպե՞ս դա կազդի  հայ-ռուսական հարաբերությունների վրա․ Ստեփան Դանիելյանը կարծում է՝ շատ բարդ հարց է և միանշանակ պատասխանելը դժվար է։

«Որովհետև Հայաստանը առաջատար խաղացող չէ․ մինչև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը Հայաստանը փորձում էր որոշակի հավասարակշռված քաղաքականություն վարել, որովհետև նախ՝ ԱՄՆ-ը, ինչպես նաև Ռուսաստանը, ԵԱՀԿ ՄԽ անդամներ են և Արցախի կարգավորման հարցում նրանց դերը մեծ է, նաև տնտեսական առումով ԱՄՆ-ը ներդրումներ ունի Հայաստանում, և նաև այս ծանր իրավիճակում, երևի թե, Փաշինյանը փորձում է ինչ-որ հավասարակշռություն պահել՝ և՛ Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն ձևավորել, և՛ ԱՄՆ-ի հետ այդ համագործակցությունն ունենալ»,-ասաց քաղաքագետը։

Այս առումով՝ գնալ-չգնալու որոշումը բավականին դժվար հարց է, քանի որ այդ հրավերը չընդունելով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելը նույնպես Հայաստանի համար լավ չէ։

«Սա այն դեպքն է, երբ փղերը կռվում են, իսկ մկնիկները փորձում են ինչ-որ ձևի չմասնակցել։ Եվ, շատ ժամանակ, այս դժվար իրավիճակներում են հայտնվում, ինչպես հիմա»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

Նա չի կարծում, որ հրավիրվել են այն երկրները, որտեղ «թավշյա հեղափոխությունները» հաջողել են, քանի որ, ըստ քաղաքագետի, այդ արտահայտությունը հայեցողական է, բացի այդ մասնակցելու են բազմաթիվ երկրներ, որտեղ հեղափոխոթյուն տեղի չի ունեցել։ Սա աշխարհաքաղաքական առաջնություն ապահովելու՝ հեգեմոնիայի համար պայքար է՝ վստահ է Ստեփան Դանիելյանը։

Նա չի կարծում, որ Ռուսաստանը այդքան խիստ կվիրավորվի Հայաստանի մասնակցությունից՝ հասկանալով այս ամբողջ իրավիճակի կոնտեքստը։

Այսուհանդերձ, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ-ի հրավերով մասնակցելու է նշված գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպելու է Ալիևի հետ, անմիջապես արագացված կարգով լուր տարածվեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ էլ նոյեմբերի 26-ին Սոչիում են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

«Բնականաբար, Հայաստանի վրա ազդեցության հարցում մրցակցություն կա, բայց ես չեմ կարծում, որ Սոչիի և Բրյուսելի հանդիպումները միևնույն օրակարգն ունեն․ ես կարծում եմ Սոչիում տեղի ունեցող հանդիպումը կապված է Արցախի և հայ-ադրբեջանական սահմանազատման խնդիրների հետ, որովհետև Ռուսասատանը մեծ ազդեցություն ունի և, բնականաբար, իր տեսակետը շատ հարցերում վճռորոշ է և այդ տեսակետը պետք է քննարկվի։ Իսկ Բրյուսելում, կարծում եմ, այլ օրակարգ կա՝ հիմնականում գերիներ հետ կապված, հումանիտար հարցեր։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԽ անդամ է, ՄԽ անդամների մեջ նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են, չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի հրավերների միջև՝ հաշվի առնելով մեր իրավիճակը․ կարծում եմ, երկուսին էլ ճիշտը գնալն է»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

Սահմանազատման, սահմանագծման գործընթացը վաղուց էր տեղի ունենում, համոզված է քաղաքագետը, և այդ հարցերը արդեն Սոչիում պետք է քննարկվեն։ Մինչդեռ Բրյուսելում այդ հարցով չի կարծում, որ վճռորոշ որոշում կայացվի, ուղղակի կարող է հայտարարություն արվել, որ իրենք կողմ են այդ հարցերի արագ լուծմանը և այլն, սակայն գործնական առումով Բրյուսելի հանդիպումը այդ հարցում նշանակալի չի լինի։

«Սոչիում Արցախի կարգավիճակի մասին հարց, չեմ կարծում, որ քննարկվի, բայց Արցախում տեղի ունեցող իրավիճակը, բնականաբար, պետք է քննարկվի, որովհետև այս ամեն ինչը Արցախի խնդրի ենթատեքստում է կատարվում, ինչ կատարվում է Հայաստանում և այդ հարցը չքննարկել չի լինի։ Բայց դա գլխավոր հարցը չի լինի, գլխավոր հարցը սահմանագծման, սահմանզատման և նաև դրան հետևող կոմունիկացիաների բացման հարցն է, թե դրանք ինչ հերթականությամբ կբացվեն, ինչ կարգավիճակ կունենան, ինչ կարգավիճակ կունենա Ռուսաստանը այդ սահմանների վերահսկողության հարցում․ սրանք են լինելու հիմնական խնդիրները, որոնք կքննարկվեն»,-ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Աննա Բալյան