կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 14:34
Առանց Կատեգորիա

Վրաստանի խորհրդարանի 9 ընդդիմադիր պատգամավորներ հացադուլ են հայտարարել

Վրաստանի խորհրդարանի 9 ընդդիմադիր պատգամավորներ հացադուլ են հայտարարել

Վրաստանի խորհրդարանի ինը ընդդիմադիր պատգամավորներ հացադուլ են հայտարարել։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրկիտաձեն։

Նրա խոսքով՝ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին չեն տեղափոխել քաղաքացիական կլինիկա։

«Քաջատեղյակ եք երկրում տիրող իրավիճակին․ Վրաստանի երրորդ նախագահն արդեն 45 օր է՝ հացադուլի մեջ է, նրան չեն տրամադրվում համապատասխան բժշկական ծառայություններ։ Հացադուլի մեջ է նաև մեր գործընկեր Ելենա Խոշտարիան։ Ուստի մենք՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներս, այս փուլում՝ խորհրդարանի ինը պատգամավոր, որոշել ենք հացադուլ սկսել՝ միակ պահանջով, որպեսզի Միխեիլ Սահակաշվիլիին տեղափոխեն բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա՝ համապատասխան բժշկական ծառայություն մատուցելու համար։ Մենք՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներս՝ Ակակի Մինաշվիլի, Թեմուր Ջանաշիա, Բաչուկի Կարդավա, Նիկա Մաչուտաձե, Գիորգի Գոդաբրելիձե, Սուլխան Սիբաշվիլի, Լևան Բեժաշվիլի, Աբդուլլա Իսմայիլով և ես՝ Դավիթ Կիրկիտաձես, այսօրվանից, այս պահից, հացադուլ ենք հայտարարում, մինչեւ Սահակաշվիլին չտեղափոխեն քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկա, որտեղ նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնա։ Այս պահին սա մեր միակ պահանջն է։ Մենք պատրաստ ենք մեր հացադուլը հասցնել մինչև վերջ։ Ես խորապես համոզված եմ, որ մեր հայտարարությունից հետո մեզ կմիանան բազմաթիվ պատգամավորներ և մեր ընկերները Վրաստանում ու արտերկրում, և հացադուլն ավելի լայն մասշտաբներ կստանա»,- ասել է Դավիթ Կիրկիտաձեն։