Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության` նոյեմբերի 11-ի նիստում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը և հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեցին նոր կրթական բարեփոխումների մասին, որոնք կմեկնարկեն Կապան խոշորացված համայնքից։
Ըստ Փաշինյանի առաջարկած ծրագրի՝ Կապան համայնքի 31 բնակավայրերից վեցում կպահպանվեն առկա դպրոցները, դրանք կվերանորոգվեն, կունենան նախակրթարաններ, կներդրվի ՄԿՈւ ուղղությունը և այլն։ Իսկ մնացած 25 գյուղերում կձևավորվի հանգուցային 7 դպրոց, որոնք կսպասարկեն հիշյալ 25 համայնքներին։
Նշված ծրագրի արժեքը շուրջ 9 միլիարդ դրամ է կազմելու։
Հանգույցային դպրոցների համակարգի ներդրմամբ Կապանը` իր 31 բնակավայրերով, կունենա 13 դպրոց, դա իր հերթին նշանակում է, որ Կապանի մեկ տասնյակից ավելի գյուղեր այլևս չեն ունենա առանձին դպրոցներ։
Հանգուցային դպրոցներ կձևավորվեն հիմականում թերբեռնված` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների փոխարեն։ Թերբեռնված դպրոցների խնդիրը ունի նաև դեմոգրաֆիական լրջագույն բաղադրիչ։ Եթե դպրոցները թերբեռնված են` դա նշանակում է, որ դեմոգրաֆիական ճգնաժամը հասել է անդառնալի էտապի։ Կարճ ասած՝ գյուղերը դատարկվել են։
Իսկ ամենավատն այն է, որ դատարկվել են սահմանապահ գյուղերը, իսկ դատարկված գյուղերում եթե դպրոցներ չլինեն, կարելի է ասել՝ այդ բնակավայրերը առաջիկայում կդադարեն գոյություն ունենալուց։
Հանգուցային դպրոցների մոդելի ներդրմամբ ՀՀ Կառավարությունը միայն կարագացնի փոքր գյուղերի՝ որպես բնակավայրի վերացման գործընթացը։ Հանգուցային դպրոցների ստեղծմամբ և մեկ տասնյակից ավելի դպրոցների փակմամբ կկրճատվեն հարյուրավոր աշխատատեղեր, ինչն իր հերթին կխթանի ներքին և արտաքին միգրացիոն տեմպերի անկառավարելի աճ։
Հանգույցային դպրոցների միակ առավելությունն այն է, որ հանգույցային դպրոցներում չեն լինի բազմակոմպլեկտ դասարաններ։
Փաշինյանի այս նոր կրթական ռեֆորմն առաջիկայում վստահաբար կտարածվի ՀՀ ամբողջ տարածքում, մանավանդ՝ գերխոշորացված բնակավայրերում։
Կա նաև մի այլ կոմպոնենտ, որի պատճառով մենք ունենք թերբեռնված և գերբեռնված դպրոցներ։ Այդ կոմպոնենտը պայմանավորած է դպրոցների շենքային պայմաններով, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, որպես կանոն, վերանորոգված կամ վերակառուցված դպրոցները գերբեռնված են, իսկ վթարային շենքային պայմաններ ունեցող դպրոցները՝ թերբեռնված։
Մեզ համար այսօր անհասկանալի է, թե, օրինակ, Կապանում առաջիկայում ձևավորվելիք 7 հանգույցային դպրոցներն ինչպիսի՞ տրամաբանությամբ են տեղաբաշխվելու, արդյո՞ք այդ բաշխվածության հիմքում դրվելու են բնակլիմայական պայմանները, դեմոգրաֆիական աճի սպասվելիք դինամիկան, սահմանից ունեցած հեռավորությունը, կոմունիկացիոն ցանցի առկայությունը և այլն։
Վանո Կարապետյան