Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում կրկին օրակարգ է բերվել և ակտիվ քննարկվում է ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու միջոցով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու և Նիկոլ Փաշինյանից ազատվելու հարցը: Այս հարցն առավել ակտիվ տարածում են իշխանության ներկայացուցիչները, նրանց օժանդակող անձինք, Ազգային ժողովում տեղ ունենալու ցանկություն ունեցող ուժերը, ինչպես նաև մարդիկ, որոնք ամբողջությամբ չեն տիրապետում խնդրին:
Փաստենք՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց լիազորություններից հրաժարվելը՝ մանդատները վայր դնելը, ինքանբերաբար չի հանգեցնում ՀՀ ԱԺ արձակմանը, քանի որ այդպիսի հիմք Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված չէ։ ԱԺ արտահերթ ընտրություններն, ըստ Սահմանադրության հնարավոր է միայն հետևյալ 2 դեպքում: Առաջինը, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ որևէ այլ հիմքով վարչապետի պաշտոնը թափուր լինի և երկու անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ որևէ այլ հիմքով վարչապետի պաշտոնը թափուր լինի, ԱԺ-ն ընտրի վարչապետ, բայց չհաստատի նոր կառավարության ծրագիրը: Սահմանադրությունը որևէ այլ դեպք չի նախատեսում:
Հետևաբար ինչո՞ւ է իշխանությունը տարածում, թե իբր ԱԺ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը կբերի արտահերթ ընտրության:
Առաջին. ներկայումս ընդդիմության մանդատներն հիմնականում օգտագործվում են իշխանության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար, թե՛ ԱԺ-ում, թե՛ միջազգային ատյաններում:
Երկրորդ. ընդդիմադիր պատգամավորներն օգտվելով մանդատից տրվող անձեռնմխելիության իրավունքից, աջակցում են անհնազանդության ակցիաներին և դրանց մասնակիցներին:
Երրորդ. խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների առկայությունը թույլ է տալիս արտահերթ ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունենալ 4 տեղ, որը գլխացավանք է և խոչընդոտում է իշխանություններին հանձնաժողովներում կեղծել ընտրական արդյունքները: Մինչդեռ մանդատներից հրաժարվելու դեպքում ընդդիմադիր խմբակցությունները դադարում են գործելուց և տեղամասային ընտրական հանձնաժողովներում այս տեղերում հանձնաժողովի անդամները նշանակվում են ընտրատարածքային հանձնաժողովների կողմից, որոնք ամբողջությամբ իշխանության ցանկությամբ ձևավորված հանձնաժողովներ են:
Չորրորդ. վարչապետի պաշտոնի թափուր լինելու դեպքում խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու, կամ համաժողովրդական հուժկու ճնշման պայմաններում իրական դառնա իմփիչմենթի գործընթացը, որից սարսափում է իշխանությունը, քանի որ այդ դեպքում հնարավոր է անկանխատեսելի իրավիճակ առաջանա, երբ ժողովրդի հուժկու ճնշման պայմաններում, Նիկոլ Փաշինյանին չհաջողվի կանխել ընդվզումն ու նոր վարչապետի ընտրությունը:
Այլ ուժերի և անձանց կողմից բերվող հիմնական փաստարկն այն է, որ կառաջանա քաղաքական ճգնաժամ և Նիկոլ Փաշինյանը ստիպված կգնա արտահերթ ընտրությունների:
Նախ, այս փաստարկը չունի իրավական հիմք, ինչպես վերը նշեցինք:
Երկրորդ, քաղաքական առումով դա կնշանակի, որ ցանկացած ժամանակ, եթե ընդդիմությունը ուզենա, կլուծարի Ազգային ժողովը, ինչը ընդունելի չէ անգամ միջազգային պրակտիկայում:
Երրորդ, գործող իշխանությունը դե ֆակտո իրեն ենթակա Սահմանադրական դատարանի միջոցով կգտնի հարցի իրենց համար նպաստավոր լուծման տարբերակ:
Օրինակ 1. ՍԴ-ն կարող է մեկնաբանել, որ գործող ԱԺ-ն թեև կազմված է միայն ՔՊ-ից, սակայն բավարար պատգամավորների թիվ կա, որպեսզի ԱԺ-ն ընդունի որոշումներ և օրենքներ, հետևաբար չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն:
Օրինակ 2. ՍԴ մեկնաբանությամբ կամ նույնիսկ առանց դրա ՔՊ-ն ընտրական օրենսգրքում փոփոխություններ կկատարի և ներկա ընդդիմության մանդատները կփոխանցվեն վերջին ընտրություններում մասնակցած և գործող իշխանությանը սատարող ուժերին (հատկապես երբ այլ արժանապատիվ ուժեր այս դեպքում նույնպես հրաժարվեն իրենց հասանելիք մի քանի մանդատներից)։
Կան այլ օրինակներ ևս:
Այնուամենայնիվ, եթե անգամ ընդդիմության կողմից մանդատների ամբողջական հրաժարման դեպքում իշխնաությունը գնա ընտրությունների, ապա դա Նիկոլ Փաշինյանի՝ իր պաշտոնում վերարտադրվելու լավագույն հնարավորությունն է, քանի որ նա հրաժարական տալուց հետո, չհանդիպելով որևէ խոչընդոտի, կշարունակի մնալ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ լիազորություններից բխող վարչական և նյութական ողջ լծակների ամբողջական գործադրմամբ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում կունենանա 100 տոկոսով իր մարդկանց, որոնք առանց խոչընդոտի կկեղծեն ցանկացած արդյունք:
Հետևաբար, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներից հրաժարվելու պահանջից առաջ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, նրա կողմից վարչապետի պաշտոնը թեկուզ ժամանակավորապես չպահպանելուն և անաչառ ընտրությունների անցկացմանը:
Այս իրավիճակը կարող է առաջանալ համաժողովրդական հուժկու ընդվզման դեպքում, որը կզրկի գործող իշխանությանը և Սահմանադրական դատարանին բացահայտ հակաիրավական որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Այնուամենայնիվ, եթե անգամ ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, զուգահեռաբար իշանությունը նույնպես պետք է հրաժարվի մանդատներից, որպեսզի Ազգային ժողովը դադարի գործելուց, ինչը այնուամենայնիվ նոր իրավիճակ է և պահանջում է ֆորս մաժորային իրավիճակին համարժեք արտահերթ ընտրություններ:
«Երկիր»