կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 19:55
Հասարակություն

Դադիվանքում 6 հայ հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ. ադրբեջանցիները վանքը հայերի առաջ փակել են

Դադիվանքում 6 հայ հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ. ադրբեջանցիները վանքը հայերի առաջ փակել են

Դեռ հայտնի չէ, թե Դադիվանքը, երբ կընդունի հայ ուխտավորներին, սակայն լավ լուրերի եմ սպասում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Նա նշում է, որ ոչ ոք Դադիվանքի խնդիրը չի լուծում, այլ միայն հարցն են բարձրացնում։

«Ռուս խաղաղապահներն, իհարկե, անում են ամեն ինչ, որ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք»,-ասաց է Տեր Վրթանեսը, և հայտնեց, որ վերջերս է հանդիպել Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ, և րանք միասին գնացել են Դադիվանք, աղոթել են։

«Նա շատ հավատացյալ մարդ է։ Ինձ շատ են դուր գալիս նման մարդիկ, որ ոչ միայն զինվորական են, այլև հավատացյալ։ Անաշկինն ինձ տեղեկացրեց, որ սպասվում է պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև ինքը։ Կբարձրացվի նաև Դադիվանքի հարցը, և դրան կփորձեն լուծում տալ»,–ասաց նա։

Տեր Վրթանեսը նաև տեղեկացրեց, որ Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 6 հայ հոգևորական, որոնց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։

«Դադիվանքում մեկուսացված հոգևորականները ինձ նոր լուսանկար էին ուղարկել։ Այնպես որ սպասում ենք լավ լուրերի»,-ասաց եպիսկոպոսը։

Նշենք, որ ապրիլի վերջից ադրբեջանական կողմը հայերի համար փակել է Դադիվանքը, մինչև այդ՝ կիրակի օրերին սահմանափակ թվով հայ ուխտավորների թույլ էին տալիս վանք գալ, աղոթել ու պատարագի մասնակցել:

Ավելի վաղ Վրթանես սրբազանը հայտնել էր, որ ադրբեջանցիները վանքը հայերի առաջ փակեցին՝ սկզբում պատճառաբանելով, թե քովիդի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան փլուզվել՝ վանք հասնել չեք կարող: Ասում է՝ հիմա էլ բոլորովին նոր բան են մտածել, ասում են՝ մենք էլ Արցախի տարածքում սրբավայր ունենք՝ պետք է մտնենք, դուրս գանք: