Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մթնշաղ է, նախորդ օրվա անձրևը սրբել է գյուղի ասֆալտապատ փողոցների փոշին, իսկ հողե ճանապարհները` պատել ցեխով: Մեքենան դժվարությամբ է հաղթահարում ադրբեջանական սահման տանող նեղլիկ ճանապարհը: Առջևում եղևնիներ են, շուրջբոլորը` հատուկենտ տներ: Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղն է` Հայաստանի հողե թերակղզին: Մինչ մութն ընկնելը պիտի հասնենք գյուղի վերջում մեկուսացած տանը:
Շտապում ենք դանդաղ, տարակուսում ու կատակում. «Տեսնես Վանոն տա՞նն է»:
Մոտենում ենք տան բակին: Ցանկապատի դռան դիմաց խորհրդային «Վիլիս» է կանգնած, ցանկապատի դուռը փակ է, իսկ պատուհաններից լույս չի նշմարվում: Մի քանի անգամ ձայն ենք տալիս, արձագանքող չկա: Տանտիրոջ իրավունքով խմբի տղաներից մեկը ցատկում է ցանկապատից այնկողմ ու բացում դուռը: Մտնում ենք բակ:
Կարեկցանքով նայում եմ Վանո Սիրադեղյանի հայրական տան մաշված պատերին: Նայում եմ ու մտաբերում գրողի « Գառ-ախպերիկ» պատմվածքի տողերը. «Տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից»:
Անկոչ հյուրերի աղմուկից տանտերը դուրս է գալիս: 80-ամյա Սերյոժա Սիրադեղյանն է`Վանոյի ավագ եղբայրը: Կնոջ հետ տասնամյակներ է, ինչ ապրում է այս տանը: Սերյոժան ժամանակին շինարար է եղել, հետո` վարորդ, Խորհրդային միության տարիներին աշխատել է կաուչուկի գործարանում: Այն ժամանակ Կոթին Շավարշավան էր կոչվում` Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Շավարշ Ամիրխանյանի անունով: Հետո` անկախացումից հետո, այդ պաշտոնին պիտի հասներ Ամիրխանյանի համագյուղացին` Վանո Սիրադեղյանը:
Եղբոր պատմելով` Վանոն Երևանում ապրելու տարիներին հաճախ էր գալիս Կոթի, հիմնականում` սար: Գալիս էր մենակ, երբեմն` ընկերների հետ: Վերջին անգամ Կոթի էր եկել առաջին նախագահի հետ: «Վերջին անգամ որ եկավ, մենակ չէր` Լևոնն էր հետը, Արարատ Զուրաբյանը… Իջևանից քյասար ճամփա էին բացել` եկել»,- պատմում է եղբայրն ու նկարագրում Վանոյին այնպիսին, ինչպիսին հիշում է. «Ճշտախոս էր, հայրենասեր, ախպերասեր, ծնողասեր…»: Սերյոժա Սիրադեղյանի խոսքով` Վանոն ամենից շատ կապված էր մոր` Նինա Մանթաշյանի հետ:
Խոսելով եղբոր գործունեության մասին` Վանոյի` հասակն առած եղբայրն ասում է. «Իմ ախպերը կարգուկանոն էր ստեղծել` ուժեղ կարգուկանոն, բայց հիմա կարգուկանոնը ոչ մեկին պետք չի»: Սերյոժա Սիրադեղյանը խոստովանում է ինքն է եղբորը հրահանգել` չվերադառնալ: «Ես իրան ասել եմ` մինչև զառամյալ ծերություն` չգաս, վերջին օրը ճանապարհ եմ դրել ու ասել` քյասիբ մարդը խելոք մարդուն պաշտպանել չի, քյասիբը կարա՞ իմ թասիբին կայնի, ով որ գողերի կողն ա լինում, նա էլ կարում ա»:
Սերյոժա Սիրադեղյանը 2008-ին երկու ամիս կալանավայրում անցկացրեց` ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով: Դատարանում իր վերջին խոսքն ասելիս շեշտել էր, որ սահմանամերձ գյուղացուց զենքը ոչ թե պետք է խլեն, այլ զենք տան: Նա հիմա էլ է նույն կարծիքին: Իսկ զենքը սահմանամերձ գյուղում պաշտպանվելու համար է:
Սիրադեղյանենց տանն էինք, երբ դրսում պայթյունի ձայներ լսեցինք. Արցախի երեկվա դեպքերից հետո հակառակորդն ակտիվացել էր, իսկ Սիրադեղյանենց տունը սահմանից ընդամենը տասնյակ մետրեր է հեռու: «Հայրենիքը սկսվում է էս հասարակ տնից»,- ասում է 80-ամյա ծերունին ու հավելում. «Մենք հասարակ մարդիկ ենք, հասարակ եղել ենք, հասարակ էլ կգնանք»: Արդեն մթնել է, իսկ զրույցը գնալով թեժանում է` վառարանի կրակի պես: Տան մի անկյունում լուռ նստած է տանտիկինը` Սեյոժա Սիրադեղյանի կինը:
Սերյոժան հնամաշ պահարանի վրայից հանում է խունացած նարդին ու հիշում եղբոր հետ գլորած` նարդու քարերն ու օրերը… Հիշում է, ու աչքերը թրջվում են: Նորից հիշում եմ Վանոյի պատմվածքը. «Խոտանոցում տղան լալիս էր։ Այդ օրը նա վերջապես մտաբերել էր եղբոր դեմքը։ Երեք օրից մոռանալու էր հավիտյանս»:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ