Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վստահ եմ, որ նկատել եք` վերջին շրջանում` ժողովրդական շարժումից հետո, մի քանի առիթներով վարչապետի հետ շարունակական հանդիպում ենք ունեցել թե' Հայաստանում և թե' դրսում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Ես անձամբ Վաշինգտոնում, երբ Արմեն Գարոյի արձանն էր բացվում, նշել եմ, որ այս կառավարության հաջողությունը բոլորիս հաջողությունն է, և ձախողությունը` բոլորիս ձախողությունը: Բացի այդ` հանդիպումներ են տեղի ունեցել Փարիզում, Լիբանանի մեր Կենտրոնական կոմիտեի հետ, Նյու Յորքում` Ամերիկայի երկու Կենտրոնական կոմիտեների հետ, և մենք նաև այլազան հանդիպումներ ենք ունեցել` նախարարների, դեսպանների ու այլ մակարդակներով, և միշտ կրկնել ենք հետևյալը` ողջունում ենք այս փոփոխությունները Հայաստանում, մանավանդ այն, որը կվերաբերի ժողովրդավարության ամրապնդմանը, կաշառակերության դեմ պայքարին և, հուսամ, նաև մոնոպոլիաների վերացմանը»,- ասաց նա:
Ըստ Տեր-Խաչատուրյանի` սակայն կան որոշ մտահոգություններ, որոնց ուղղությամբ պետք է միասին աշխատել: Նրա խոսքով` մտահոգություններից առաջինը կապված է Արցախյանի հիմնահարցի հետ: «Արցախյան հիմնահարցի վեաբերյալ ունենք մտահոգություններ: Նաև մենք ավելի զգույշ ենք, որովհետև օտար պետություններ հասած տեղեկությունները մտահոգիչ են, մտահոգիչ այն իմաստով, որ ծայրահեղ լավատեսությունն ինքնին արդեն հոռետեսության է առաջնորդում մեզ, որովհետև նշանակում է, որ ընդհանուր մեղսակցություն գոյություն ունի արտաքին ուժերի կողմից, որպեսզի լուծում պարտադրվի, իսկ թե որքանո՞վ կհաջողվի կամ ոչ, կազմված է բոլորիցս` մեր ժողովրդից, իշխանության հետ համագործակցությունից, որ Արցախը մնա ամուր և անզիջող»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Ըստ նրա` երկրորդ մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ հայտարարվեց, թե Դաշնակցությունը բազմաշերտ է, ապա տարվեց սև ու սպիտակի քաղաքականություն: «Այդ հարցն իրապես մտահոգում է մեզ: Եթե դա հատուկ միայն ընտրական պայքարի ժամանակ արտահայտված ծայրահեղություններ էին, այդ դեպքում ակնկալում ենք պարոն վարչապետից, որ իր շրջապատին էլ փոխանցի այդ ընդհանուր հասկացողությունը, որ սա վնասակար երևույթ է: Ես ձեզ տառացիորեն և աներկբայորեն հաստատում եմ, որ Դաշնակցության մեջ բաժանում գոյություն չունի, և այն արտահայտությունները, թե ներսինները վատն են, դրսինները լավն են, ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ: Ուզում եմ ասել, որ Դաշնակցությունը միշտ կողմնակից է եղել համախմբելուն և ոչ թե բաժանարար գծեր ստեղծելուն»,- ասաց Տեր-Խաչատուրյանը:
Դաշնակցության մտահոգությունը, ըստ նրա, անշուշտ, նաև ազգային գաղափարախոսությունն է: «Մեկ ժողովուրդ լինելու գաղափարն այսօր Սփյուռքում, բարեբախտաբար, Դաշնակցությունը կարողացել է պահել հակառակ ամեն դժվար պայմանների, և դա պետք չէ խախտել: Մեկ ժողովուրդ լինելու հասկացողությունը նրա համար է, որ դու ունենաս գաղափարական որոշ տարակարծություններ, օրինակ` մեկն ունի ավելի ձախ դիրքորոշում, Դաշնակցությունը ժողովրդավար է, բայց նաև ընկերվարական կուսակցություն է, կան նաև տնտեսական զարգացման և այլ ոլորտներում տարբեր մոտեցումներ, բայց սրա համար պետք է խոսակցություն և գործակցություն: Եվ մենք վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել ենք, որ պատրաստ ենք այդ գործակցությանը, մինչև այն ժամանակը, որ այս որոշ մտահոգությունները փարատվեն: Այս` բաժանարար գծերի քաղաքականությունը վարչապետի և նրա շրջապատի կողմից պետք է վերացվի, որովհետև դրա ականատեսը եղել ենք նաև Սփյուռքում»,- եզրափակեց Տեր-Խաչատուրյանը: