կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 21:00
Հասարակություն

Պետք է հստակեցվի Արցախի կարգավիճակն ու կարևորվի ազգերի ինքնորոշման իրավունքը

Պետք է հստակեցվի Արցախի կարգավիճակն ու կարևորվի ազգերի ինքնորոշման իրավունքը

Որևէ տեղաշարժ նկատելի չէ, բանակցային գործընթաց չկա՝ չնայած նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ անհրաժեշտ է հիմնախնդրի համապարփակ քաղաքական կարգավորում։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ խոսելով այն մասին, թե ինչ հանգրվանի ենք հասել արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մեկ տարի հետո։

«Չկարգավորված հիմնախնդիրը բաց վերք է, որն անընդհատ արնահոսում է, իսկ դա նշանակում է՝ նորից հակամարտություն, նորից պատերազմ։ Եվ դա խնդիր է ոչ միայն մեզ՝ Արցախի համար, այլ նաև տարածաշրջանի»,- ասաց նա։ Վահրամ Բալայանի խոսքով՝ ցանկալի կլինի, որ արցախյան հիմնախնդրի կարգավորումը նոր հունի մեջ դրվի։ «Արցախում ապրող ժողովուրդն էլ է մեղք այն առումով, որ տասնամյակներ շարունակ ապրել է անկանխատեսելի իրավիճակում՝ չիմանալով, թե վաղն ինչ կլինի»,- ասաց նա։

Վահրամ Բալայանը նկատեց, որ ադրբեջանական կողմը հիմա արցախյան հիմնախնդիրը լուծված է համարում և չի էլ ցանկանում հիմնախնդիրը բանակցային օրակարգ բերել։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն արած հայտարարություններին, որ հիմնախնդիրը դեռ լուծման կարիք ունի, պետք է հստակեցվի Արցախի կարգավիճակն ու բանակցային գործընթացում կարևորվի ազգերի ինքնորոշման իրավունքը, նա նշեց, որ դեռևս այդ ուղղությամբ արվող քայլերը տեսանելի չկան։

Վահրամ Բալայանը, միաժամանակ ենթադրություն հայտնեց, որ, գուցե, գաղտնի խոսակցություններում նման գործընթաց կա, ամեն դեպքում՝ հրապարակային ոչինչ այդ մասին հայտնի չէ։ Գործնական քայլերը, ըստ արցախցի պատգամավորի, կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից աշխատանքները սկսելը, հակամարտող կողմերի տեսակետները մոտեցնելը։ «Ի վերջո, Ռուսաստանի նախագահն էլ է ներկայացրել ժամանակին, որ սա տարածքային վեճ չէ։ Նաև, ընդհանուր առմամբ, աշխարհում մարդու իրավունքներն ամենաբարձր են դասվում, համենայն դեպս՝ Միացյալ Նահանգները, Արևմուտքն այդպես են ներկայացնում։ Այնպես որ, կարծում եմ՝ այստեղ էլ մարդու ապրելու իրավունքը պետք է իրացվի»,- ասաց նա՝ նկատելով, որ այլ հակամարտությունների դեպքում այդ իրավունքը հարգվել է, անհասկանալի է, թե ինչու դա չի կարևորվում մեր դեպքում։

Վահրամ Բալայանը համաձայն է տեսակետին, որ պատերազմից հետո պետք է փոխվի հիմնախնդրի լուծման վերաբերյալ մեր մեթոդաբանությունը։ Ասաց՝ մենք պետք է ներկայացնենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը ևս պետք է հարգվի։ «Ի վերջո, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության կազմում են եղել՝ որպես որոշակի կարգավիճակ ունեցող ինքնավար միավորներ։ Ղարաբաղն իր պատգամավորն ուներ Խորհրդային Միության Գերագույն խորհրդում, որը ներկայացնում էր Ղարաբաղի ժողովրդին։ Այս տարածքում ապրել են արցախցիներ, այնպես չէ, որ սա իրենց հողը չէ, եկել են, գրավել այս տարածքները։ Այդ մասին փաստում են մեր պապերի գերեզմանները, որոնք հազարամյակների պատմություն ունեն։ Եվ, ի վերջո, Ղարաբաղը Խորհրդային Միության օրենքների հիման վրա է իր անկախության ուղին բռնել։ Այնպես որ, այս փաստարկները ներկայացնելով՝ հիմա պետք է աշխատել միջազգային հանրության հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է հստակ լինի, որ այստեղ տարածքային խնդիր չկա, այլ ժողովրդի ազատ, անկախ, անվտանգ ապրելու իրավունքի իրացման հարց է։

Պատասխանելով դիտարկմանը, թե ի՞նչ կարգավիճակ է Արցախը ցանկանում ստանալ պատերազմից հետո, Վահրամ Բալայանը նշեց․ «Ես կարծում եմ, որ Արցախը պետք է շարունակի իր ճանապարհը, այլապես երբ խոսվում է Արցախի՝ Հայաստանին միացման մասին, ասվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում, մինչդեռ թե՛ Խորհրդային Հայաստանը, թե՛ ներկայիս Հայաստանի երրորդ Հանրապետությունը որևէ մեկի որևէ տարածքային պահանջ չի ներկայացնում։ Այս ժողովուրդն իրավունք ունի ապրելու ազատ, անկախ, որպես միջազգայնորեն տարածված ինքնուրույն սուբյեկտ»,- ասաց նա։

Պատերազմից հետո իր նշած տեսլականից, ըստ Վահրամ Բալայանի, Արցախը շատ է հեռացել․ պարտվածի կարգավիճակում այդ հարցն առաջ տանելն է բարդացել, քանի որ ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխություններն են դրա վրա ազդում, այլև նկատելի է, որ Արցախում բարոյահոգեբանական վիճակն է սասանվել, հույսերն են կոտրվել։ «Բայց վերականգնվելն անհնար չէ։ Միայն մեռած մարդուն է անհնար վերակենդանացնել։ Մենք՝ հայ ժողովուրդը, Արցախը, շատ ավելի վատ իրավիճակներում ենք եղել, բայց ուժ ենք գտել դժվարությունները հաղթահարելու։ Հատկապես երիտասարդությունը պետք է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնի և բեռը տանի»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան