կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 19:45
Հասարակություն

Հնդկաստանի արտգործնախարարը ժամանել է Երեւան

Հնդկաստանի արտգործնախարարը ժամանել է Երեւան

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

Հնդկաստանի արտգործնախարարն առաջին անգամ է Հայաստան այցելում:

1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները սկսել են աշխատել 1999 թվականից: Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Յուրի Բաբախանյանը (2021թ. մարտի 15-ից): Հայաստանում Հնդկաստանի դեսպանն է Քիշան Դան Դեվալը (2019թ. օգոստոս):

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 34 փաստաթուղթ: Եվս 7-ը գտնվում են քննարկման փուլում:

Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում:

2003թ. մայիսի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում շփումների ու փոխայցելությունների արդյունավետ փորձ։

2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն. ԱՄՆ դոլար:

Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև փոխօգնության և համատեղ աշխատանքների արդյունավետ փորձ է ձևավորվել COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Հնդկաստանը համահեղինակել է ՀՀ կողմից հեղինակած և 2015 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առաջադրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» բանաձևը: