Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանի իշխանությունը ամեն կերպ փորձում է իր օգտին ծառայեցնել այս տարվա փետրվար ամսին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի ծանր հետևանքները․ այսպես՝ մասնավորապես ծայրամասային Հաթայ նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում նաև ալևի կամ սուննի արաբները, Թուրքիայի իշխանությունը «վերակառուցման» անվան տակ մտադիր է «բնակչության ժողովրդագրական ճարտարապետություն» իրականացնել։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, ահազանգում է «Էվրենսել» պարբերականի սյունակագիր Յուսուֆ Քարադաշը։
Ըստ աղբյուրի՝ հեղինակը հիշեցնում է, որ փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժից հետո Հաթայ նահանգում տասնյակ հազարավոր մարդիկ էին հայտնվել փլատակների տակ, սակայն շրջանից հնչող օգնության ճիչերն անպատասխան էին մնում։ «Որտե՞ղ է պետությունը» հարցը օդից կախված էր մնում։ Շատերի կարծիքով՝ այստեղ մարդկանց մեծ մասը զոհվեց իշխանությունների քաղաքական և միտումնավոր անտարբերության հետևանքով։
Վերջերս թուրք լրագրողներ Հաքքը Օզդալը և Բահադըր Օզգյուրը մի զեկույց են պատրաստել և հրապարակել, որը կրում է «Գույքազրկում, ունեցվածքի փոխանցում և քաղաքի կողոպուտ» վերնագիրը։ Զեկույցում հիշեցվում է, թե ինչպես է թուրքական պետությունը արգելք դարձել Հաթայ մեկնել ցանկացող կամավորներին՝ ինքը ևս չշտապելով օգնության, իսկ ամենաէականը այն հարցն է, որ երկրաշարժերից հետո կայացված արտակարգ դրության մասին որոշումը և հրապարակված օրենքները տեղիք են տվել բնակչության գույքազրկման և բնական աղետներից տուժած քաղաքների ունեցվածքի հափշտակման։
Հոդվածի հեղինակը թուրքական իշխանությունների այդ վերաբերմունքը բացատրում է այն հանգամանքով, որ 2017 թ․ ապրիլի 16-ի հանրաքվեի ժամանակ Հաթայի Դեֆնե և Սամանդաղ գավառները այն շրջաններն էին, որոնք «ոչ» էին ասել միանձնյա իշխանական ռեժիմին։ Եվ հենց այդ պատճառներով պետությունը ամենաուշը հասավ երկրաշարժից տուժած այս բնակավայրեր։
Հոդվածագիրը նշելով, թե այս տարվա ապրիլի 5-ին Էրդողանը Անթաքիան «ռիսկային գոտի է» հռչակել և այնտեղ բնակությունը արգելել, նաև հիշեցնում է, որ նմանատիպ քաղաքականություն էր իրականացվել նաև Դիարբեքիրի Սուր գավառում, երբ 2015-16 թթ․ թուրք-քրդական բախումների հետևանքով այս բնակավայրերը, թուրքական իշխանությունների քաղաքականության պատճառով, զրկվեցին իրենց հատկապես քուրդ բնակիչներից։ Ըստ հեղինակի՝ քաղաքական-տնտեսական հաշվեհարդարը թուրքական իշխանությունը մինչ այդ տեսել է Դիարբեքիրում, իսկ հիմա նույնը կրկնում է Հաթայում։
Հոդվածի վերջում Յուսուֆ Քարադաշը անդրադառնում է թուրք գիտնական Նևզաթ Օնարանի «Հայեր, հույներ և քրդեր․ Թուրքիայի՝ բնակչության ճարտարապետությունը» գրքին՝ հիշեցնելով, որ Օսմանյան պետության պատմության վերջին տարիներին և Թուրքիայի Հանրապետության պատմության առաջին շրջանում այստեղ նման քաղաքականություն է գործադրվել նաև հիշյալ ժողովուրդների նկատմամբ։
Հեղինակը կարծում է, որ էրդողանական ռեժիմը ձգտում է արտակարգ դրությանն առնչվող շրջաբերականների միջոցով նախկին բնակչությունից զրկել Հաթայը և այն վերածել սեփական հարստությունը կուտակելու մի տարածքի։
Հիշեցնենք, որ այս քաղաքականությունը մշակվել և ցավոք հաջողությամբ իրականացվել էր դեռ երիտթուրքերի իշխանության տարիներին։ Մասնավորապես, Հայոց ցեղասպանության ընթացքում, ինչպես նաև՝ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո հայ ժողովուրդը ոչ միայն ոչնչացվել էր, այլ նաև՝ գույքազրկվել, իսկ ողջ մնացած սակավաթիվ հայությունն էլ, չնայած կրոնափոխ լինելուն, պետական քաղաքականության միջոցով ցրվել էր զանազան գավառներ և նահանգներ՝ այդպիսով չմնալով Արևմտյան Հայաստանում։ Դեհ ինչ, Թուրքիայում ժամանակներն ու հանգամանքները փոխվում են, սակայն քաղաքականությունը՝ ոչ։ Նպատակը մեկն է՝ ստեղծել, թեկուզ արհեստականորեն, կերտել միատարր թուրքական ազգ և մոնոէթնիկ պետություն․․․ Եվ այս նպատակի իրագործման ճանապարհին բոլոր թուրքական իշխանությունների համար միևնույնն են հանգամանքներն ու գործիքները։
Աղբյուր՝ https://www.evrensel.net/yazi/92810/deprem-ve-hatayda-nufus-muhendisligi
Մելինե Անումյան
Akunq.net