կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 23:44
Հասարակություն

Լեռը հեռանում է

Լեռը հեռանում է
Ցավ է՝ խռոված հող, որ սահում գնում է ոտքիդ տակից: Ամենուր կակազ ինքնարդարացման կամ անհագ եռանդով հայրենասեր լինել-թվալու մրցույթ է: Խոսո՜ւմ են, լուռերին պախարակում են, չլռողներին՝ խանդավառում: Խոսում են առանց լսելու։ Շատերն են մտքի քրմեր այսօր։ Չգիտեն, որ միտքը ծնվում է ոչ թե բերանից կամ ատամների կրճտոցից, այլ ոգու կենտրոնացումից։ Հայրենիքը վերածվել է արտաքուստ աղմկոտ, բայց իրականում՝ անգո բանաստեղծության, որը չունի ո՛չ հեղինակ, ո՛չ ընթերցող: Բայց ահա քնարական հերոս ունի՛։ Դա առաջին քրիստոնյա ժողովուրդն է․նա հասա՛վ իր երազանքին։ Զոհ է, պարտված է, չկա՛․ ուրեմն, մեղավոր չէ։ Մեղավոր են բոլորը, այնտեղ՝ ինչ-որ տեղ դրսում կամ ներսում, բոլո՛րը, բացի իրենից։ Մի՛ խախտեք նրա անդորրը, իսկ անդորրն իր անձն է ու իր կացարանի այլևս փակ դռները։ Իսկ այդ ամենից անդին արդեն ուրի՛շ , օտա՛ր, թշնամի՛ աշխարհ է, որն ինչ-որ կրթված մարդիկ Հայրենիք են կոչում։ Նրա մոտ մի՛ խոսեք վտանգի մասին․ այդ «վտանգ» կոչվածը չար ու չափազանցված առասպել է, որին չհավատալու իրավունք ունի ինքը, ախր «մեկ անգամ է աշխարհ եկել», թողեք թեկուզ դատարկ խղճով հասնի իր տրտում գոյության եզրագծին։ Նա այլևս Աստծու զավակը չէ, այլ ճակատագրի․․․ Ի վերջո, Աստծու զավակ լինելը դժվար է․պատասխա՛ն պետք է տաս, իսկ ճակատագրին ապավինելը հեշտ է․ գյումրեցու ասած՝ էն, ինչ որ պտի էղնի, չի կրնա չեղնի։ Հեռվում մաշվող-անհետացող Արարատը մարած աչքերով նայում է մեզ։ Իրե՞ն, թե՞ մեզ է խղճում: Լեռը հավերժի բարձունքից գահավիժում է օրվա անդունդը: Չի դիմանում իր ծանրությանը․ հույսը մեզ վրա է։ Կզորե՞նք ինքներս դառնալ լեռ։
 
Սարերում շուտով ձյուն է, իմ որդիների մարմիններն ինձանից թաքցնող ձյուն…
 
Ցավը մահապարտի պես ուզում է վերջին նռնակը պայթեցնել․․․
 
Իսկ լեռը հեռանում է…:
 
Լևոն Գալստյան