կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 12:50
Քաղաքական

Երբ ժողովուրդը դուրս գա և ասի՝ պատրաստ չենք նոր կապիտուլյացիայի, իշխանությունները հաջորդ օրը կհեռանան․ ԱԺ փոխնախագահ

Այս մարդիկ իրենց կառավարության ծրագրում չեն թաքցրել, այլևս չեն ասում, որ՝ նոր փոխզիջումների չենք գնալու, նոր կապիտուլյացիայի չենք գնալու, նրանք դա փորձում են հիմնավորել, ասել, թե այդ տարածքները ադրբեջանական են․ լրագրողների հետ զրույցում այսօր նշեց խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից սպասվող նոր զիջումների մասին խոսակցություններին։

«Իրենք գտել են, իրենց կարծիքով, ամենահարմար ձևը՝ ասել, որ տարածքները մերը չեն, ժողովրդին համոզել, տալ թուրքերին և հարցը փակել։ Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հասել, երբ ՀՀ տարածքում գերի ընկածին վերադարձնելը մեծ պետական ձեռքբերում է համարվում։ Ողբերգությունն այն է, որ իրենք ասում են, թե դա մեր տարածքը չէ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա իր խոսքում նշեց, որ համայնքների խոշորացման գործընթացն ապօրինի է, այն կատարվում է Սահմանադրական դատարանի 2021 թվականի մայիսին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ, որով սահմանվել է համայնքների խոշորացման երկու պայման՝
▪️ լսվելու իրավունքը (փոքր համայնքների դեպքում),
▪️ տեղական հանրաքվեի անցկացումը (խոշոր համայնքների դեպքում):
 
Սաղաթելյանը ընդգծեց, որ համայնքների և համայնքային բնակչության շահն ու կարծիքը ամբողջովին անտեսված են: «Այս ձևով խոշորացումն ունի միայն իրենց քաղաքական շահը սպասարկելու նպատակ, այն է՝ ազատվել անցանկալի համայնքապետերից: Մենք դեմ չենք համայնքների խոշորացման սկզբունքին, բայց ոչ՝ այս ձևով և այսպես հապճեպ կերպով: Որոշ համայնքների պարագայում վերականգնվել են նախկին ԽՍՀՄ շրջանները: Այլ պարագայում մեկ համայնք է կցվել այլ խոշորացված համայնքին՝ զուտ համայնքապետից ազատվելու համար՝ առաջնորդվելով ՔՊ-ի համար ցանկալի համայնքապետի թեկնածուի առկայությամբ»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ, չնայած համայնքային բնակչության շրջանում առկա մեծ դժգոհությանը, շատ համայնքապետեր, վախենալով իշխանության քաղաքական հետապնդումներից, խուսափում են բողոքի ձայն բարձրացնել:
 
«Կոչ ենք անում համայնքնապետերին և համայնքային բնակչությանը՝ պայքարել իրենց իրավունքների համար»,- ասաց Սաղաթելյանը։