Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դոկտոր, պրոֆեսոր, Մյունխենի Հայկական հարցերի հաստատության հիմնադիր, երկար տարիների տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանն այսօր կդառնար 90 տարեկան։ Այս առիթով Yerkir.am-ը վերահրապարակում է Արցախյան հարցի մասին նրա հոդվածներից մեկը, որը 1993 թ-ին տպագրվել է «Դրօշակ» ամսագրում, բայց հոդվածի շեշտադրումներն առայսօր արդիական են։ Էդուարդ Հովհաննիսյանի մասին մտերիմներն ասում են՝ նա պարզապես ընկեր էր և՛ անուսում շարքային հայի, և՛ բազմավաստակ մտավորականի համար, հայ ժողովրդի ճակատագի մաս կազմելը նրա սևեռուն մտահոգությունն էր։ Նրա մասին ասում են նաև, որ փառապանծ բանախոս էր ու յուրաքանչյուր միջավայրի զարդը, մագնիսացնող հռետոր։ Ազգային ձեռնարկումների թե՛ ռազմավարությունը գծողն էր, թե սևագործ աշխատողը։ Նշենք, որ նա նաև ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի հայրն է։
ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Ղարաբաղի խնդրի քաղաքական էութիւնը ըմբռնելու և այդ խնդիրը լուծելու ճանապարհները որոնելու համար՝ անհրաժեշտ են մի քանի սահմանումներ և ստեղծւած կացութեան գնահատական։
Նախևառաջ պէտք է պարզել, թէ արդեօք կողմերը պատրա՞ստ են փոխ-զիջումներ կատարելու և, եթէ պատրաստ են, ապա որո՞նք են զիջումների այն վերջին սահմանները, որոնցից այն կողմը նահանջը անընդունելի է։ Նախքան այդ սահմաններին հասնելը նշենք, որ Ղարաբաղում կռւում է ղարաբաղցին, կռւում է իր անկախութեան համար, ուստի՝ Ղարաբաղի խնդրին վերաբերող բոլոր քաղաքական բանակցութիւններին Ղարաբաղի ներկայացուցիչը պէտք է մասնակցի որպէս վերջնական որոշում տւող կողմ։ Եւ սա այն սահմաններից մէկն է, որից այն կողմ նահանջ չկայ։ Ոչ մէկը, բացի Ղարաբաղի օրինական իշխանութիւններից, չի կարող բանակցել և կամ էլ համաձայնութիւններ կնքել՝ առանց Ղարաբաղի համաձայնութեան։ Ճիշտ է, Ղարաբաղի հարցը համահայկական հարց է, սակայն տւեալ դէպքում հայ ժողովրդի շահերի պաշտպանութիւնը հէնց հայ ժողովրդի կողմից պէտք է յանձնըւի Ղարաբաղին։
Հասկանալի է, նաեւ, որ Ադրբեջանը չի համաձայնւի այս բանի հետ, այսինքն՝ չի ուզի տեսնել Ղարաբաղը որպէս ինքնուրոյն քաղաքականութիւն վարող միաւոր, քանզի նման բանի հետ համաձայնւելը արդէն իսկ կը նշանակէր Ղարաբաղի ինքնուրոյնութեան ճանաչում։ Ադրբեջանի միակ ձգտումը Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մէջ պահելն է և նա ոչ մի կերպ չի համաձայնւի Ղարաբաղի ինքնուրոյնութեան հետ։ Իսկ ղարաբաղցիների միակ ձգտումը ճիշտ հակառակն է։ Ամէն գնով նրանք ցանկանում են դուրս գալ Ադրբեջանի կազմի միջից։
Կողմերի այս ներհակ ձգտումների իրականացման մէջ՝ Ադրբեջանը կարելի է համարել պարտւած կողմ, քանզի արդէն 5-րդ տարին է, ինչ Ղարաբաղը Ադրբեջանից անկախ է։ Աւելին, Լաչինի ազատագրումով՝ Ղարաբաղը փաստօրէն միացաւ Հայաստանին, յամենայնդէպս այնտեղից սնւելու հնարաւորութիւն ստանալու իմաստով։
Այս կացութիւնը կարող է տեւել այնքան երկար, որքան երկար կարող է դիմադրել հայկական կողմը։ Եւ եթէ զոհերը ու տառապանքները հաշւի չառնենք, կամ՝ աւելի ճիշտ, հաշւի առնենք, որ հակառակորդի կորուստները աւելի մեծ են, ապա զուտ քաղաքական չափանիշներով՝ ստեղծւած կացութիւնը մեր օգտին է։
Սակայն, ինչպէ՞ս հաշւի չառնենք զոհերը ու տառապանքները, եթէ զոհւողները ու տառապողները հայեր են։ Եւ բացի դրանից, դեռեւս պարզ չէ, թէ որքա՞ն երկար արգելափակւած վիճակի մէջ հայ ժողովուրդը կարող է դիմադրել հզօր հակառակորդին։ Այսպէս թէ այնպէս մենք գտնւում ենք մի կացութեան մէջ, որտեղ ադրբեջանական կողմը ուզում է տեսնել Ղարաբաղը՝ առանց հայերի՝ Ադրբեջանի կազմի մէջ, իսկ հայկական կողմը ուզում է տեսնել Ղարաբաղը հայերով բնակւած ու անկախ՝ Ադրբեջանից։ Մեր, ինչպէս նաեւ Ադրբեջանի ցանկութիւնները կարելի է իրականացնել կա՛մ պատերազմի և կամ էլ փոխզիջումների ճամբով։ Պատերազմը անխուսափելի կը լինի, եթէ նահանջի կամ զիջումների վերջին սահմանների մէջ ընդհանուր գծեր չնշմարւեն։
Առայժմ եկէք մէկ կողմ դնենք այն հարցը, թէ ինչո՛ւմն է համոզւած հայկական կողմը և յատկապէս Հ.Յ.Դաշնակցութեանը համակիր հատւածը։ Ենթադրենք մէկ պահ, որ հայկական և ադրբեջանական կողմերը պատերազմից յոգնած ու համոզւած, որ պատերազմի ճամբով հարցը չի լուծւի՝ փոխզիջման ուղիներ են որոնում։ Բայց ենթադրել՝ որ ադրբեջանական կողմը իր զիջումների մէջ կարող է հասնել մի սահմանի, որտեղ համաձայնւի Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս գալու որեւէ տարբերակի հետ, դա անկարելի է։ Ադրբեջանն ամէնուր պահանջում է և պիտի պահանջի, որ Ղարաբաղը Ադըրբեջանի անբաժանելի մասը կազմի։
Իսկ ենթադրել՝ որ ղարաբաղցիները և հայ ժողովուրդը կարող են հրաժարւել ծով արեան գնով ձեռք բերւած անկախութիւնից, դա նոյնպէս անկարելի է։ Ուրեմն՝ ի՞նչ փոխ-զիջումների մասին կարող է լինել խօսքը և ինչի՞ մասին պէտք է բանակցեն բախման մէջ գտնւող կողմերը։ Հաւանաբար Ադրբեջանին ձեռք կը տայ համաձայնութեան միայն այն տարբերակը, որտեղ Ղարաբաղը ճանաչւի Ադրբեջանի իշխանութեան կամ հովանաւորութեան տակ գտնւող քաղաքական միաւոր, այն յոյսով՝ որ այդ հովանաւորութեան օգնութեամբ նա ի վերջոյ կը մաքրի Ղարաբաղը հայերից։
Մեզ, հաւանաբար, ձեռք կը տայ համաձայնութեան այն տարբերակը, որի շնորհիւ Ղարաբաղը ստանայ ԻՐԱԿԱՆ անկախութիւն Ադրբեջանից։ Այս երկու, այսինքն՝ ադրբեջանական և հայկական, ցանկութիւնների միջեւ կարելի է գտնել համաձայնութեան եզր, եթէ հաշւի առնենք, որ իրական անկախութիւնը դեռեւս իրաւական անկախութիւն չէ, իսկ իրաւական կախւածութիւնը դեռեւս իրական կախւածութիւն չէ։ Եթէ մենք ընդունենք այս թեզը, ապա ադրբեջանական և հայկական կողմերի համաձայնութիւնը կարող է կրել հետեւեալ բնոյթը։ Ղարաբաղը ձեւականօրէն մնում է Ադրբեջանի կազմի մէջ կամ հովանաւորութեան տակ, բայց իրականում նա անկախ է լինում Ադրբեջանից։ ինչպէ՞ս կարելի է իրականացնել նման ծրագիր։
Նախ եկէք պարզենք, թէ ո՞վ պիտի լինի այս կամ այն համաձայնութեան պաշտպանը։ Կամ՝ որո՞նք են այն երաշխիքները, որ պէտք է իրականացնեն հայ-ադրբեջանական համաձայնութիւնները։ Հայկական կողմի համար ո՛չ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան, ո՛չ ամերիկեան կոնգրէսի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եւրոպական Համայնքի և առաւել եւս ոչ էլ Թուրքիայի երաշխիքները ընդունելի չեն։ Ղարաբաղի անկախութեան համար միակ երաշխիքը կարող է լինել Ղարաբաղի օրինական իշխանութիւններին ենթարկւող Ղարաբաղի բանակը։ Բոլոր մնացած միջազգային կազմակերպութիւնները ու պետութիւնները կարող են վերահսկողների դեր կատարել, որպէսզի Ղարաբաղի հայկական բանակը չփորձի հակակշռել աւելի մեծ տարածութիւն, քան նախատեսւած է համաձայնութեամբ և որպէսզի Ադրբեջանը չխախտի համաձայնութեան պայմանները (Ղարաբաղը, օրինակ, ադրբեջանցիներով բնակեցնելով)։ Միջազգային դիտորդները կարող են վկայել, թէ ո՞վ առաջինը խախտեց համաձայնութեան պայմանները եւ այլն։ Այսինքն՝ միջազգային դիտորդների այս դերը, ինչպէս ամէնուր պէտք է կրի բարոյական բնոյթ, իսկ Ղարաբաղի քաղաքական շահերի, նրա իրական անկախութեան միակ պաշտպանը լինելու է Ղարաբաղի բանակը։
Հասկանալի է, որ այդ դէպքում Ադրբեջանին մենք առաջարկում ենք՝ նրա համար մի անընդունելի տարբերակ։ Փաստօրէն մենք նրան առաջարկում ենք, որ իր Սահմանադրութեան մէջ նա նախատեսի մի առանձայատուկ հանրապետութեան գոյութիւն, որը ունի սեփական կառավարութիւն և սեփական բանակ և որի Ադրբեջանին պատկանելը որոշւում է տուրքերի և մի շարք այլ բնագաւառների քաղաքականութեամբ։
Անշուշտ, Ադրբեջանը չի համաձայնւի Ղարաբաղի նման գոյավիճակի հետ, որովհետեւ նրան Ղարաբաղը պէտք է առանց հայերի, բայց առնուազն միջազգային քաղաքականութեան ոլորտում, նա չի կարող հանդէս գալ նման յայտարարութիւններով, մինչդեռ մենք կարող ենք արդարացնել մեր պահանջը նրանով, որ չենք հաւատում Ադրբեջանի խոստումներին, չենք հաւատում միջազգային դիտորդների կարողութիւններին, ուստի ուզում ենք ունենալ մեր իրական անկախութեան սեփական երաշխիքները։
Հայերի համար սա այն սահմաններից է, որից այն կողմ նահանջ չկայ, քանզի այդ սահմանից նահանջը կարող է վտանգել բովանդակ հայ ժողովրդի գոյութիւնը։ Առանց Ղարաբաղի իրական անկախութեան, Հայաստանի անկախութիւնը անկարելի է։
Երբ մենք խօսում ենք Լեռնային Ղարաբաղի անկախութեան մասին, բնականաբար ի նկատի ունենք անկախութիւն Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ բացառւած չէ այն տարբերակը, որ Ղարաբաղը, անկախանալով Ադրբեջանից՝ մտնի մէկ ուրիշ պետութեան, օրինակ՝ Ռուսաստանի կազմի մէջ։ Եւ այս իմաստով ի յայտ է գալիս Ղարաբաղի հարցը լուծելու երրորդ տարբերակը, որի համար շուտով, հաւանաբար, ստեղծւեն համապատասխան պայմաններ։ Մեծ ուշացումով և շատ դանդաղ քայլերով Ռուսաստանի պետական ու ազգային շահերի պաշտպանողները շարժւում են դէպի իշխանութիւն և ռուս մտաւորականութիւնը, քաղաքական գործիչների հետ միասին, սկսել են հասկանալ, որ ժողովրդավարութեան մասին դատարկ լոզունգների պաշտպանութեան տակ կանգնած են Ռուսաստանը վերջնականօրէն տապալելու նպատակ ունեցող հզօր ուժեր, որոնց համար ժողովրդավարութիւնը, ազգային ինքնորոշման իրաւունքը և անկախութիւնը ճիշտ այն դերն են կատարում, որը ժամանակին ցարական Ռուսաստանը քայքայելու նպատակի համար կատարեցին կոմունիստական լոզունգները հաւասարութեան ու ազատութեան մասին։
Այժմ՝ պետական մտածելակերպ ունեցող ռուսները ջանում են մի ինչ-որ ձեւով փրկել իրենց 1000ամեայ պետութիւնը և առաջին քայլերը այս ուղղութեամբ կատարւեցին Ռուսաստանի Գերագոյն Խորհրդի համագումարում, երբ համագումարը կոչ արեց բոլոր հանրապետութիւններին վերականգնել միութիւնը։ Յաջորդ քայլը, հաւանաբար, լինելու է նոր միութեան մէջ վերադառնալու կոչը, որը այս անգամ ուղղւած է լինելու ոչ թէ նախկին միութենական հանրապետութիւններին, այլ բոլոր ինքնավար հանրապետութիւններին, մարզերին ու այլ միաւորներին։ Այս կոչին անմիջապէս կ’արձագանքեն գագաուզները, աբխազները, օսեթները, Դնեստրի հանրապետութիւնը և շատ ուրիշներ։ Եւ եթէ նման կոչ Ռուսաստանը իսկապէս հռչակի, Լեռնային Ղարաբաղը պիտի լինի կոչին դրականօրէն արձագանքողների մէջ առաջինը։
Դժւար է հաւատալ, որ Հայաստանի ներկայ ղեկավարները կ’ունենան դրականօրէն այդ կոչին արձագանքելու իմաստութիւնը, բայց ինչպէս տեսնում ենք՝ կեանքը ամէն ինչ իր տեղն է դնում, թողնելով հրապարակի վրայ միայն իմաստութեան բացակայութեան անմեղ զոհերը։ Այսօր արդէն ՙերրորդ ուժի բացառման՚ կողմնակիցները և թուրք-ամերիկեան իմպերիալիզմի փէշերը բռնած Հայաստանի ղեկավարները յայտարարութիւններ են անում Ռուսաստանի հետ սերտ կապեր հաստատելու մասին, նրանից օգնութիւն են խնդրում և գիտակցում են, որ առանց ռուսների՝ կորած են։ Այն՝ ինչ մենք նրանց ասում էինք 5 տարի առաջ, նրանք միայն այսօր հասկացան։ Ոչինչ, թող սովորեն, պատմութիւնը լաւագոյն ուսուցիչն է, բայց ո՞ւմ վրայ գրանցենք հազարաւոր զոհերի մեղքը։ Սակայն թողնենք Հայաստանը, որը ունի սեփական խնդիրներ, սեփական ճանապարհ, որոնց մասին պէտք է խօսուի առանձին։ Կենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի ճանապարհի վրայ։ Ինչպէս ասացինք՝ Ղարաբաղի Հարցի լուծման համար գոյութիւն ունեն երեք տարբերակներ։ Առաջին տարբերակը ամենապարզն է ու հասկանալին։ Նա յենւում է այն համոզւածութեան վրայ, որ ղարաբաղցիները իրենց դաշնակիցների օգնութեամբ կարող են զէնքի ուժով պահպանել արդէն ձեռք բերւած անկախութիւնը Ադրբեջանից։ Մենք չենք կարող վիճել այն մասին, թէ որքանով այս համոզւածութիւնը յենւում է քաղաքական ու ռազմական վերլուծութիւնների վրայ, բայց եթէ նման համոզւածութիւն կայ, դժւար պիտի լինի այդ համոզմունքը ունեցող զինւորին հանել պատերազմի դաշտից։
Եթէ Հ.Յ.Դաշնակցութիւնը և հայ ժողովուրդը ունեն այս համոզւածութիւնը, ապա մեր անելիքները շատ պարզ են։ Ամրապնդել Ղարաբաղի բանակը, մշակել ինքնապաշտպանութեան ծրագրեր, դիւանագիտական քայլեր կատարել Ղարաբաղի անկախութիւնը ճանաչելու ուղղութեամբ, քարոզել ղարաբաղցիների պահանջների արդարութիւնը ու բարոյականութիւնը, ստիպել Հայաստանի իշխանութիւններին, որ ճանաչեն Ղարաբաղի անկախութիւնը, որոնել պետութիւններ ու հասարակական շարժումներ, որոնք շահագրգռւած են Ղարաբաղի անկախութեան մէջ։ Եւ այս ամէնը կատարել ծրագրւած ձեւով ու համազգային ճիգերով։
Եթէ այս տարբերակը ընդունւի որպէս ազգային ուղեգիծ, ազգային դոկտըրինա կամ ազգային քաղաքականութիւն, ապա՝ բոլոր նրանք, ովքեր շեղւեն այս գծից, այդ թւում նաեւ Հայաստանի իշխանութիւնները, պէտք է նկատւեն ազգային շահերի պաշտպանութեան հակառակորդներ։ Ղարաբաղի հարցը, ինչպէս մի շարք ուրիշ հարցեր, օրինակ՝ Ցեղասպանութեան հարցը, կրում են համազգային բնոյթ և չի կարող Հայաստանի այժմու իշխանութիւնը իր վրայ վերցնել այդ հարցի լուծումը, քանզի նա դեռեւս չի կարողացել ապացուցել, որ հանդիսանում է ամենայն հայոց կառավարութիւն։ Եթէ մենք համոզւած չենք, որ պատերազմի դաշտում կարող ենք ձեռք բերել յաղթանակ, այսինքն լուծել Ղարաբաղի անկախութեան հարցը, ապա ստիպւած կը լինենք դիմելու երկրորդ տարբերակին, այսինքն՝ զիջել իրաւական անկախութիւնը, իրական անկախութիւն ձեռք բերելու համար։ Այս տարբերակում մեր անելիքները շատ աւելի բարդ են, որովհետեւ պէտք է ստեղծւի յատուկ տեսակի բանակ և արտասահմանում պէտք է տարւեն յատուկ տեսակի դիւանագիտական աշխատանքներ։ Անշուշտ, այդ աշխատանքներն էլ պէտք է կատարւեն համազգային ճիգերով։
Եւ, վերջապէս, երրորդ տարբերակը կայանում է Ադրբեջանի կազմից դուրս գալու և մէկ ուրիշ պետութեան միանալու մէջ։ Այստեղ արդէն պէտք է կատարւեն զուտ քաղաքական աշխատանքներ, այն էլ պայմանով, որ լինի համապատասխան քաղաքական հող։ Լինի դա Ռուսաստանը թէ՞ կովկասեան մի պետութիւն, նշանակութիւն չունի, այս պետութիւնները պէտք է շահագըրգռւած լինեն Ղարաբաղի հովանաւորութիւնը իրենց վրայ վերցնելու մէջ։ Եւ, ուրեմն, այս տարբերակը իրականացնելու համար անհրաժեշտ են ակտիւ դիւանագիտական արշաւներ Ղարաբաղի արտասահմանեան ներկայացուցիչների կողմից։ Սակայն այդպիսի ներկայացուցիչներ՝ բացակայում են բոլորովին անհասկանալի պատճառներով։ Ղարաբաղի Գերագոյն Խորհուրդը կարող էր ընտրել տարբեր երկրներում իր ներկայացուցիչներին, որոնք Ղարաբաղի կառավարութեան անունից կարող էին բանակցութիւններ վարել տարբեր ատեանների հետ։ Դրա համար ամէնեւին էլ անհրաժեշտ չէ Ղարաբաղի պաշտօնական ճանաչումը այն պետութեան կողմից, որտեղ գործում է - Ղարաբաղի ներկայացուցիչը։
Գուցէ այսքանը բոլորիս համար պարզ է, սակայն ամենակարեւոր հարցը մնում է բաց։ Ո՞վ պէտք է կատարի այս տարբերակներից մէկի ընտրութիւնը։ Ո՞վ պէտք է համոզի հայ ժողովրդին, որ ամբողջ ազգը պէտք է գործի ա՛յդ տարբերակը իրակնացնելու ուղղութեամբ, որ սա՛ է Ղարաբաղի հարցի լուծման ազգային դոկտրինը։
Այս հարցը կարող է լուծել միայն բոլոր քաղաքական ուժերից բաղկացած մի մարմին, որի կազմի մէջ կը մտնեն տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչները։
Միայն նման մարմինը կարող է որոշել Ղարաբաղի դիմադրելու կարողութիւնները։ Դժբախտաբար, Հայաստանի կառավարութիւնը այդ մարմնի դերը չի կատարում և ոչ մէկը այսօր կարող է ասել, թէ ինչպէս պէտք է կազմակերպւի Ղարաբաղի երկարատեւ ինքնապաշտպանութիւնը։ Գուցէ դա է պատճառը, որ ոմանք էլ ընտրում են 4րդ տարբերակը, յայտարարելով, թէ ՙո՞ւմն է պէտք Ղարաբաղը, եթէ նրա պատճառով մենք լոյս չունենք։ Տւէք Ղարաբաղը Ադրբեջանին ու պրծնենք բոլոր ցաւերից՚։
Այս տարբերակը ընտրողներին թերեւս հայ համարելը դժւար է, բայց այն էլ պիտի հաշւի առնենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն հայերից է բաղկացած։ Խօսքը ոչ թէ արեան կամ ազգանունի մասին է, այլ հայկական արժէքները և հայ ազգը պահպանելու ձգտման մասին։ Մենք պէտք է որոնենք նրանց, գտնենք ու ղեկավարման ղեկը տանք նրանց ձեռքը, որոնք շատ լաւ են գիտակցում՝ որ քաղաքականութիւնը և դիւանագիտութիւնը ոչ այլ ինչ են, եթէ ոչ ազգային բնազդի արտայայտութիւններ, իսկ ազգային ազատագրական պայքարը՝ յանուն հայրենիքի զոհաբերւելու արիութիւն։ 1993