կարևոր
9586 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 12:41
Քաղաքական

Ըստ վերջին սոցհարցումի՝ Արցախահայության համար նախընտրելին անկախությունն է

Ըստ վերջին սոցհարցումի՝ Արցախահայության համար նախընտրելին անկախությունն է

Օրերս մամուլում նշվեց, որ Ստեփանակերտում հիմնված քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման «Մեր սարերը» կենտրոնի բացման ժամանակ ներկայացվել են Highgate Consultancy ընկերությանի կողմից Արցախում անցկացված սոցիոլոգիական հետազոտության մի շարք արդյունքենր, մասնավորապես՝ երկրի անվտանգությանը վերաբերող հատվածը։ 

Հաղորդվեց նաև, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը այդ հանդիպման ընթացքում նշել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ, դրա թիրախային՝ կենսական խնդիրների լուծման համար կարևոր է նախ և առաջ հասկանալ ժողովրդի մոտեցումը, հիմնական մտահոգություններն ու խնդիրները: 

Ի՞նչ են հայտնում ուրեմն համապարփակ, մի քանի փուլով  անցկացված վերջին սոցհարցման արդյունքները։ 

Ի լրումն այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ Արցախում անվտանգությունը, ուսումնասիրությունը լուսաբանում է պետական ​​կառավարմանը քաղաքացիական մասնակցության, սփյուռքահայերի հետ հարաբերությունների, ինքնության և սոցիալական հավասարության, ինչպես նաև շատ այլ բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր։ 

«Հարցումը մեկնարկեցինք 2022 թվականի դեկտեմբերի 10-ին, և քիչ ժամանակ անց փակվեց Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այդ է պատճառը, որ մարդասիրական ճգնաժամի հետ կապված հարցերը արտահայտված չեն հարցման մեջ։ Միևնույն ժամանակ հետաքրքրական է անվտանգության վերաբերյալ արցախցիների տեսակետները՝ արդյո՞ք նրանք արցախյան հասարակությունը համարում  են արդա՞ր, իրենց առաջին հերթին տեսնում են որպես քաղաքացի՞, արցախցի՞, ընտանիքի՞ անդամ, հա՞յ, թե՝ իրենց հողի պաշտպա՞ն»,- բացատրում է հարցման հեղինակ, սոցիոլոգ Հայկ Գյուզալյանը։ 

Հարցման ժամանակ արցախցիներին տրվել են օրինակ նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպե՞ս եք վերաբերվում սփյուռքահայի հետ ամուսնության գաղափարին, համարո՞ւմ եք, որ Արցախում ընդհանուր հարստության արդար մասնաբաժինն ունեն և այլն։

Այսպիսով, Արցախցիների գրեթե 83 տոկոսն հայտնել է, որ ակտիվորեն հետաքրքրված է քաղաքական գործերով, դրսևորում է քաղաքական ակտիվություն և ակտիվորեն մասնակցում է ընտրություններին, չնայած որ բոլորը չէ, որ հավատում են, որ իրենց ձայնը ազդում է ընտրությունների արդյունքների վրա․ տպավորիչ ցուցանիշ, որը մատնանշում է, որ տարածաշրջանի բնակչությունը կամենում է տնօրինել իր ապագային։ Այնուամենայնիվ, բոլոր արցախցիները չեն, որ կարծում են, որ իրենց քվեն իրական ազդեցություն ունի ընտրությունների ելքի վրա։ Այսպիսով, բնակչության 11 տոկոսը թերահավատորեն են վերաբերվում իր ձայնի արդյունավետությանը։ 

Ընդհանուր առմամբ, հարցվածների 79 տոկոսն պատասխանել է, որ իրենք հետաքրքրված են քաղաքականությամբ։Ավելացնենք, որ միայն փոքրամասնությունն է Արցախը համարում լիովին ժողովրդավարական երկիր։ Արցախը լիովին ժողովրդավարական է կամ ժողովրդավար՝ որոշ մանր խնդիրներով համարել է հարցվածների միայն 17 տոկոսը: Սա նշանակում է, որ արցախցիների մեծ մասը՝ 78 տոկոսը, խոստովանում է, որ Արցախում դեռևս կան ժողովրդավարության հետ կապված խնդիրներ։ 

Հարցումը ցույց է տալիս նաև, որ արցախցիները կապված են իրենց հայկական ինքնության հետ ու իրենց համարում են առաջին հերթին Արցախի քաղաքացի կամ բնակիչ։

Մինչ հայկական երկրորդ հանրապետության անվտանգության հարցը մնում է չլուծված, հետաքրքրական է ուսումնասիրել, թե Արցախի պաշտպանության գործում ո՞վ է, ըստ բնակչության կարծիքի, դերակատություն ցուցաբերում: Հետազոտության համաձայն՝ երկրի անվտանգության պահպանման գործում բարձր ցուցանիշով՝ 95 տոկոսով, առաջատար է Արցախի պաշտպանության բանակը։ Ռուս խաղաղապահները, որոնք պատասխանատու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մոնիտորինգի համար, նույնպես առաջատար են՝ 89 տոկոս ցուցանիշով։

Արցախյան հասարակությունն՝ հավաքական առումով, ընդհանուր առմամբ հավաքել է պատկառելի 82 տոկոսը՝ տարածաշրջանի անվտանգության գործում ունեցած ներդրման համար։ Նրանցից քիչ ետ են մնում քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունները և տեղացի կամավորները՝ 77 տոկոս:

Սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ Արցախի անվտանգության ապահովման գործում սահմանափակ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդամենը 52 տոկոս։ Արևմտյան երկրները այդքան էլ ներգրավված չեն՝ հավաքելով միմիայն 23 տոկոս:

Արդյունքում երևում է, թե Արցախի տեղական ուժերն ամենաակտիվն ու արդյունավետն են իրենց տարածաշրջանը պաշտպանելու հարցում։ Սակայն միջազգային հանրությունը այնուամենայնիվ կարող է ավելի կարևոր դեր խաղալ Արցախի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման գործում։

Ինչ վերաբերվում է քաղաքացի-պետություն փորհարաբերության հարցին, ապա Արցախի բնակչության 74 տոկոսը համարում է, որ պետությունը մարդկանց սոցիալական ապահովության համար պետք է կրի ավելի մեծ պատասխանատվություն, մինչդեռ 23 տոկոսը կարծում է, որ մարդիկ իրենք պետք է կրեն ավելի մեծ պատասխանատվություն իրենց սոցիալական ապահովության համար։ 

79 տոկոսը այն կարծիքին է, որ պետությունը ծնողի է նման, իսկ մարդիկ երեխաների պես են և որ պետություն պետք է հոգ տանի մարդկանց մասին։ Այնինչ ըստ բնակչության 18 տոկոսի կարծիքիը,  ընդհակառակը, այն է, որ պետությունը վարձու աշխատողի պես է՝ մարդիկ պետք է տնօրենի նման վերահսկեն պետությանը: 

Հարցվածների 68 տոկոսը այն կարծիքին է, որ մարդիկ պետք է մասնակցեն իշխանության դեմ բողոքի ակցիաներին, քանի որ դա ցույց է տալիս, որ ժողովուրդը պահանջատեր է: Միայն 25 տոկոսն է կարծում, որ մարդիկ չպետք է մասնակցեն իշխանությանդեմ բողոքի ակցիաներին, քանի որ դա վտանգում է երկրի կայունությանը։

Արցախցիների ճնշող մեծամասնությունը՝ 78 տոկոսը, համարում է, որ կառավարությունը միշտ պետք է հաշվի առնի ժողովրդի կարծիքը, բայց զգալի փոքրամասնությունը՝ 17 տոկոսը,  համաձայն չէ և այն կարծիքի է, որ որոշ դեպքերում կարող է նախընտրելի լինել, որ կառավարությունը որոշումներ կայացնի՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվիառնելու։

Մեծամասնությունը չի տեսնում արտահերթ ընտրությունների կարիքը։ Արցախի ԱԺ հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականին: Այն հարցին, թե՝ տեսնո՞ւմ եք առաջիկա վեց ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն, բոլոր 865 հարցվողներից «այո՛» պատասխանել են 34 տոկոսը, իսկ «ո՛չ»՝ 55 տոկոսը։ 

Նշենք, որ սփյուռքահայերի նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է՝ ներառյալ հնարավոր ընտանեկան փոխհարաբերություններ։ Արցախցիների ճնշող մեծամասնությունը ողջունում է սփյուռքահայերի ներգրավվածությունը Արցախի կյանքում՝ բացառությամբ նախագահի պաշտոն զբաղեցնելուն։ 

Արցախցիների համար կարևոր է տեսնել իրենց որպես ընտանիքի անդամ և անկախ անհատ։ Ընկալումը որպես Արցախի քաղաքացի երրորդ տեղում է, գրեթե մեկ երրորդը տեսնում է այդ դերը որպես ամենաքիչ կարևորը։ Թերևս հայ լինելը ամենակարևորն է։ Արցախցի և քրիստոնյա լինելը հարցվողների համար գրեթե նույնքան կարևոր է։ 

Շատերը չեն տեսնում Արցախի հասարակության մեջ ռեսուրսների արդար բաշխում։ Արդարությունն ու հավասարությունը բնակիչների հիմնական սպասելիքներն են անվտանգության ապահովումից հետո։ Մեծամասնությունը՝ 64 տոկոսը, համաձայն չէ, որ ստանում է երկրի բարեկեցության արդար մասնաբաժինը։ Հարուստների և աղքատների միջև եկամուտների տարբերությունը անարդարացիորեն մեծ է՝ կարծում է 61 տոկոսը։

Մեծամասնությունը՝ 59 տոկոսը, համաձայն չէ, որ բավարար ջանքեր գործադրելու դեպքում, բոլորը հավասար հնարավորություններ ունեն աշխատանք գտնելու։ Հասարակություն համարվում է արդար, եթե ջանասիրաբար աշխատողներն ավելի մեծ գումար են վաստակում։ Գրեթե նույնքան հարցվողներ համարում են, որ ավելի արդար է այն հասարակությունը, որը հոգ է տանում աղքատների և կարիքավորների մասին։ Մեծամասնությունը տեսնում է մասնագիտական կարողությունները և կրթությունը որպես աշխատանքում առաջ գնալու համար հիմնական գործոններ։ Երրորդ տեղում բարեկամների օգնությունն է։ Արցախի ժողովուրդը Արցախի նոր կառավարությունից սպասում է անվտանգություն և արդարություն։ 

Քաղաքական և հասարակական գործիչներից ամենաշատը վստահում են Դավիթ Բաբայանին և Ռուբեն Վարդանյանին։ Մեծամասնություն՝ 78 տոկոսը, ողջունել է Վարդանյանի՝ պետական նախարարի պաշտոնին նշանակվելը։

Տվյալ հարցման թերևս ամենակարևոր կետն այն է, որ ըստ Արցախահայության կարծիքի՝ հակամարտության լուծման նախընտրելի ձևնը անկախությունն է։

Տվյալ սոցհարցումը անցկացվել է երկու փուլով՝ 2022 թ. դեկտեմբերի 10-ից 25-ը և 2023 թ. հունվարի 21-ից փետրվարի 2-ը։ Ընդհանուր առմամբ հարցվել է 871 անձ՝ տնային տնտեսություններում անհատական հարցազրույցի պայմաններում։ Ներկայացված տվյալները կշռված են ըստ հարցվողների սեռի և տարիքի մասին վերջին հայտնի տվյալների, ինչպես նաև ըստ քաղաքային և գյուղական բնակչության բաշխման և չորս շրջանների՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի բնակչության թվի։

Ավելացնենք, որ այն իրականացվել է հայաստանյան Highgate Consultancy ընկերությունը, և մասնավորապես՝ վերջինիս տնօրեն սոցիոլոգ Հայկ Գյուզալյանը։ Վերջինս ղեկավարում է մեթոդաբանության կիրառումը՝ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Հայկական սփյուռքի հետախուզության համար, որն ընդգրկել է աշխարհի ավելի քան 15 հայկական համայնքներ՝ Բուենոս-Այրեսից մինչև Դոնի Ռոստով, Բեյրութից մինչև Մոնրեալ: 

Հայկ Գյուզալյանը Երևանի պետական համալսարանում ու Լոոնդոնի տնտեսագիտական դպրոցում ուսումնասիրել է սոցիոլոգիա ու սոցիալական քաղաքականություն և սոցիոլոգիական հարցումների բնագավառում աշխատում է արդեն քսանհինգ տարի: Զարգացման սոցիոլոգիա, սոցիալական քաղաքականություն և սոցիոլոգիայի հիմունքներ առարկաները դասավանդել է ԵՊՀ-ում և Երևանի պետական լեզվաբանական համալսարանում և Լոնդոնի քինգս քոլեջում ու այլ համալսարաններում և մասնավոր ընկերություններում վարել է հարցումների մեթոդաբանության ուսուցողական թրենինգներ: Լոնդոնում և Բրյուսելում աշխատել է համաշխարհային խոշորագույն հետազոտական ընկերությունների՝ Ipsos MORI-ի և Kantar / TNS / Kantar Public-ի գլխավոր գրասենյակներում, վերով հարյուրավոր հետազոտական նախագծերի՝ կառավարությունների, եվրոպական հանձնաժողովի և եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի գործակալությունների, Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, համալսարանների և շատ այլ պատվիրատուների համար:

 

Մարիամ Խաթլամաջյան