կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 13:16
Հասարակություն

Կատարվել է Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Կատարվել է Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։

Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձն է հղել համայն հայ ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,

Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։

Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։

Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։

Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. ամեն»,- ասել է Ամենայն Հայոց Հայրապետը։