կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-19 15:02
Հասարակություն

«Հայաստան» խմբակցությունը մերժել է ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների հրավերը

«Հայաստան» խմբակցությունը մերժել է ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների հրավերը

Չնայած բազմաթիվ դժգոհութուններին եւ քննադատություններին, իշխանությունները որոշել են ամեն գնով Հանրապետության հրապարակում նշել Անկախության 30-ամյակը։

Aravot-ի տեղեկություններով հրավեր է ուղարկվել անգամ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը։ Վերջիններս միաձայն մերժել են տոնակատարությանը մասնակցելու այդ հրավերը։ Մեզ հետ զրույցում խմբակցության պատգամավորներից Ագնեսա Խամոյանը հաստատեց տեղեկատվությունը՝ հավելելով, որ այլ տարբերակ չէր էլ կարող քննարկվել։

«Անկախության 30-ամյակի նախօրեին ադրբեջանցիները ՀՀ քաղաքացիներ են առեւանգում ՀՀ տարածքից, ահաբեկում են արցախցի երիտասարդներին՝ լկտիաբար կանգնեցնելով նրանց մեքենան եւ ջնջելով Արցախի դրոշը, իրանցի վարորդներ են ձերբակալում ՀՀ տարածքում, իսկ մենք դեռ խոսո՞ւմ ենք տոնակատարությունից։ Ի՞նչն են տոնում, մարդիկ, ովքեր 30 տարի առաջ ձեռք բերած եւ պահած անկախությունը մսխել են, անկախության 30-ամյակ են նշո՞ւմ։ Մենք, իհարկե, չէինք կարող մասնակիցը լինել 2 մլն դոլարանոց այդ «գունագեղ տոնակատարությանը», եւ դեռ սեպտեմբերի 9-ի մեր հայտարարության մեջ արձանագրել ենք, որ չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց առնվազն կոռեկտ չէ հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» անցկացումը։ Ինչպես տեսնում եք, իշխանությունն անվրդով մնաց տոնակատարություն կազմակերպելու հարցում, բայց փոխարենն օրինակ տապալեց Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ նիստ անցկացնելու մեր նախաձեռնությունը։ Այս իշխանության ամեն օրը լրջագույն խնդիրներ է ստեղծում մեր պետության եւ պետականության համար, ընդհուպ մինչեւ որ սա կարող է մեր անկախության վերջին տոնակատարությունը լինել»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ