կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-11 12:30
Աշխարհ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները մերժել են Բաքվի հրավերը և չեն մեկնել Շուշի

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները մերժել են Բաքվի հրավերը և չեն մեկնել Շուշի

Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետության դեսպանների թվում բացակայում էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ուղևորությունից դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերության մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: «Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,- հայտարարել է Հաջիևը:

ՀԻշեցնենք, որ ԱՄՆ, Ֆրանսիան և Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են: Խումբը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։

Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։ Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են առ այսօր։

Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։