կարևոր
3487 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-20 10:58
Քաղաքական

Գերմանիայի հայկական կառույցները մերժել են Փաշինյանի հետ հանդիպման հրավերը․ «Հրապարակ»

Գերմանիայի հայկական կառույցները մերժել են Փաշինյանի հետ հանդիպման հրավերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 16-ին եռօրյա այցով Գերմանիայում գտնված Նիկոլ Փաշինյանը խայտառակ ընդունելության է արժանացել տեղի հայ համայնքի կողմից, ինչը թերեւս տեսանելի է նաեւ վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում եւ լուսանկարներում: «Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի» հետ հանդիպմանը մասնակցած 20 անձից մոտ կեսը Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածներն են՝ խոսնակ, դեսպան, անվտանգության աշխատակիցներ, մեկը Ստյոպա Սաֆարյանն էր, մի քանի հայաստանցի ուսանողներ, որոնք անձնական խնդիրներ են ունեցել՝ վիզայի, Հայաստան վերադարձի արգելքների, զինծառայության եւ այլնի հետ կապված, եւ հանդիպումը ընդամենը առիթ էր, որ փորձեին իրենց խնդիրները լուծել։ Մինչդեռ միայն Մյունխենում 2 հազարից ավելի հայ է բնակվում` հարակից շրջաններն ու ողջ գերմանահայությանը չհաշված: Մինչ հանդիպումը Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հրավիրատոմսեր է ուղարկել հայ համայնքի կառույցներին՝ պատշաճ հանդիպում կազմակերպելու համար, սակայն շատերը մերժել են հրավերը:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, ով հանդիպման ժամանակ հնչած ամենասուր հարցի հեղինակն է (ձախողված քաղաքականության ու հրաժարականի մասին), մեզ հետ զրույցում խոստովանեց՝  30 տարի Գերմանիայի հայ համայնքում է ապրում, սակայն Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդկանց մեծ մասին չէր տեսել երբեւէ, եւ շեշտեց, որ Գերմանիայում գործող հայկական կարեւորագույն կառույցներից որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել հանդիպմանը: Ինքն էլ գնացել է ոչ թե որպես Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ, այլ՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ: «Ինչպես մեր կառույցը չի մասնակցել, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից չեն մասնակցել, բայց ե՛ւ մեր կազմակերպությունը, ե՛ւ սրբազանը հրավեր ստացել էին։ Իսկ այդ հանդիպմանն ուսանողներ էին` երիտասարդներ, մեկն Ուկրաինայից էր եկել, որ այս պահին Գերմանիայում է գտնվում: Մարդիկ էին, որոնց ես չեմ ճանաչում եւ կարող եմ ասել, որ ընդհանրապես հայ համայնքի հետ կապ չունեն, ներկաներն էլ հիմնականում անձնական բնույթի հարց էին հնչեցնում, շատերին արդեն հետաքրքիր չեն հայրենիքը, Արցախի կորուստը: Վիզաների հարց էին հնչեցնում, հետաքրքրվում էին՝ քանի տարեկանից կարանք Հայաստան գալ, զինծառայության խնդիր եւ այլն»,- պատմեց  Լուլուկյանը` նշելով, որ հայության մոտ գերիշխում են հիասթափության, չպայքարելու տրամադրություններ:

«Եթե նկատեցիք՝ բողոքի ակցիա էլ տեղի չունեցավ, սա այն ընդհանուր պատկերն է, որ կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում․ մարդիկ հիասթափված են, ոչինչ չեն անում ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում, տպավորություն է, որ բոլորը համակերպվել են այս իրավիճակի հետ, ես գնացել եմ հանդիպման եւ հրաժարականի մասին հարց հնչեցրել, բայց միամիտ չեմ, որ հույս ունենայի, թե այդ հարցից հետո հրաժարական է տալու։ Նպատակն այն էր, որ կարողանամ աղմուկ բարձրացնել, մարդիկ իրոք արթնանան, պայքարի ձգտեն, ակտիվանան, իմ կարծիքով` աղմուկը բարձրացավ, ինչ-որ բան տեղի ունեցավ: Գիտեք՝ սարսափելի է այս վիճակը, երբ մենք համակերպվում ենք հայրենիքի կորստի հետ»։ Սամվել Լուլուկյանը երրորդ անգամ է մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին։ «Առաջինը 2019-ին էր` Քյոլնում, երկրորդը՝ անցյալ տարի՝ Բեռլինում: Կարելի է ասել՝ ինձ ճանաչում է, իմ հարցից հետո անգամ մանիպուլյացիայի դիմեց, շնորհակալություն հայտնեց, դա ներկայացրեց ժողովրդավարության հաղթանակ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք։ Զոմբիացած մասսայից էլ կար ներկայացուցիչ, որ ելույթ ունեցավ, թե երկաթե նյարդեր ունեք, որ կարողանում եք բոլորի հարցերին պատասխանել, ձեր ինքնաթիռում 20 հոգի մարդ տանել։ Բայց, կրկնում եմ՝ ներկաներին անձնական հարցեր էին հետաքրքիր եւ բեմականացում, թե ժողովրդավար է Նիկոլ Փաշինյանը: Լուրջ հարց, հայրենիքի համար մտահոգություն, ինձնից բացի, տվեց միայն մեր կառույցի հնաբնակներից պարոն Վասիլյանը, որն էլ որպես քաղաքացի էր եկել, նա էլ «միջանցքից» էր հարցնում, Պարսկաստանի հետ փոխհարաբերություններից»,- ասաց Լուլուկյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մյունխենյան պաշտոնական հանդիպումներին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց, թե տարբեր խողովակներով ստացած  տեղեկատվությունն ամենեւին էլ «լավ բաների մասին» չի ասում, սակայն առայժմ կլռի, մինչեւ տարբեր աղբյուրներից հաստատում չստանա։ Նկատենք, որ Լուլուկյանի հարցին պատասխանելիս` ինչու այսքանից հետո հրաժարական չեք տալիս, Փաշինյանի խոսքում ոմանք  ակնարկ էին տեսել, որ ապագայում էլ հող տալու ծրագրեր ունի։ «...Այս ամենն ինչի՞ համար եմ ես ասում եւ անում, նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկրյա գործակա՞լ եմ, ով երազում ա, որ էլ ինչ հող տա որեւէ մեկին...»,- ասել է նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում