Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ միայն Հայաստանի դեպքում պետք է երրորդ պետության հետ պետական սահմանն ու հարաբերությունները կարգավորվեն միջազգային ու երկկողմ փաստաթղթերով, այլև դա աշխարհի բոլոր պետությունների համար է օրինաչափություն։ Եվ անհեթեթություն ու աբսուրդ է, երբ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը պատասխանել է այդ հարցին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածի խնդիրը Փաշինյանը հիմնավորում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով՝ «Պետական սահմանների մասին» օրենքով առաջնորդվելու փոխարեն:
Պատգամավորը Փաշինյանի այս դիրքորոշման մեջ նաև հստակ միտում տեսավ՝ նշելով, որ նա դիտմամբ է խառնաշփոթ ստեղծում։
«Խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում, որովհետև դեռ այն ժամանակ, երբ Սև լճի տարածքում 1 000-ից ավելի ադրբեջանցի, հենց իշխանությունների պնդմամբ, ուղղակիորեն ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք, իրենք պնդում էին, որ այո, կա ագրեսիա և այդ ագրեսիան կարող է ստանալ իր համարժեք արձագանքը։ Հիմա հռետորաբանությունն ամբողջությամբ փոխել են, ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով ևս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական այդ կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաև մեր կառավարության մերջբերումներն ու աշխարհին ներկայանալ ոչ թե որպես ագրեսորներ, որոնք ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, այլ երկու պետություն, որոնք ունեն սահմանային վեճ։ Սա ամենևին այդպես չէ։ Մենք ունենք խնդիր մեր պետական սահման ներխուժած անձանց հետ և, ըստ էության, պայքար չենք իրականացնում», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։