կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-31 14:31
Հասարակություն

Բաց նամակ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին հայ ժողովրդին Միջագետքի անապատ արտաքսելու մասին. Բեռլին, հունվար, 1919 թ.

Բաց նամակ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին հայ ժողովրդին Միջագետքի անապատ արտաքսելու մասին. Բեռլին, հունվար, 1919 թ.

Ալբերտ Մուշեղյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Արմին Թեոֆիլ Վեգները իր նշանավոր Բաց նամակը՝ ուղղված Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին առաջին անգամ տպագրեց 1919 թ․ փետրվարի 1-ին «Frau der Gegenwart» («Ժամանակակից կինը») լրագրում։ Ինչո՞ւ հենց այստեղ: Ինչպես արդեն նշել եմ , Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայում գործող գերմանա-թուրքական միությունն իր վերահսկողության տակ էր պահում ամբողջ տեղական մամուլը՝ դաշնակից Թուրքիայի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չտալու համար: 33-ամյա Արմին Վեգների մայրը՝ Մարի Վեգները, կանանց պացիֆիստական շարժման ճանաչված գործիչ էր, որն էլ ապահովեց ուղերձի արագ հրապարակումը: Միայն փետրվարի 23-ին Վեգներին հաջողվեց Բաց նամակը հրապարակել «Berliner Tageblatt» հեղինակավոր լրագրում, ինչպես պատշաճում էր ուղերձի բարձրաստիճան հասցեատիրոջը, որից հետո Բաց նամակը շատ մեծ արձագանք գտավ ամբողջ Եվրոպայում:

Ինչպես հայտնի է, 1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան անձնատուր եղավ (կապիտուլացվեց) և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից: Հայաստանը համարվում էր հաղթանակած Անտանտի «փոքր դաշնակից», որովհետև մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ:

1919 թ. հունվարի 18-ին Փարիզում` Վերսալի պալատում, բացվեց խաղաղության վեհաժողովը (կոնֆերանսը), որը ընդհատումներով շարունակվեց մինչև հաջորդ տարվա հունվարի 21-ը: Բացմանը մասնակցում էին 27 երկրների մոտ 2000 պատվիրակ: Հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) այստեղ պետք է հաշտության պայմանագրեր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ:

1919 թ․ փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի և ՀՀ պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ) ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թ․ փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հիշատակագիր» հետևյալ բովանդակությամբ՝ հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի և Կովկասի հայկական հանրապետության տարածքների միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշնակից տերություններից մեկի կամ Ազգերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էին նրա տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկական այդ պետության մանդատը 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հայերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձվեին իրենց բնակավայրերը։ Այդ փաստաթուղթը դրական ընթացք չստացավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի նկատմամբ կիրառվելիք միջոցների մշակմամբ և ամենևին չէին շտապում քննարկելու թուրքական հարցը, որի լուծման հետ սերտորեն առնչվում էին Հայկական հարցը և հայկական պետության ստեղծումը։ Միակ բանը, որ արվեց, այն էր, որ 1920 թ․ հունվարի 19-ին Փարիզի հաշտության կոնֆերանսում դե ֆակտո ճանաչվեց Հայաստանը: Հայկական հարցը հետագա քննարկման առարկա դարձավ 1920 թ․ Սան Ռեմոյի կոնֆերանսին և արտահայտվեց Սևրի պայմանագրում։

Արմին Վեգների սույն նամակը հայերեն տպագրվում է առաջին անգամ։

ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐ
ԿՏԱԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Բաց նամակ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին՝ հայ ժողովրդին Միջագետքի անապատ արտաքսելու մասին: Բեռլին, հունվար, 1919 թ.

—————————————————————————————————————

«Արտաքսելու նպատակն է ոչինչը» Թալաաթ Թուրքիայի ներքին գործերի նախարար

Պետության պարո՛ն պրեզիդենտ, մի՛ փակեք Ձեր ականջները, քանզի Ձեզ դիմում է մի անծանոթ։ Անցյալ տարվա հունվարի 8-ին Միացյալ Նահանգներին հղած Ձեր ուղերձում Դուք պահանջ էիք ներկայացրել ճնշումից ազատագրելու Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք ժողովուրդներին։ Նրանց թում են և հայերը։ Այդ ժողովրդի համար է, որ ես բարձրացնում եմ իմ ձայնը։ Իբրև այն սակավաթիվ եվրոպացիներից մեկը, որ ապրել է նրա ահավոր կործանումը՝ սկսած Անատոլիայի պտղաբեր դաշտերից մինչև նրա խղճուկ խլյակների բնաջնջումը Միջագետքի ամայի անապատներում, ես ինձ իրավունք եմ վերապահում ի ցույց դնել Ձեր առջև զրկանքի ու սոսկումի պատկերներ։ Գրեթե երկու տարի շարունակ անցնում էին դրանք հայացքիս առջևով, որպեսզի այլևս երբեք ինձ չլքեն։ Ես սա անում եմ այն պահին, երբ Ձեզ հետ դաշնակցած երկրները Փարիզում սկսում են խաղաղության բանակցություններ, որոնք պետք է որոշեն աշխարհի բախտը գալիք տասնամյակների համար։ Հայ ժողովուրդն ամենից աննշանն է շատերի մեջ. բանակցության առարկա է ավելի մեծ և ավելի փառահեղ պետությունների ապագան։ Ուստի սպասելի է, որ մի փոքրիկ, ծայրաստիճան թուլացած մարդկային ցեղի խնդիրը մի կողմ մղվի եվրոպական խոշոր պետությունների եսամոլական նկրտումների պատճառով, և այսպիսով, Հայաստանի գլխին խաղան անտարբերության ու մոռացման այն նույն խաղը, որ պատմության ընթացքում նրա հետ այնքան հաճախ է կրկնվել։ Դա չափազանց անարդար կլիներ, քանզի աշխարհի ոչ մի ժողովրդի հետ երբևէ նման անիրավություն չի կատարվել, ինչպես հայերի։ Հարցը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին, դա համայն մարդկության հարցն է։

Հայ ժողովուրդը, որպես այդպիսին, մասնակից չի եղել այս պատերազմին: Մինչև իսկ նրան հնարավորություն չի տրվել գործնական դեր ունենալու դրանում: Նա այս պատերազմի զոհն էր: 1915 թ. գարնանը, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերին երկրի երեսից բնաջնջելու անըմբռնելի ծրագրի իրագործմանը, նրանց արևմտյան եղբայրների ձեռքերը Ֆրանսիայում, Անգլիայում ու Գերմանիայում թաթախված էին սեփական դժբախտ արյան մեջ, որ նրանք գետի պես հեղում էին իրենց անմտության` ողբալի կուրության պատճառով։ Ոչ ոք արգելք չեղավ Թուրքիայի խավարամիտ իշխանավորներին` վերջ տալու իրենց տաժանագին խոշտանգումներին, որոնց գործադրումն իրապես կարելի է համեմատել միայն խելացնոր ոճրագործի արարքի հետ: Այսպես, նրանք մի ողջ ժողովուրդ` տղամարդկանց, կանանց, ծերերի, մանուկների, հղի մայրերի, անօգնական ծծկերների, քշեցին Արաբական անապատ` ո՛չ այլ մտադրությամբ, քան սովահար անել նրանց։

Եվրոպայում վաղուց սովոր էին Սիբիրը դիտել իբրև տնտեսապես աշխարհիս ամենազուրկ երկրներից մեկը, որտեղ ապրելն ամենախիստ պատիժն է համարվում։ Սակայն այդ երկրում կան նաև պտղաբեր դաշտեր, հակառակ ցրտաշունչ ձմռանը` խաղում է կազդուրիչ օդը, բայց ի՞նչ է Սիբիրի համեմատ միջագետքյան տափաստանը։ Մի լայնարձակ երկիր՝ զուրկ խոտից, զուրկ ծառերից, գրեթե անասունից զուրկ, ծածկված աղքատիկ սեզով, մարդկանցից զուրկ, որոնք առանց այդ էլ կարեկցանքի նշույլ չունեն։ Գորշ, կավածեփ տափարակը, որ ձգվում է շատ մղոններ, լերկ անապատներ՝ ժայռոտ ու քարքարոտ, խարխլված գետափեր, որոնց վրա անողոք արևն իր կրակն է թափում. աշնանը` անվերջանալի անձրևներ, ձմռանը ցրտաշունչ գիշերներ` սառնամանիքով կամ սառցե եղյամով: Երկու մեծ գետերից զատ՝ չկա ոչ մի ջուր: Մի քանի փոքրիկ գյուղեր հազիվ են հասցնում կերակրել մի բուռ արաբ հովիվների, որոնք ողորմելի աղքատության մեջ լինելով, ամեն օտարականի վրա նայում են իբրև բարեպատեհ որսի։

Մի հայրենիքից, որ նրանց էր պատկանում հազարավոր տարիներ, մինչև որ հռոմեացիք Պոմպեոսի օրոք նվաճեցին նրանց երկիրը, թուրքական կայսրության բոլոր կողմերից՝ բարձր լեռների կիրճերով, Մարմարա ծովի ափերից նրանց քշում էին հարավ՝ մինչև արմավենու օազիսները՝ ժողովելով այս անմխիթար կիրճերում։ Դա անում էին ներողություն հայցելով, որ հեգնանք է ամեն մի մարդկային զգացմունքի հանդեպ, հորդորելով հետները ուրիշ ոչինչ չվերցնել, կարծես նրանց նոր կացարաններ էին հրամցնելու, որտեղ կարող էին տնավորվել: Նախքան ընտանիքների տեղահանումը տղամարդկանց խմբերով կոտորում էին, շղթաներով կամ թոկերով իրար կապած՝ նետում գետը, ձեռքերն ու ոտքերը կապկպած գլորում լեռնիվար. կանանց վաճառում էին հասարակաց շուկաներում կամ ծերերին ու մանուկներին մահակի մահացու հարվածների տակ քշում փողոցներով՝ բռնի աշխատանքի։

Իբր այսքանը բավական չէ, իրենց ոճրագործ ձեռքերը հավիտենապես նույնքան արատավորելու համար նրանք մի ժողովրդի, որին (նախապես) զրկել էին պարագլուխներից ու
ճարտասան առաջնորդներից , օրվա ու գիշերվա ցանկացած ժամի արտաքսում էին քաղաքներից, կիսամերկ հանում անկողիններից, կողոպտում նրանց տները, հրկիզում շեները, ավերում եկեղեցիները կամ վերածում դրանք մզկիթների։ Խլում էին հայերից նրանց անասունը, վերցնում նրանց էշերն ու սայլերը, ձեռքերից հափշտակում հացը, մերկացնում նրանց անդամները, հափշտակում ծամերի ու ատամների ոսկին։

Պաշտոնյաներ, սպաներ, զինվորներ կատաղի մոլուցքով մրցակցում էին անասնական հաճույքի համար դպրոցներից դուրս էին քարշ տալիս փխրուն կազմվածքով որբ աղջիկների, որ բռնաբարեն: Ծանր հղի կամ մահամերձ կանանց ցիցեր էին խրում, և կինը, չկարողանալով քարշ գալ, վայր էր ընկնում գյուղամիջյան ճանապարհին ու հանգում, մինչ նրա տակի փոշին վերածվում էր արնաշաղախ տիղմի։

Երկայն ճանապարհով անցուդարձող ուղևորները հայացքները զարհուրած շրջում էին դիվային վայրագության այս հարափոփոխ պատկերներից, որպեսզի իջևանատներում հայտնաբերեն բակերի գոմաղբի մեջ պառկած նորածին մանկանց։ Ճանապարհներին սփռված էին տղաների հատած ձեռքեր՝ կտտամահ արվածների գութ հայցող ձեռքեր, որ աղերսանքով մեկնած են եղել իրենց խոշտանգողներին։ Գաղթականների թափորներից, որ մեկնելու ժամանակ հայրենի Բարձր Հայքում բազմահազար շունչ էին հաշվվում, Հալեպ քաղաքի սահմաններին հասնելիս միայն մի քանի հարյուր մարդ էր մնացել, մինչդեռ դաշտերը ծածկված էին ուռած կամ սևացած դիերով, որ օդում վարակ էին տարածում: Անարգված, մերկանդամ ու շորերը կողոպտած՝ փռված էին նրանք շուրջբոլորը, կամ մեջք մեջքի կապած՝ նրանց հրում գցում էին Եփրատը՝ ձկներին կեր։ Չնայած դրան՝ նրանց բազմությունները, որ հանդիպեցին անապատում՝ Ռաքքայի մոտ, Եփրատի ափին , դեռևս հազարներով էին հաշվվում։ Երբեմն ժանդարմները, ի պատասխան մյուս երկրների բողոքի, կարծես ծաղրելու համար սովյալների ցամաքած ձեռքերին մի քիչ ալյուր էին շաղ տալիս։ Նրանք ագահաբար լպստում էին այն, որովհետև հնար չունեին դրանից հաց թխելու։ Միակ արդյունքն այն էր, որ երկարում էր նրանց հոգեվարքը։ Բայց Հալեպի դարպասների առաջ էլ նրանց դադար չտվեցին։ Պատերազմի անմիտ պատրվակով, որ ոչ ոք չի կարող արդարացնել, նրանց նոսրացող շարանները, արևակեզ ճանապարհներով, քարքարոտ ձորերով, անանցանելի բլուրներով, հիվանդությունից ու տենդից դողահար, քշվեցին հարյուրավոր մղոններ՝ դեպի կիսաարևադարձային ճահճուտները, դեպի չգոյության ամայություն։

Այսպես մեռնում էին նրանք՝ քրդերից զարկված, ռազմական պահնորդներից կողոպտված, գնդակահարված, կախված, թունավորված, դաշունահար, խեղդամահ արված, վարակներից հյուծված, ջրահեղձ, ցրտահարված, ծարավից տոչորված, սովալլուկ, նեխած, շնագայլերից հոշոտված։ Մանուկները լալիս էին մահամերձ, տղամարդիկ ջախջախվում ժայռերին, մայրերն իրենց փոքրիկներին նետում էին ջրհորները, հղի կանայք, իրար ձեռք բռնած, երգելով նետվում էին Եփրատը: Աշխարհի բոլոր մահերով, բոլոր դարերի մահերով մեռնում էին նրանք: Ես տեսել եմ խելագարների, որ իրենց արտաթորանքն էին ուտում իբրև կերակուր, հանդիպել եմ կանանց, որ եփում էին իրենց նորածին զավակների մարմինները, աղջիկների, որ հերձում էին իրենց մայրերի դեռևս տաք դիակները, որպեսզի մահացածի աղիներում փնտրեն ավազակաբարո ժանդարմների ահից կուլ տված ոսկին։

Ավերակ իջևանատներում նրանք պառկում էին կիսանեխ դիակների կույտերի մեջ և անտարբեր սպասում մահվան: Որովհետև ինչքա՞ն կարող էին նրանք այդ կերպ ձգել իրենց գոյությունը՝ ձիերի կոյաղբի մեջ հատիկներ որոնելով կամ խոտ ճարակելով: Սա միայն չնչին մասն է այն ամենի, ինչ որ ես անձամբ եմ տեսել, ինչ որ ծանոթներն ու ճամփորդներն են ինձ պատմել, կամ լսել եմ տեղահանվածների բերանից։

Պետության պարո՛ն պրեզիդենտ, երբ Դուք թերթելու լինեք սարսափազդու դեպքերի այն ամփոփագրերը, որ անաչառությամբ հավաքել են լորդ Բրայսը Անգլիայում և Յոհաննես Լեպսիուսը Գերմանիայում, ապա կտեսնեք, որ ես չեմ չափազանցնում։ Բայց եթե արդեն Ձեր ձեռքին են, ինչպես ենթադրում եմ, սոսկումի այն պատկերները, որոնց ամբողջ աշխարհն է տեղյակ՝ բացի Գերմանիայից, որոնց իսկությունն այստեղ ամենաամոթալի ձևով ժխտում էին, ապա ո՞ր իրավունքով եմ ես դրանք ուղղակի երդումով հաստատում։ Ես դա անում եմ մարդկային համերաշխության իրավունքով, մի սրբազան խոստումի պարտականությամբ։
Երբ անապատում թաքուն շրջում էի տեղահանված գաղթականների ճամբարներով, նստում նրանց վրաններում՝ սովյալների ու մեռնողների հետ իրենց խսիրի վրա, նրանք պարզում էին ինձ աղերսող ձեռքերը։ Նրանց քահանաների ձայնը , որ հարյուրներով մեռելներ էր օրհնել թաղելիս, ինձ երդվել տվեց օգնություն խնդրել նրանց համար, երբ կրկին Եվրոպայում լինեմ։ Բայց այն երկիրը, ուր ես վերադարձա, պարտված կողմն է։ Իմ սեփական ժողովուրդն ինքը կարիքի մեջ է։ Քաղցածներ, հիվանդներ, թշվառներ լցվել են քաղաքներն ու փողոցները: Մի՞թե ես կարող եմ օգնություն խնդրել մի երկրից, որն ի զորու չէ թերևս շուտով օգնել ինքն իրեն, ո՞ւր մնաց մի ավելի խեղճ երկրի։ Դրա համար էլ ես դիմում եմ Ձեզ՝ վստահ իմ խոսքերի զորությանը: Այս նամակը կտակ է. իմ բերանով հազարավոր մեռելներ են խոսում։

Պարո՛ն պրեզիդենտ, հայ ժողովրդի հանդեպ գործած անիրավությունը չափ ու սահման չունի: Ես կարդացել եմ գրեթե այն ամենը, ինչ գրվել է այս պատերազմի մասին։ Իմ մեջ խոր կնիք են թողել աշխարհի բոլոր երկրներում գործված ոճիրները՝ ճակատամարտերի, արկերից ցրիվ եկած նավերի, ինքնաթիռներից քաղաքների վրա նետվող ռումբերի պատճառած զարհուրելի կոտորածները, Բելգիայում կատարված քստմնելի սպանությունները, ֆրանսիացի գաղթականների թշվառությունը, Սիբիր քշված գերմանացիների ու գերիների տառապանքը, Ռումինիայում մոլեգնող սարսափելի ճարակներն ու վարակները, բայց այստեղ խոսքը վերաբերում է մի անօրենության, որին չի ենթարկվել այդ ժողովուրդներից ոչ մեկը՝ ո՛չ ֆրանսիացի, ո՛չ բելգիացի, ո՛չ անգլիացի, ո՛չ ռուս, ո՛չ սերբ, ո՛չ ռումին և ո՛չ էլ գերմանացի, որն այսքան չարիք տեսավ այս պատերազմում։ Սոսկ վայրենի ժողովուրդներն են, հավանաբար, հնում ենթարկվել նման ճակատագրի։ Մինչդեռ այստեղ խոսքը վերաբերում է բարձր կրթությամբ մի ժողովրդի՝ փառահեղ անցյալով, արվեստի, բանաստեղծության և գիտության գործերում ներդրած անուրանալի վաստակով, բազմաթիվ գաղափարական այրերով, խոր հավատքի տեր, պանծալի հոգևորականությամբ մի քրիստոնյա ժողովրդի։

Նրանց ազգակիցներից շատերը, պարոն պրեզիդենտ, ովքեր, խույս տալով Թուրքիայում հետապնդումներից, ավելի վաղ ցրվել էին ողջ աշխարհով մեկ, երկար տարիներ ապրել են Ձեր երկրում։ Նրանք տիրապետում էին աշխարհի գրեթե բոլոր լեզուներին։ Նրանց կանայք ու դուստրերը վաղուց սովոր էին նստել ճոճաթոռին կամ մաքուր հարդարված սեղանի առջև, ոչ թե կուչ գալ անապատում մի փոսի շուրջ։ Խելամիտ վաճառականներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ էին նրանք, ազնիվ, հաջողակ շինականներ, որոնք բարեբեր էին դարձնում Թուրքիային հպատակ իրենց երկիրը: Նրանց միակ մեղքն այն էր, որ խոսում էին ուրիշ լեզվով և ի ծնե ուրիշ հավատքի զավակներ էին։

Ամեն ոք, ով ծանոթ է այս պատերազմից առաջ Անատոլիայում տիրող իրավիճակին, ով սթափ հայացքով հետևել է այս ժողովրդի ճակատագրին, գիտե, որ հայ ռասայի դեմ միտված բոլոր մեղադրանքները այլ բան չեն, քան նողկանք հարուցող հերյուրանք, որ նրանց անագորույն իշխանավորները մեծ ջանքով ու հնարքով հորինում էին իբրև արդարացում իրենց մոլագար և վայրագ բռնատիրության, քանզի երբևէ չեն առնչվել ճշմարտացիության և մարդկայնության գաղափարին։ Բայց եթե անգամ բոլոր այս պարսավանքները ճշմարիտ լինեին, դարձյալ չպիտի արդարացնեին հարյուր հազարավոր անմեղների հանդեպ գործած զարհուրելի բռնարարքները։

Ես չեմ դատապարտում իսլամը։ Յուրաքանչյուր մեծ դավանանքի միտումն ազնիվ է, և որոշ մահմեդականների վերաբերմունքը ստիպում է մեզ ամոթից գլուխներս կախել Եվրոպայի արարքների առաջ։ Ես չեմ դատապարտում հասարակ թուրք ժողովրդին, որի հոգին լի է խոր բարոյախոսությամբ , բայց և չեմ հավատում, թե նրան առաջնորդող այրերն ի զորու են երկիրը երբևէ երջանիկ դարձնելու այն բանից հետո, երբ խորապես խորտակվեց մեր հավատը բարեկրթվելու նրանց ունակության հանդեպ, և ակներև է, որ Թուրքիան երկար ժամանակով կորցրել է ինքն իրեն կառավարելու իրավունքը։
Պետության պարոն պրեզիդենտ, Դուք պետք է հավատ ընծայեք իմ անկողմնակալությանը, քանզի այս մասին Ձեզ դիմում եմ իբրև գերմանացի, իբրև մի ժողովրդի ներկայացուցիչ, որն ամենասերտ կերպով բարեկամացել էր Թուրքիայի հետ։ Այդ բարեկամության պատճառով էլ մեզ ամենաանարդար ձևով պարսավում էին սպանդին և մարդորսությանը մեղսակից լինելու համար։ Գերման ժողովուրդը տեղյակ չի եղել այդ ոճրագործությանը։ Եթե նրա վարչախումբը, որ բոլոր ժամանակներում կրքոտ կերպով հակադարձել է նման անմիտ նախադեպերին, մի հանցանք է գործել, ապա դա թուրքական հոգետեսակը չըմբռնելն է և մարդկային զգուշավորությունը, երկյուղն ու մտահոգությունը սեփական ժողովրդի ապագայի հանդեպ։ Ես լռության չեմ տալիս նաև այն, որ անզորությունը ևս հանցանք է ժողովուրդների կյանքում։

Սակայն այս տեղահանումը հնարավոր դարձնելու և հրահրելու դառն նախատինքը միայն Գերմանիային չի վերաբերում։ 1878 թ․ հուլիսի բեռլինյան պայմանագրով ամբողջ Եվրոպան հանձն առավ հայ ժողովրդի անդորրի և անվտանգության երաշխավորությունը։ Երբևէ կատարե՞լ է նա այդ խոստումը։ Նույնիսկ Աբդուլ Համիդի հրահրած զանգվածային սպանդներն ուշքի չբերեցին Արևմուտքին։ Կույր ընչաքաղցությամբ հետապնդում էր նա իր սեփական շահախնդիր նպատակները՝ չցանկանալով պաշտպան կանգնել մի վտանգված ժողովրդի։ Թուրքիայի և Ձեզ դաշնակից ժողովուրդների միջև կնքված զինադադարի պայմանագրում, որին ողջ աշխարհի հայությունը տենդագին լարումով էր սպասում, Հայկական հարցը հազիվ է շոշափված։
Մի՞թե անպատվաբեր խաղը պետք է երկրորդ անգամ ևս կրկնվի, և հայերը վերստին անցյալից հիասթափության դասեր քաղեն։ Չպետք է թույլ տալ, որ այս փոքր ժողովրդի ապագան քարշ գա մեծ պետությունների եսամոլական միտումների և նկրտումների ետևից։ Պարոն պրեզիդենտ, փրկե՛ք Եվրոպայի պատիվը։

Ռուսական ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայերին շնորհել է ազատ ինքնորոշման իրավունք. այս ժողովրդի պատգամավորները Փարիզում հռչակեցին Հայաստանի անկախությունը ։ Բայց այդ իրավունքը ճանաչելիս ժողովուրդները չպետք է աչքաթող անեն ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի նախկին հայկական մարզերը անմարդաբնակ տարածք են դարձել, ուր նրա բնակչության երկու երրորդը այլևս երբեք չի վերադառնալու։ Անուղղելի սխալ կլինի, եթե Ռուսաստանի հայկական մարզերը մեկընդմիշտ չզատվեն այդ կայսրությունից, որպեսզի Անատոլիայի և Կիլիկիայի գավառների հետ միավորվեն մեկ երկրի մեջ, որը թուրքական գերիշխանությունից ազատագրված, ելք կունենա դեպի ծով։ Միայն այս դեպքում հնարավորություն կտրվի ոչ միայն ռուսական սահմանից այն կողմ գտնվող բազմաթիվ գաղթականներին վերադարձնել իրենց բնիկ հողը, այլև նորից կենդանացնելու ամայացած քաղաքներն ու շեները։

Պարո՛ն պրեզիդենտ, բավական չէ, որ Դուք միայն իմանաք այս ժողովրդի տառապանքը, այլ որ նրան մի պետություն են տալիս, որի տներն ավերված են, դաշտերը՝ ամայացած, քաղաքացիները՝ կոտորված։ Այդ ժողովուրդն այնքան ուժասպառ է, որ սեփական ուժերով չի կարող ոտքի կանգնել։ Առևտուրը խափանված է, արհեստը, արդյունագործությունը՝ պարապուրդի մատնված։ Մարդկանց մեջ ոչնչացված կորովը դեռ երկար ժամանակ չի կարող վերականգնվել։ Այն անբավ հարստությունները, որ այս երկրի ընչաքաղց կեղեքիչները կուտակել են տեղահանվածների թողած գանձերի հաշվին, սոսկ չնչին երաշխիք կարող են լինել։

Շատ հայեր բռնի ուժով իսլամ են ընդունել, հազարավոր մանուկներ գողացվել են, հազարներով կանանց առևանգել ու թուրք կանանց համար աղախին դարձրել։ Նրանց բոլորին պետք է ազատությունը վերագտնելու երաշխիք տրվի։ Բռնադատման բոլոր զոհերը, որոնք հրաշքով փրկվել են, պետք է ոտք դնեն իրենց հայրենիքը, ովքեր երկու տարի և ավելի ապրել են անապատում, իրենց կորած ինչքի դիմաց պետք է փոխհատուցում ստանան, իսկ որբերը՝ խնամք։ Այն, ինչի կարոտ է այս ժողովուրդը, սերն է, որից նա այդքան երկար զրկված է եղել։ Սա՛ է մեր բոլորի մեղքի ապաշխարանքը։
Պարոն պրեզիդենտ, հպարտությունն ինձ թույլ չի տալիս որևէ բան խնդրել իմ սեփական ժողովրդի համար։ Ես կասկած չունեմ, որ նա իր տառապանքների լիությունից ուժ կառնի՝ անձնազոհությամբ համագործակցելու աշխարհի փրկության համար։ Սակայն հայ ժողովրդի համար, որ ահավոր նվաստացվել է, իմ արյունոտված խիղճն ինձ ստիպում է միջնորդ դառնալ։ Եթե այս պատերազմից հետո էլ նրան սատար չկանգնեն, նա գուցեև կործանվի առմիշտ։ Մի մարդու պոռթկումով, որն իր սեփական տառապած հոգում զգացել է նրա կրած չարչարանքների ամոթը, ես բարձրացնում եմ այն թշվառների ձայնը, որոնց գանգատներին ունկնդիր էի՝ օգնելու անկարող, որոնց սոսկալի մահը ես՝ անզորս, պետք է տեսնեի։ Եփրատի անապատները ծածկող նրանց ոսկորները վերստին մարմին են առնում իմ սրտում և հորդորում ինձ դիմել Ձեզ։ Ես մի անգամ արդեն բախել եմ ամերիկյան ժողովրդի դուռը, երբ Մեսքենեի ու Հալեպի գաղթականների ճամբարներից տեղահանվածների աղերսագրերը 1916 թ․ աշնանը հանձնեցի Կոստանդնուպոլսում Ձեր դեսպանությանը 9։ Գիտեմ, որ իմ ջանքերը զուր չեն անցել։

Ես պատասխան չեմ ակնկալում այս նամակին։ Բայց եթե Դուք, պարոն պրեզիդենտ, Ձեր պետական գործունեության համար իսկապես հիմնական սկզբունք եք դարձրել նվաստացած ժողովուրդներին զորավիգ լինելու վեհ գաղափարը, ապա չպետք է անտեսեք, որ այս խոսքերից մի զորավոր ձայն է հնչում, այն միակ ձայնը, որ արտոնյալ իրավունք ունի լսելի լինելու բոլոր ժամանակներում․ դա մարդկայնության ձայնն է:

«Դրօշակ», թիվ 8(1654), օգոստոս, 2021 թ.