կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 21:15
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում պետության հիմքերին հարվածող թիմ կա և մենք դրա հակառակ կողմում ենք․ Քրիստինե Վարդանյան

Մեկ բան է՝ պատերազմում կորցնել տարածքներ, մեկ այլ բան՝ արդարացնել այդ տարածքների կորուստը, հիմնավորել, որ դրանք թշնամունն են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեկնաբանելով փաստը, որ իր հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հայտարարել, որ Շուշին ու Հադրութը միայն ժամանակավոր են օկուպացված թշնամու կողմից, և ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է այդ բնակավայրերը հայերին վերադարձնելու համար։

«Իսկապես ազգային ամոթ և խայտառակություն է, որ ՀՀ ներկա իշխանությունը դեռևս ոչ մի կերպ չի հայտարարել, որ շուշեցին, որն ստիպված լքել է իր տունը, պիտի վերադառնա այդ տուն, ու մենք ամեն ինչ պիտի անենք դրա համար։ Չի հայտարարել, որ հադրութեցին, ով լքել է իր տունը, պիտի վերադառնա տուն և ՀՀ-ն դրա համար ամեն ինչ անելու է։ Եվ ամեն ինչ մի կողմ՝ շատ կարևոր էր, որ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը ինչ-որ կերպ այդ մասին իմաց տար»,-ասաց նա։

Քրիստինե ՎԱրդանյանի համար նման խուսափողական պատասխանը ակնկալելի էր, բայց կարևոր է համարում, որ ժողովրդական լայն մասսաների համար պիտի պարզ լինի որն է սևը, որը՝ սպիտակը։

«Հիմա ունենք փաստ, որ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը ուղիղ հարցի դեպքում հրաժարվում է որևէ կերպ հայտարարել, որ այդ տարածքները հայկական են, հրաժարվում է հայտարարել, որ այդ տարածքներում տունը կորցրած մարդիկ մի օր կարող են տուն վերադառնալ»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը ընդգծեց, որ նաև աննախադեպ բան տեսանք՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայկական գյուղերը անվանեց ադրբեջանական անվանումներով, խոսեց, որ դրանք ըստ Սովետական քարտեզների չեն եղել ՀՀ կազմում, ասաց, որ ՀՀ-ն չի պաշտպանելու այդ տարածքները, և դրանից հետո միայն մենք տեսանք թշնամական զորքի դուրսբերումը ՀՀ տարածքից։

Այս ամենից հետո առաջարկությունները, որ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցեն, նրա համոզմամբ, անիրականանալի են։

«Այս մարդկանց հետ համագործակցել նշանակում է օգնել ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը»,-փաստեց նա։

Քրիստինե Վարդանյանը մինչև ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր դառնալն էլ ՀՅԴ ակտիվիստների հետ բոլոր հնարավոր միջոցներով ակտիվ պայքարում էր գործող իշխանությունների ապօրինությունների դեմ։ Հիմա, երբ դեմ առ դեմ պետք է պայքարի Փաշինյանի քաղաքական թիմի դեմ, նկատում է՝ այդ մարդիկ հստակ գիտակցում են՝ ինչ են անում և լիարժեք պատասխանատվություն են կրում իրենց ապազգային քայլերի համար։

«ԱԺ մտնելուց հետո ավելի վճռական փուլ է պայքարը մտել և, ըստ այդմ, մեր տրամադրությունները և գործելաոճն էլ պետք է այդպիսին լինի։ Ինձ համար մեկ արձանագրում եմ արել․ ի տարբերություն 7-րդ գումարման ԱԺ-ի, 8-րդ գումարման ԱԺ-ի իշխող կուսակցության թիմի բոլոր անդամները շատ լավ պատկերացնում են իրավիճակը, գաղափարական մարդիկ են, շատ լավ գիտեն, թե իրենք ինչ պատմական առաքելություն ունեն, գիտեն՝ իրենց քայլերը ինչ հետևանքներ ունեն, և կամովին ստանձնել են դա իրականացնելու։ Այս ԱԺ-ում ՔՊ թիմում չկան մարդիկ, ովքեր միամիտ են, պատահաբար են այնտեղ հայտնվել, չեն գիտակցում, թե ինչ փորձանք են իրենք բերում ՀՀ գլխին, բոլորը շատ լավ գիիտեն՝ ինչ է դրված նժարին, գիտակցաբար արել են իրենց ընտրությունը և աշխատում են ՀՀ դեմ»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի համար ակնհայտ է, որ ԱԺ-ի ՔՊ-ականները հստակ գիտեն իրենց քայլերը ինչ հետևանքներ են ունենում և գիտակցաբար ընտրել են հակահայաստանի ճամբարը, և որոշել է, որ իր վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ համապատասխան պետք է լինի։

«Ինչպե՞ս դուք կվերաբերվեք մեկին, ով ուզում է ոչնչացնել ձեր ընտանիքը կամ իր գործողություններով տանում է դրան․ նույնն էլ այս պարագայում է։ Այստեղ պետության հիմքերին հարվածող թիմ կա, և մենք այդ թիմի հակառակ կողմում ենք․ սա է ամբողջ պատկերը, որը ես ինքս ինձ համար արձանագրել եմ և ուզում եմ, որ մարդիկ էլ այս իրականությունը տեսնեն»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․