Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Նա Yerkir.am-ի զրուցակիցն է:
-ՀՅԴ-ն միշտ նշում է, որ կուսակցության ասելիքն է կարևոր, կուսակցության ծրագիրն է առաջնահերթ ասելիքը, բայց կոալիցիոն հուշագրից հետո ՀՅԴ վարկանիշը, ասում են, ընկել է:
-Կարող է, բայց սա սուբյեկտիվ է: Չգիտեմ, թե ինչու է վարկանիշը ընկել կամ, առհասարակ, ընկե՞լ է, թե՞ ոչ: Մի բան մենք կարող ենք հստակ ասել մեր ընտրողին, որն այնքան հստակ է սևով գրված սպիտակի վրա, որ ամենաչուզող մարդն էլ չի կարող չտեսնել: Նախ` այս վերջին տարիների ընթացքում չենք հիշի որևէ դեպք, որ Դաշնակցությունն իր կողմնորոշումը փոխած լինի: Սա հստակ է բոլորի համար: Չենք տեսել մեկ օր, մեկ վայրկյան, որ Դաշնակցությունն իր քաղաքական վեկտորը փոխած լինի` մի օրը լինի ազգայնական, մյուս օրը հանկարծ դառնա լիբերալ, հետո դառնա արևմտամետ և հանկարծ շատ կտրուկ հայտարարություններ անի, որ ինքը ռուսամետ է, բայց այդպիսի բազմաթիվ գործիչներ և ուժեր ենք տեսնում չէ՞: Մենք տեսնում ենք այսօր կարկառուն գործիչներ իշխանության բուրգի ամենավերևներում, ովքեր, կուրծք պատռելով, արդարացնում էին հայ-թուրքական արձանագրությունները, հետո, կուրծք պատռելով, ասում էին, որ սա սխալ էր, և թուրքերը մեր առաջ նախապայմաններ են դրել: Սա պետք է կարողանալ տեղ հասցնել մեր ընտրողին, և վստահ եմ` շատերը դա տեսնում են, գնահատում:
Երկրորդ` տարաբնույթ ընտրությունների ընթացքում մենք չենք հիշի մի դեպք, երբ Դաշնակցությունն ընտրություններին գնացել է դաշինքով: Սա ի՞նչ է նշանակում: Սա ցույց է տալիս մեկ բան` թող մեծամամտություն չթվա, բայց գաղափարական դաշտում ամբողջ Հայաստանի իրականության մեջ մի կողմում կա Դաշնակցություն, մյուս կողմում` այն, ինչ մենք այսօր ունենք: Մենք տեսել ենք, թե ինչպես մեկ գիշերվա ընթացքում ՀՀՇ-ն դատարկվեց, դարձավ Հանրապետական, և շատ այլ դեպքեր էլ ենք տեսել:
Երրորդ` մենք միշտ` նորանկախ հանրապետության ստեղծման առաջին օրերից, տարբեր ձևերով քննադատել ենք մեր ժողովրդին անտարբեր դարձնելը, մեր ժողովրդին նյութապաշտ դարձնելը, իսկ սա մենք տեսել ենք միշտ, նույնիսկ մտածել ենք, որ միտումնավոր է արվում, և հասել ենք այն օրին` ինչ ունենք: Մենք ունեցել ենք «Քվեն ուժ է» շարժումը. իրոք, քվեն ուժ է: Դեմոկրատական ցանկացած երկրի համար դեմոկրատական ինստիտուտի ամենամեծ և առաջին զենքը քվեն է, և պետք է դողալ, սիրել, պաշտպանել, փայփայել քվեն: Մենք եկանք այն իրականությանը, որ, ցավոք, մեր հայրենակիցների մեծամասնությունն իր քվեին չի հավատում, այլ հավատում է այսօրվա փողին: Հիմա խոսում են, չէ՞, որ ավելի շատ է ընտրակաշառքը, բայց ինքն իր քվեին չի հավատում: Պետք է փորձենք հետ բերել: Իմ հույսը երիտասարդ սերունդն է, քաղաքացիական ակտիվ հասարակությունը: Շատ լավ երիտասարդներ ունենք: Այ պետք է հիմա փորձել, որ այս սերունդը գործընթացները վերցնի իր ձեռքը և ազնվորեն պայքարի: Հետ ենք ընկել:
-Ասացիք` հետ ենք ընկել: Ձեր կուսակցության մեղավորությունը կա՞:
- Ես չեմ ուզում կուսակցության մասին խոսել: Ամեն դեպքում` ես չեմ հիշում, ես այն թևին չեմ պատկանում, որ կոալիցիա մտնելը համարում է սխալ: Եթե դու նպատակին հասցրել ես ինչ-որ մի բան, ուրեմն արդարացված է ամեն ինչ: Բժիշկ լինելով` ես վերլուծում եմ այս ամենը: Մեր իրականության մեջ քաղաքական ամենամեծ ձեռքբերումը սահմանադրական բարեփոխումներն էին և հենց այս` նոր ընտրական մոդելը, որից օգտվում են հիմա բոլորը: Հիմնականում օրենքն ընդունելու ժամանակ փողոցային հեղափոխության և անհնազանդության կոչեր էին արվում, միայն թե այս ընտրական օրենսգիրքը չանցներ, Սահմանադրությունը չանցներ, որ մեծ լծակներ ունեցող նախագահի ինստիտուտից չզրկվեին: Իսկ մենք ասում էինք` մարդկանց տեղը փոխելիս իշխանափոխություն չի լինում: Դաշնակցությունը շատ ավելի բարդ ուղի է ընտրել:
- Ասացիք, որ դուք չեք շեղվում ձեր ուղուց, ի տարբերություն ոմանց: Քաղաքական դաշտում հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, իշխանական կուսակցությունից մարդիկ առանձնացան, հիմա ընդդիմադիր դաշտում են գտնվում, դաշինքներ ստեղծվեցին:
-Նորմալ է: Հետաքրքիր պատկեր ունենք` ով ում միացավ, ով ինչ է ասում, ով ինչ է անում, հետաքրքիր է այնքանով, որ կողքից հետևում ենք մի խառնաշփոթ պայքարի: Որևէ դաշինք, գաղափարական հենքի վրա կազմված, չտեսանք: Ռեսուրսների բաշխում, ռեսուրսների վերամիավորում և փնտրտուք տեղի ունեցավ: Դաշինքների գաղափարախոսությունը դա էր: Դաշինքներ ստեղծվեցին, որոնց մեջ մարդիկ են, ովքեր մի քանի տարի առաջ բարիկադների տարբեր կողմերում էին, թշնամի էին, իսկ այսօր միմյանց ձեռք են սեղմում, բայց ինչո՞ւ: Որովհետև նոր Սահմանադրությունը, նոր իրողությունները, որոնց հեղինակը Դաշնակցությունն է, հանգեցրեց նրան, որ նրանք էլ զգացին` ռեալ կարող են իշխանության լծակները ստանալ, իշխանության մեջ լուրջ տեղ գրավել, մեծ ազդեցություն ունենալ երկրի կառավարման մեջ: ԱԺ պատգամավորի դերը տասնապատիկ բարձրացվեց, և դրա հեղինակը մենք ենք, ու սա միանշանակ է:
- Քաղաքական այս խառնաշփոթի մեղավորը Դաշնակցությո՞ւնն է:
- Այո, կարելի է այդպես ասել (ծիծաղում է): Հետո կբյուրեղանա: Վերջին հաշվով կտեսնենք, որ ընտրություններից մեկ կամ երկու տարի հետո քաղաքական դաշտում գրանցված 100 կուսակցությունից մնալու են մի քանիսը: Ով ուժեղ է, թող նա էլ մնա, իսկ Դաշնակցությունը միշտ եղել է, կմնա, որովհետև, քանի հայությունը կա, Դաշնակցությունը կա, սա է իրականությունը, ուզեն, թե չուզեն:
-Բազմավաստակ բժիշկ եք, լավ կպատկերացնեք Ձեր ոլորտում առկա բացերն ու խնդիրները: ԱԺ անցնելու դեպքում արդեն պատկերացում ունե՞ք` ինչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու:
-Այո, միանշանակ: Խորհրդարանում կա առողջապահության հանձնաժողով, ես ընդհանրապես իրավունք չեմ վերապահում ինձ նրանց աշխատանքն այսօր գնահատելու, քննադատելու կամ ուղղորդելու, բայց որ օրենսդիր մարդկանց, գրագետ մարդկանց, օրենք գրել կարողացող մարդկանց կարիք ունի ԱԺ-ն` ընդհանրապես, առողջապահության հանձնաժողովը` մասնավորապես, սա փաստ է: Մինչև այսօր չունենք հստակ հասկանալի` առողջապահության մասին օրենք: Մինչև այսօր չունենք օրենսդրորեն սահմանված, թե ինչպիսի համակարգ ունենք մենք` ապահովագրական բժշկությո՞ւն է, պետական բժշկությո՞ւն է, մասնավո՞ր է, վճարովի՞ է, անվճա՞ր է: Իրոք, խառնաշփոթային տարբերակներ կան: Սրանք հստակեցման խնդիր ունեն: Ավելորդ համեստություն չեմ ուզում անել, բայց չեմ էլ ուզում մեծամիտի տպավորություն թողնել, բայց որ այստեղ Կուրղինյան Աշոտը, ելնելով իր փորձից` որպես պրակտիկ բժիշկ և որպես Շիրակի մարզի ամենամեծ հիվանդանոցներից մեկը 13 տարի շարունակաբար կառավարող ու տարբեր դժվարությունների միջով կայուն զարգացման տանող մարդ, ընդհանուր առմամբ, իր ասելիքն ունի և լուրջ պատկերացումներ ունի այս ամեն ինչի մասին, դա էլ է հստակ:
- Որպես բժիշկ` ԱԺ-ն ռենտգեն արե՞լ եք, ապա` ախտորոշում տվել, պատկերացում ունե՞ք` ինչպես եք բուժելու:
-ԱԺ-ի ախտորոշումը, իմ կարծիքով, անելու համար հատուկ ռենտգեն սարքի կարիք չկա, որ ինչ-որ բան տեսնես: Բոլորս էլ անզեն աչքով տեսնում ենք, որ այն հիվանդ օրգանիզմ չի եղել, այդպես չի կարելի անվանել: Դա օրգանիզմ է, որի մեջ կան ուժեղ կողմեր, շատ լավ կողմեր, բայց նաև թույլ կողմեր կամ լրիվ չաշխատող օրգաններ: Բուժման միակ մեթոդը ԱԺ-ն բացառապես հարյուր տոկոսով գրագետ, ազգային մտածելակերպով օժտված, օրենսդիր մակարդակ ունեցող մարդկանցով հագեցնելն է, միայն սա է բուժումը: Նոր Սահմանադրությամբ հստակ ամրագրված է` ԱԺ-ն ունի լայն լիազորություններ, մնում է այդ լիազորություններն իրականացվեն գրագետ մարդկանց կողմից` անկախ կուսակցական պատկանելությունից, որովհետև միայն Դաշնակցության մեջ չեն նման մարդիկ, պետք է կուսակցությունների սերուցքը գա այնտեղ, և ամեն ինչ լավ կլինի:
Զրուցեց Ամալյա Առաքելյանը