կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-22 21:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլորակի առումով առաջատար ատոմային 4 ինստիտուտների փորձագետներ Հայաստանում մոդեռնիզացնում են Ատոմակայանը․ Արա Մարջանյան

Տարածաշրջանի միակ երկիրը, որ ավելցուկային էներգետիկ հզորություն ունի՝ Հայաստանն է, և Հայաստանն է տարածաշրջանի միակ երկիրը, որ ունակ է շոշափելի մակարդակով էլեկտրականություն արտահանել այլ երկրներ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՄԱԿ-ի՝ էներգետիկայի հարցերի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն ու Հրազդանի 5-րդ էներգաբլոկը միաժամանակ կանգնած են, պատերազմի հետևանքով Արցախում ՀԷԿ-երի կորուստներ ունենք․ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարն ասաց, որ աննախադեպ է իրավիճակը՝ 1995 թվականից առայսօր երբևէ չի եղել նման իրավիճակ։ Մեծամորի ատոմակայանի վերազինման մասով ինֆորմացիան սահմանափակ է, պարզ չէ՝ ատոմակայանը նորոգվո՞ւմ է, թե՞ ոչ, եթե նորոգվում է, ապա ո՞վ է անում, ի՞նչ միջոցներով, այն դեպքում, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց ռուսական վարկից։

Էներգետիկ հարցերի փորձագետը ունի այս հարցերի պատասխանները․ ասաց՝ իրավիճակը լարված է, բայց կրիտիկական չէ։

«Հայասանի ատոմային էլեկտրակայանի և Հրազդանի 5-րդ էներգաբլոկի միաժամանակ կանգը, իրոք ծանր համընկնում է, բայց կրիտիկական դրության չի բերում հայկական էներգահամակարգը։ Բանն այն է, որ ողջ տարածաշրջանում՝ ներառյալ մեր հսկա հարևան Իրանը և Թուրքիան, Հայաստանի էներգետիկ համակարգը ամենակայունն է և ամենաապահովվածը հզորություններով։ Այնպես որ, այս գործոնները մի փոքր լարում են, բայց չեն ստեղծում կրիտիկական իրավիճակներ էներգահամակարգում»,-ասաց նա։

Ատոմակայանի վերազինման աշխատանքները թափով իրականանանում են, վստահեցրեց Արա Մարջանյանը։ Ասաց՝ ցավոք սրտի, մենք այդ աշխատաանքները ուշացրինք, դրանք պետք է ավարտվեին դեռ 2 տարի առաջ, մի շարք հանգամանքների հետևանքով դա չհաջողվեց իրականացնել։ Այժմ Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից և աշխատանքն իրականացնում է սեփական միջոցներով։

«Այս պահին ռուսական 4 առաջատար՝ մոլորակի առումով առաջատար, ատոմային ինստիտուտներից փորձագետներ Հայաստանում են, իրականացվում է մոդեռնիզացիոն աշխատանքները, դրանց կրիտիկական փուլը կավարտվի մոտակա ժամանակում և տարվա վերջին Հայաստանը կունենա երկրորդ բլոկ, որն ունակ կլինի վստահաբար շահագործել մինչև 2036 թիվը՝ ևս 10 տարի։ Ընդ որում, այս վերազինման շնորհիվ տեղակայված բլոկի արդյունավետությունը կբարձրանա մոտ 60 մեգավատով, ինչը թույլ կտա նախ՝ չբարձրացնել սակագները էլեկտրաէներգիայի համար, սակագնային մանյովր անել և այս իրավիճակը մեղմել ՀՀ բնակչի համար»,-ասաց Արա Մարջանյանը։

Այս պահին Հայաստանում չկա ավելի բարդ և ավելի կարևոր խնդիր, նշեց նա, քան Ատոմակայանի երկրորդ բլոկի մոդեռնիզացիայի աշխատանքները, որոնք այս պահին  իրականացվում են։

«Իսկապես այդ աշխատանքները ամբողջ թափով գնում են, մասնագիտական հարթակներում դա հայտնի է, այստեղ ամեն ինչ իր հունով կընթանա։ 141 օր հետո կավարտվի, որքան ես գիտեմ, ժամկետի լրացուցիչ երկարացման անհրաժեշտություն չկա»,-վստահեցրեց Արա Մարջանյանը։

Նա բացառեց, որ ՀՀ իշխանությունները Ատոմակայնը կանգնեցրել են՝ տուրք տալով Թուրքիայի և Ադրբեջանի պահանջին՝ այն կանգնեցնել սահմանները բացելու դիմաց։

«Իսկապես, Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն է՝ Հայաստանում փակել Ատոմակայանը, Հայաստանին զրկել ատոմային էներգետիկ բաղադրիչից, Հայաստանը պահել շրջափակման մեջ և խեղդամահ անել՝ ի վերջո բերելով Հայաստանի տարածքը թուրքական աշխարհի տիրույթ։ Բայց Հայաստանը, կարծես թե, հակադրվում է․ հակառակը, Ատոմակայանի մոդեռնիզացիոն աշխատանքները, որոշակի ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք իրականացվում են և կիրականացվեն մոտ ապագայում, հենց հակադրվում են այդ արտաքին ճնշումներին, և նպատակ ունեն Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունն ապահովելու, Հայաստանը չզրկելու ատոմային էներգետիկ կոմպոնենտից և երաշխավորելու դրա գոյությունը 2036 թ-ից անդին»,-ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետը։

Նա նշեց, որ մայիսի 5-ից մինչև հուլիսի 11-ը մենք Վրաստանից էլեկտրաէներգիա էինք գնում միայն նրա համար, որ այդ էլեկտրաէներգիան ավելի էժան էր, քան 5-րդ էներգաբլոկինը։

«Նախկինում վաճառում էինք Վրաստանին, պատրաստ ենք հիմա նույնպես վաճառել, սակայն Վրաստանը չի գնում մեզանից, որովհետև Վրաստանի էներգետիկ ոլորտը գտնվում է թուրք-ադրբեջանական ակցիաների մեջ և ենթարկվում է թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքականությանը»,-ասաց նա։

Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ գծի ծրագրի անհարկի ձգձգումը և աշխատանքների բարդությունը այդ ուղղությամբ, Արա Մարջանյանի խոսքով, պատճառ ունեն նրա, որ ժամանակին Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը ստիպեցին կառուցել Բորչկա-Ախալցխա բարձրավոլտ գիծը՝ հույս ունենալով ստեղծել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էլեկտրաէներգետիկ կամուրջ, որը պետք է բավարարեր Թուրքիայի էլեկտրաէներգետիկ պահանջարկը։ Ծրագիրը խափանվեց․ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը ունակ չեղան Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու, որովհետև նրանք ավելցուկային հզորություն չունեին։ Տարածաշրջանի միակ երկիրը, որ ավելցուկային տեղակայված հզորություն ունի՝ Հայաստանն է, և Հայաստանն է տարածաշրջանի միակ երկիրը, որ ունակ է շոշափելի մակարդակով էլեկտրականություն արտահանել այլ երկրներ՝ վստահեցրեց փորձագետը։

Հայաստանում իրավաբանական անձանց համար էլեկտրաէներգիան մի քանի անգամ թանկացավ գազի թանկացման հետ կապված՝ նշեց նա։

«Ակնկալիքներ կային, որ հնարավոր է բնակչության համար ևս սակագինը բարձրանա, սակայն այն հանգամանքը, որ ներկայում ընթացող մոդեռնիզացիոն աշխատանքները Ատոմակայանում կբարձրացնեն ատոմակայանի էֆեկտիվությունը, Ատոմակայանը ունակ կլինի ավելացնել իր արտադրանքը մոտ 65 մեգավատով, ահա այդ ավելցուկային արտադրանքի հաշվին կարելի է մեղմել ակնկալվող տարիֆայինսակագնային բարձրացումը՝ տարրալուծել այդ բեռը ապագայում սպասվող շահույթի հաշվին և սակագինը պահել ներկայիս մակարդակով»,-ասաց Արա Մարջանյանը։

Այսուհանդերձ, սակագնի բարձրացման վտանգը ինչպես ամբողջ մոլորակում, այնպես էլ Հայաստանում, ժամանակի ընթացքում առաջ է գալիս։

«Սակագները հակում ունեն բարձրանալու․ խոսքս ոչ միայն էլեկտրականության, այլև մյուս սակագների մասին է, և Հայաստանը պետք է ա՛յ դրան պատրաստ լինի։ Բանն այն է, որ Հայաստանում անցած 20 տարիներին տենդենց կար տարիֆը անընդհատ պահել հաստատուն և չփոփոխել՝ սարքավորումների ֆիզիկական մաշվածության հաշվին։ Ա՛յ, սրանից պետք է Հայաստանը խուսափի, սա շատ լուրջ համակարգային խնդիր է, պետք է մշակել սակագների սահուն բարձրացման մեխանիզմ՝ նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի սակագները ժողովրդի համար անտանելի բեռ չպետք է դառնա։ Հայաստանի մյուս կարևորագույն խնդիրը՝ իջեցնել այն մասնաբաժինը, որն ունի ժամանակակից մեր սակագնային վճարումները՝ լինի կապ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, և այլն, մեր ընդհանուր եկամտային զամբյուղում․ այս պահին դա Հայաստանում անասելի բարձր տոկոս է կազում։ Ահա՛, սա է Հայաստանի առջև ամենածանր խնդիրը»,-ասաց Արա Մարջանյանը։

Սակագները ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կբարձրանան, նշեց նա, ուղղակի մարդկանց եկամուտները պետք է բարձրանան դրան համընթաց և կոմպենսացնեն գները։

«Կարծում եմ, էլեկտրաէներգիայի գինը անպայման կբարձրանա, 2-3 տարվա ընթացքում, շոշափելի կբարձրանա։ Բարձրացման մյուս կարևոր բաղադրիչն էլ այն է, որ Հայաստանը հիմա աշխատում է ներմուծել համակարգ շատ թանկ էլեկտրական էներգիայի աղբյուրներ՝ էլեկտրական էներգիայի կայաններ, որի արտադրած էլեկտրաէներգիան 6 անգամ ավելի թանկ է, քան Ատոմակայանում արտադրվածը և 12 անգամ ավելի թանկ, քան Որոտանի ՀԷԿ-երի կասկադի արտադրածը։ Մոտ ապագայում այդ արեգակի էլեկտրաէներգիայի կայանները լուրջ բեռ կհանդիսանան Հայաստանի էներգետիկ համակարգի վրա»,-մտտահոգություն հայտնեց նա։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, էներգիա արտահանելու հարցում հավելյալ արտոնություններ կունենար․ արդյո՞ք այսօրվա իշխանությունների կողմից Արա Մարջանյանը տեսնում է որևէ քայլ՝ գործը գլուխ բերելու համար։

«Ո՛չ, չեմ տեսնում։ Այս հարցը փորձում էինք բարձրացնել դեռ 3 տարի առաջ, որոշել էինք սխեմաներ՝ ԵԱՏՄ հատկապես էլեկտաէներգետիկ շուկաների միասնական մոտեցումների համար, աշխատանքները պետք է ինտենսիվացնել»,-ասաց էներգետիկ հարցերի փորձագետը։

Բանն այն է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան շատ ավելի զարգացած է և ազատական, քան Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի էլեկտրաէներգետիկ շուկաները, ասաց նա, և հորդորեց՝ ավելի ճկուն և ավելի «հարձակողական» լինել և այս ուղղությամբ աշխատանքները ինտենսիվացնել։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․