կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 16:59
Մշակույթ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նախարարությունից պահանջում է ներկայացնել հուշարձան շենքի քանդման վերաբերյալ հիմքերը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նախարարությունից պահանջում է ներկայացնել հուշարձան շենքի քանդման վերաբերյալ հիմքերը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ անդրադարձել է Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը քանդելու խնդրին:

«Հարգելի՛ պարոն Դումանյան, առ այն, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում,

համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,

Խնդրում ենք ներկայացնել՝

• ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի պահպանման/քանդման վերաբերյալ

• ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ

• Կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։

Խնդրում ենք նաև ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են նախատեսված շենքի տեղում/տարածքում համար և ինչ ազդեցություն դրանք կունենան շենքի վրա, ինչպես նաև այդ աշխատանքների (հողային, ամրապնդման) իրավական հիմքերը։

Ս․թ․ հուլիսի 12-ին Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով։ Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունը և ներկայացնել կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը»:

Նշենք, որ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամները և հուշարձան-շենքի քանդման դեմ հանդես եկող ակտիվիստներն այսօր Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի մոտ էին հավաքվել՝ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրի է արժանանալու պետության կողմից պահպանվող հուշարձանը:

Նշենք, որ ավելի վաղ «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) կառուցապատողներից մեկն է, իր երեք լոտերի կառուցապատման նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել: 2-րդ լոտում է գտնվում Հանրապետության 46 hասցեն, որը հուշարձան-շենք է: Հուշարձանի հատվածում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շենքի 9 հարկանի հատվածը:

Երեք տարածքներում ընկերությունը նախատեսել է բազմաֆունկցիոնալ բնակելի մեծ համալիր կառուցել: Ողջ հողամասի մակերեսը 3207 քմ է, իսկ կառուցապատման մակերեսը` 2586: Կառույցը նախատեսվում է 9 և 12 հարկանի, համապատասխանաբար 30 և 45 մ բարձրությամբ: 1-3 հարկերը նախատեսված են գրասենյակային տարածքների և խանութների համար: 4-12-րդ հարկերը` բնակարաններ են լինելու»,- ասվում է դիմումում: