Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրիգորի հետ զրուցել ենք Քյուչյուք Դենիզ փողոցի և Բալըքչըլար թաղամասի եկեղեցու մասին։ Գրիգորն ասում է․ «Շատ եմ կարոտում այդ օրերը, այդ մարդկանց ։ Ոչ միայն Գում Գափուն, այլև ամբողջ Ստամբուլն եմ մտքումս պահում»։
Բերքեն Դյոներ
Մարմարան նշմարվում է մառախուղի միջից։ Լույսը սփռվում է բաց ծովում սահող նավերի վրա, սկսվում է աղի մասին երգը։ Ձկնորսական ցանցերը, ծովի երդումը․․․ պարաններ, ծովախեցգետիններ, ծովափողեր, մարգարիտներ, արծաթե ձկներ, շտապող թռչուններ, փայլող նամականիշներ, ձկնորսական կարթին ուղղություն տվող քամու ձայն և փոթորկի ժամանակ աչքները ճանապարհից չկտրող կանայք․․․ ։ Ցանցերը միավորող մաքոքի պատմությունը ամենալավը մեկ նրանք են հիշում, մեկ էլ Գրիգորը։ Այն Գրիգորը (Հյուներյան), որ ամբողջ կյանքն անցկացրել է ծովում։ Թեև ասում է, թե ծերացել է, սակայն իր երիտասարդության մասին պատմելիս թոթվում է 72-ամյա ուսերը և պատմում․ «Իմ գերադաստանում բոլորը ձկնորս են եղել»։ Նրա այդ խոսքի ժամանակ թվում է, թե աստղերն են կայծկլտում լուսադեմին։
Գում Գափուն ձկնորսների գյուղ է
Գրիգորի հայրը՝ նավապետ Զավենը, ծնվել է 1914 թ․, Սիլիվրիում։ Նա ձկնորսների ընտանիքից էր, որտեղ չորս երեխա կար՝ երեքը տղա, մեկը՝ աղջիկ։ Իրականում Գում Գափուի ձկնորսների մեծ մասը Սիլիվրիից էին։ Ձկնորսները ընտանիքների հետ միասին Սիլիվրիից Գում Գափու են տեղափոխվել Օսմանյան կայսրության պատմության վերջին տարիներին։ 1920 թ․ հուլիսի 20-ին հունական ռազմանավերը ռմբակոծել են Մարմարայի Էրեղլին։ Հույն զինվորները մտել են սուլթանական հողատարածք։ Հունական տասներորդ դիվիզիան ցամաքով շարժվում էր դեպի Սիլիվրի։ Երբ ժողովուրդն անհանգստանում է, Սիլիվրիում գտնվող մոտ տասի չափ հայ ձկնորսներ իրենց ընտանիքնեով որոշում են փախչել այդ ժամանակ ընդամենը գյուղ եղող Գում Գափու։ Կեսգիշերին իրենց կանանց, երեխաների և անձնակազմի հետ միասին նավակներ են նստում և ուղղություն վերցնում դեպի Գում Գափու։ Այդտեղ նոր կյանք են սկսում։ Գում Գափու գնալու ժամանակ Զավենը դեռևս 6 տարեկան էր։ Հետագա տարիներին նա դառնում է Գում Գափուի սիրելի ձկնորսը։ Այդ ժամանակվա ձկնորսները մեկը մյուսից հավակնոտ են եղել՝ Հուսիկը, Ֆրամը, Տիրանը, Տաճատը, Խաչիկը, Աբոյի Գևորգը, Քյոյլյուի Լևոն․․․ «Քյոյլուի՞», այստեղ մի պահ կանգ կառնեք։ Դա ցույց է տալիս, որ նա «հենց գումգափուցի» է։ Նշանակում է՝ «Գում Գափուի ձկնորսական գյուղից»։ Գում Գափուում ձկնորսից մինչև գիտակ, կթվորից մինչև մաքսավոր՝ բոլորը մականուն են ունեցել։ Գրիգորն ասում է․ «Այդ մականունների նկատմամբ զգու՛յշ եղիր, մի՛ թերագնահատիր դրանք»։ Հենց այնպես չեն դրանք դրվել, ամեն մեկը կարող ես նրանց դեմքին ասել»։ Գրիգորի այս քաղցր-մեղցր զգուշացումից հասկացվում է, որ այդ ժամանկաշրջանի ձկնորսները մտերիմ են եղել․ «Ի վերջո բոլորը ձկնորս էին, նույն թաղամասի մարդիկ։ Ծերացող նավապետերի նկատմամբ հարգանքը մեծ էր։ Բոլորի ընդհանուր առանձնահատկությունն այն էր, որ շատ էին սիրում օղի, և խմում էին, ինչպես կարգն է։ Մի օր անգամ ոչ մեկը չի խմել ու կռիվ արել։ Օղին այսօրվա պես թանկ չէր, առատ էր։ Երբ «դրսի» ձկնորսները գալիս էին, վերցնում էին և ուղիղ պանդոկ գնում․․․ Դա նշանակում էր՝ «ուրախություն բերեցիր»։ Մեր պանդոկն էլ, ճիշտն ասած, շատ յուրահատուկ էր։ Ծովի վրա կառուցված, մի հարմարավետ վայր էր․․․ Քյոռ Հակոբի առաջին պանդոկն այդտեղ էր։ Նախարարներ, պատգամավորներ, գրողներ անգամ այդտեղ էին գալիս ։ Եթե այդ օրը ձուկն առատ էր լինում, ապա շատ արագ բաժանում էին տներով մեկ։ Իսկ հաջորդ օրը «Դե՛հ, Աբրահամ, հաջողություն» (1) էին ասում և վաղ առավոտյան կրկին գնում ձկնորսության․․․»։
Այնպես որ, երբ Գում Գափուն խորը քնի մեջ էր լինում, ծովը կանչում էր իր ձկնորսներին։ Մեկ Լափինա Անդոն, մեկ Բուրունսուզ Պետրոսը, մեկ Մերամեթչի Դյուրիկը, եթե Գում Գափուում և շրջակայքում ոչ միայն ծովի, այլ անգամ ջրամբարներից էր խոսք գնում, ապա նախ նրանց անուններն էին հիշատակվում։ «Ջրի նախնական վիճակը գնահատողը» ոչ այլ ոք էր, քան նավապետ Զավենը․ «Հայրս՝ Զավենը, շատ աշխատասեր մարդ էր։ Ձկնորսների մեջ ամենահարուստը Հուսիկն էր։ Հայրս սկզբում նրա մոտ էր աշխատում։ Այդ ժամանակ Անատոլիական փարոսում, Ռումելիական Փարոսում, Փոյրազքյոյում ձկնորսությունը այդքան զարգացած չի եղել։ Նույնիսկ կարելի է ասել՝ ընդհանրապես չի եղել։ Այդ վայրերից Գում Գափու էին գալիս և ձկնորսություն սովորում։ Օսմանյան ժամանակաշրջանում Լեանդրայի աշտարակից մի փոքր առաջ սահման կար։ Հայ ձկնորսներին այդտեղ չէին թողնում, նրանց չէր կարելի նեղուցի մյուս կողմն անցնել։ Այդ պատճառով ձկնորսության կենտրոնը միշտ Գում Գափուն է եղել։ Ամեն ձկնորս մեկ ձկնատեսակով էր հիշատակվում։ Հայրս կեֆալ էր բռնում, մականունը Կեֆալ Զավեն էր։ Կեֆալ ասելով․․․Չորս-հինգ կիլոգրամանոց հասկեֆալ էր բռնում։ Այդ ձուկը 6 տեսակ ունի՝ հասկեֆալ, ալթըբաշկեֆալ, թոփբաշկեֆալ, դուդաքլըկեֆալ, փլանտերիա, իլարյա։ Ամենատարածվածը հասկեֆալն է։ Այս ձկնատեսակի աչքերն ու հոնքերը մի շղարշով են պատված, երբ ջրերը հանդարտվում են, շղարշը ժամանակի ընթացքում բացվում է։ Եթե նրանց չորսան, մոտ տասնհինգ տարի կապրեն։ Նրանց միսը համեղ է։ Խաշած մսի վրա մայոնեզ ավելացրու՛ և փորձի՛ր։ Համը հարուստների սեղանի մաս կազմող մայոնեզով պերկեսի նման է լինում։ Այս ձուկը մայրիկիցս լավ ոչ ոք չի կարող խաշել կամ տապակել։ Իմ հայրիկը գիտեր, թե Հայդարփաշա կայարանի ճաշարանում, Ոսկեղջյուրի ծովածոցում ժամը քանիսին որ ձուկն էին ստանում։ Ոսկեղջյուր մտնելն արգելված էր։ Սակայն հայրս սպասում էր կեֆալի ժամին ու տոննաներով կեֆալ էր տեղափոխում»։
Այդպիսի ձկնառատ օրերին ամեն նավարար իր ձկների մի մասը կիսում էր հիվանդների, աղքատների հետ ․ երբեմն Գեդիկփաշայի որևէ տան սեղանի շուրջ, երբեմն որևէ եկեղեցու դռանը․․․ Իսկ Զավենը դրանք Յեդիքուլեի Սուրբ Փրկիչ հիվանդանոց էր ուղարկում։ Հինգ սկուտեղ ձուկը երեք օր բավականացնում էր։ Գրիգորն ասում է․ «Դա հորս՝ հաջողության աղոթքն էր։ Այդպես էր նա Աստծուն շնորհակալություն հայտնում» ու շարունակում է պատմել մանկության անմոռանալի օրերի մասին,- «Գում Գափուի պանդոկապանները ձուկը Ազափքափըի ձկան շուկայից չէին գնում։ Նստում էին ձկնորսական նավակ և թարմ-թարմ ձուկ էին ընտրում։ Հորս անձնակազմը բաղկացած էր 30 հոգուց, 15-ը՝ նավակի վրա, 15-ը՝ մոտորանավակի։ Բոլորը գիրեսունցի-էյնեսիլցի էին։ Քանի որ նրանք Գում Գափուում «օտար» էին, մայրիկս ստանձնել էր նրանց պատասխանատվությունը։ Ոչ մեկ չէր մտածում, թե այդ միշտ պատրաստ երիտասարդները ի՞նչ են ուտում, ի՞նչ են խմում․․․ Մայրիկս ամեն երեկո ուտելիքներ էր պատրաստում։ Տան հետևում նավամատույցն էր․․․ Մյուս ձկնորսների անձնակազմի անդամները նավամատույցում գտնվող նավակներում էին քնում, մեր խմբի անդամները, թեև տան նկուղում, բայց մահճակալի վրա էին քնում։ Հայրս եթե ա օրական ձկան վաճառքից 10 լիրա էր աշխատում, կեսը տալիս էր իր խմբին՝ որպես աշխատավարձ։ Նրանց հարաբերությունները հոր և որդու հարաբերություններ էին։ Բոլորը ցանկանում էին լինել Զավենի խմբից։ Դրանից շատ եմ շահել ես։ Խմբի անդամներն ինձ իրենց ուսերին դրած տանում էին դպրոց ու բերում։ Չնայած հայրս նման բան չէր պահանջել նրանցից։ Իրենց կամքով, սիրով էին անում․․․»։
Քյուչյուք դենիզ թաղամասի մարդիկ
Խմբերը գնացին, ժամանակները փոխվեցին․․․ Խմբային ապրուստի միջոցը փոթորիկները մոռացության տվեցին․․․․ Այն, որ Գում Գափուն արդեն ավերակի է վերածվել, երևում է բոլոր ծայրերից։ Նավահանգիստը ժանգոտվել է, պատուհանները խունացած են, գունատ․․․ Նավակի բեկորները, անտարբերության մատնված լինելու պատճառով, զայրացած են, բորբոս է պատել նրանց, հոգնած են․․․ Ծովի ջրերն էլ հետ են քաշվել, երբ վերջին խմբի վերջին վկան էլ լքեց այն, վերադառնալու և հետ նայելու ճիշտ ժամանակը չէ՞ արդյոք։ Փոքրիկ Գրիգորին իրենց ուսերին տանող խմբին հետևեք․․․Կգտնեք Քյուչյուք Դենիզ փողոցը։ Եթե այսպես ասեք՝ կհասկանան, որ «տեղացի չեք»։ Դուք ավելի լավ է այս փողոցն անվանեք՝ «Ամրոցի դարպաս»։ Դա 50-ական թթ․ եղել է ձկնորսների ընտանիքների տարածքը։ Գրիգորի տունն էլ այս դիմացի երկհարկանի, հարմարավետ, փայտյա պատուհանովն է։ Փոքր սրահում պոմպով աշխատող գազօջախ կա։ Այդտեղ ջուր էին տաքացնում, երեխաները՝ Արտաշը և Գևորգը, այդտեղ էին լվացվում։ Մեծերը գնում էին Քադըրգայի շոգեբաղնիք։ Կարիք չկա ասել, որ ամենալավ ձուկն այս տանն էր պատրաստվում․․․
Վերանորոգող վարպետները, վաճառականները, ձուկ պատրաստողները․․․
Այս խոհանոց չունեցող տանը հյուրասիրության սեղաններ պատրաստողը, «լցոնած միդիաներ» եփողը, պալամուտ տապակողը տիկին Վարդուհին էր։ Վարդուհին և Զավենը, բացի այն, որ կողակիցներ էին, նաև աշխատակիցներ էին համարվում։ Տիկին Վարդուհին, բազմաթիվ գումգափուցի կանանց նման, վերանոգորող վարպետ էր։ Գիրգորը մոր մասին սիրով է պատմում։ «Յուրաքանչյուր ձկնորսի կին վերանորոգող վարպետ էր։ Գում Գափուի բոլոր վերանորոգող վարպետ կանայք գեղեցիկ էին։ Ձկնորսները նրանց նավամատույցում են սիրել և կնության առել։ Այդ ժամանակ ձկնորսական ցանցերը նեյլոնից չէին․ պարանից էին պատրաստվում։ Կաթսաներ ունեինք, այդտեղ ցանցերը ներկվում էին։ Հետո էլ՝ երկարությամբ փռվում էին նավամատույցի երկայնքով։ Նրանց կողքին սկումբերաներ, գրություններ կային․․․․ Մեր նավամատույցը տոնախմբության վայր էր։ Ես շատ չարաճճի երեխա եմ եղել։ Մայրս գիշերները ցանց էր վերանորոգում, ինձ կապում էր իր մեջքից, որ գործը շուտ ավարտի, և հայրս առավոտյան կարողանա գնալ ձկնորսության։ Բացի աշխատասիրությունից՝ մայրս շատ տնտեսող կին էր։ Հայրս ողջ գումարը բերում-տալիս էր մայրիկիս։ Մայրս իր հավաքած գումարով կարողանում էր հոգալ ընտանիքի կարիքները, այն, որ մեր գլխին մի կտուր ունեցանք, նրան ենք պարտական։ Տարիներ շարունակ տնակներում ապրելուց հոգնած մայրիկս Չիֆթե Գելինլեր փողոցի հինգ հարկանի մեր նոր տունը մաս-մաքուր դարձնելուց հետո անչափ երջանիկ էր իրեն զգում։ Տունը մաքրելու, ամեն բան դասավորելու պատճառով ընկերուհու մոտ նախաճաշի անգամ չէր գնում։ Լուսաբացին սկսում էր մաքրությունը՝ վերնահարկի սենյակներից մինչև ամենացածր հարկ մաքրում էր։ Գուցե տարիների ցավն էր հանում, ո՞վ գիտե․․․ Բացի այդ՝ թեև հոգնածությանը, չէր մոռանում ճաշ պատրաստել, գիշերն էլ հայրիկիս հետ նավակ էր գնում, նորոգում ցանցերը։ «Վա՜յ, վա՜յ, մայրիկս» ասում եմ ես։ Վարդուհու փոքր հարմարավետ Գումգափուի տանը երջանկությունը կարճ է տևում։ Գրիգորը շարունակում է ինքն իրեն հարցնել․ «Մի՞թե աչք կպավ մորս։ Ինչու՞ այսպես եղավ»։ Նա միշտ պատմում է քաղցկեղի պատճառով հեռացած մոր գեղեցկության, շեկ մազերի, կապույտ աչքերի մասին։ Այն Վարդուհու, որի ճակատագիրը գրվել էր և ծովից, և ցամաքից։ Մահվան օրը Գում Գափուի բոլոր խանութպանները փակեցին ցուցափեղկերը, պանդոկապետեր՝ Քյոռ Հակոբը (Ինջիյան), Մինասը (Միսիսյան), Չամուր Շևքեթը երեք օր շարունակ չբացեցին իրենց խանութները։ Այս աշխարհում մի վերանորոգող վարպետ Վարդուհի է ապրել։
Սամաթիայում կապույտ ձկան հոսքը
Գում Գափուի այդ տունը դեռևս կանգուն է՝ որպես Հյուներյան ընտանիքից մնացած ավանդ։ Զավենը ձկնորսության պատության մեջ գրանցված մի դեպքից հետո է գնում այդ տուն։ 1980-ական թթ․ Սամաթիայի ափերին կապույտ ձկան անհավատալի հոսք է լինում։ Զավենն այնքան ձուկ է որսում, որ երեք օր շարունակ Ազափքափըի ձկան շուկային ձուկ է մատակարարում։ Կյանքում առաջին անգամ «շատ գումար» է աշխատում։ Այնպես, որ գումարի աղբյուրն իմանալու համար Ֆինանսների նախարարութան աշխատակիցներ են անգամ գալիս, թերթերը հոդվածներ են գրում։ Զավենը երջանիկ է, հպարտ․․․ Սիրով ամուսնացած իր կնոջ, երկու զավակերի համար, որոնցով հպարտանում էր, մի տուն է գնում։ Ահա Չիֆթե Գելիներում գտնվող այդ տունը կապույտ ձկան այդ հոսքի է հիշատակն է։ Այն շատ խնջույքների է ականատես եղել։ Այդ տան համը ամենաշատը զգացել են տան դիմաց գտնվող բժշկական դպրոցի սաները, Վարդուհի և Զավեն զույգն ամեն շաբաթ աշակերտներին ձուկ ուտելու հաճույքն էին պատճառում։
Ձկնորսների եկեղեցին, ձկնորների դպրոցը․ Սուրբ Հարություն և Պողոսյան Վարվառյան
Գրիգորն այն ժամանակ քաղր լեզու ունեցող երիտասարդ էր։ Ձեռքերը, ծնողների ձեռքերի նման, արարում էին, ձեռքերը ամուր հանգույցներ էին կապում․․․ 17 տարեկանում ծովից մի փոքր յոդի հոտ մտավ նրա վերնաշապիկի մեջ ու այլևս դուրս չեկավ։ Մի երեկո լուսարձակների ներքո նա նստեց կապույտ ներկած իր նավակը և գնաց մինչև Յենիքափը․․․ Մինչև առավոտ հավաքած ցանցերը այդ ձեռքերի գործը դարձան։ Երկար ափերի երկայնքով փոթորիկներին ծանոթ լինելու հերթն արդեն իրենն էր։ Մանկությունը իր մայրիկի համար «սալմա», «տապակա», «տոլմա» պատրաստելու համար միդիաներ որսալով է անցել։ Դեռահաս տարիքում միդիաներն առանձնացրել ու ծովի վրա պատրաստել է սովորել։ Միթե կարելի է միդիաներն առանց ուղեկցի թողնել։ Լավ, իսկ այդ կապույտի մեջ սառույցի նման խմվող գարեջրի համը մոռանալ կլինի՞։ Երբ Գրիգորը հետ է նայում, ասում է․ «Ծուլության, չարաճճիության մեջ հավասարը չունեինք։ Դպրոցի երես չտեսանք, նույնիսկ ամբողջությամբ չոր երբեք չենք շրջել։ Ամառ-ձմեռ ծովում էինք», սակայն մյուս ձկնորսների երեխաների նման Պողոսյան-Վարվառյան դպրոցի շրջանավարտ է։ Միջոցառումների ժամանակ այդ դպրոցի սաները միշտ ձկնորսական հագուստով էին, փոքր դպրոցը Սուրբ Հարություն եկեղեցու հենց կողքին էր։ Այդ եկեղեցու՝ ժողովրդի մեջ տարածված անունը «Ձկնորսների եկեղեցի» է։ Այն 19-րդ դարի կառույց է։ 1832 թ․ սուլթանի հրովարտակով կառուցված մատուռի համար Հարություն ամիրա Պեզճիյանը (3) նյութական և հոգևոր մեծ ներդրում է ունենում։ Ամիրա Պեզճիյանը ցանկանում է, որ մատուռը վերածվի եկեղեցու։ Այն ժամանակ, երբ այդ հարցը քննարկվում է, Պատրիարքության և Պատրիարքական վանքը վերակառուցելու հարցն է օրակարգ բերվում։ Այդ պատճառով հետաձգվում է մատուռի՝ եկեղեցու վերածելու գործընթացը։ Ամիրա Պեզճիյանը 1834 թ․ վախճանվում է՝ առանց իր այդ ցանկությունն իրականացնելու։ Հակոբոս Երրորդ Սերոբյանի պատրիարքության տարիներին այն բացվում է որպես սրբավայր։ Այդ եկեղեցին ձկնորսների համար շատ կարևոր է, և շատ գեղեցիկ մի պատմություն է կապված եկեղեցու հետ։ Համաձայն այդ պատմության՝ սկսվում է որսորդության շրջանը․․․ Գում Գափուի ձկնորսները՝ իրենց անձնակազմի հետ միասին ծով են դուրս գալիս։ Հայտնի չէ, թե ինչու, բայց ամեն անգամ ձեռքները դատարկ են վերադառնում։ Այդ վիճակից ոչ միայն որսորդներն են վշտանում, այլև թաղամասի աղքատ բնակչությունն է անհանգստանում, քանի որ շարունակվում էր այն ավանդույթը, որով ձկնորսների իրենց որսացած ձկների մի մասը բաժանում էին աղքատներին։ Երբ անհանգիստ ձկնորսները փորձում են այդ վիճակից ելք գտնել, նրանցից մեկի գլխում մի միտք է ծագում։ Առաջարկում է քահանայից օգնություն խնդրել։ Այդ գաղափարը ընդունում են բոլորը և բռնում են եկեղեցու ճամփան։ Երբ քահանան իմանում է նրանց վիճակի մասին, տխրում է։ Նա ասում է․ « Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար։ Կարող եմ միայն աղոթել»։ Նավարար ձկնորսներից մեկը խնդրում է, որ նա իրենց հետ դուրս գա ձուկ որսալու։ Քահանան ընդունում է խնդրանքը։ Իր սքեմը, խաչն ու Աստվածաշունչը վերցնում է և ձկնորսների հետ ծով դուրս գալիս։ Մինչև առավոտ միաձայն աղոթում են։ Մի պահ անձնակազմից մեկը ձայն է տալիս․․․ «Ցանցը ինչ-որ տեղ է արգելափակվել, չեմ կարողանում քաշել», և օգնություն է խնդրում։ Մյուսները շտապում են օգնության, սակայն նրանք էլ են դժվարանում ցանցը քաշելիս։ Փաստորեն ցանցը չէր արգելափակվել, այլ ձկներով էր լցվել։ Նրանք հավատում են, որ դա նշան է, և իրենց աղոթքները տեղ են հասել։ Այդ տարվա ձկնորսական շրջանը ձկնառատ է անցնում։ Ձկնորսները վճարում են իրենց պարտքերը, ապրուստ վաստակում, գումար հավաքում, աղքատների սեղանին էլ շատ ձուկ ուղարկում։ Այդ սրբությամբ լի հուշի ամեն կաթիլը հիշել ցանկացող ձկնորսները հավաքվում են և մի արծաթյա ցուցանակի վրա «ալաման» են դաջում, տակն էլ ձուկ նկարում։ Դա ամրացնում են Սուրբ Հարություն եկեղեցու խորանի առջև գտնվող նավթի լամպին։ Դա ձկնորսների նվերն էր եկեղեցուն։ Իսկ դպրոցն իր անունը ստացել է Ամիրա Պեզճիյանի մոր՝ Վարվառեի և հոր՝ Պողոսի անուններից։ Այդ դպրոցի բացման հիմնական նպատակը ձկնորսների երեխաների համար կրթության ապահովումն էր․ ինչպիսին էին Գրիգորը և մյուս երեխաները․․․
Աշկերտից մինչև վարպետ
Գրիգորը դպրոցն ավարտելուց հետո սկսում է 1965 թ․ աշկերտություն անել Բահչեքափըում գտնվող «Գաբայներ» խանութում։ Ասում է․ «Ձկնորսի որդուց ավելի լավ աշկերտ կլինի՞ արդյոք։ և պատմում․ «Գաբայներ ընտանիքը շատ հարուստ էր։ Ձկնորսական պարագաների խանութը գտնվում էր Հաջը Բեքիր հրուշակեղենի խանութի կողքին։ Նեյլոնե ցանցերը նրանք են բերել Թուրքիա։ Մոտ 10 տարի աշխատել եմ այնտեղ, հետո իմ խանութն եմ բացել»։ 70-ական թթ․ ձկան շուկայի կենտրոնը Ազափքափըն էր։ Ձկան շուկան այնտեղ էր․ «Գործը շատ լավ էի սովորել։ Հայրս ու իմ ղեկավարը նույն օրը մահացան։ Տեսա, որ այս գործի մեջ ամեն առումով միայնակ եմ։ 1974 թ․ բաժանվեցի Գաբայներից։ Ազափքափըի ձկան շուկայի հենց դիմաց իմ խանութը բացեցի։ Ձկնորսական ցանցերը մատակարարում էի Գաբայների գործարանից։ Ինձ այնքան էին սիրում, որ բեռնատարով ձկան ցանցեր էին թողնում, որ վաճառեմ։ Գործս շատ ընդլայնեցի։ Թուրքիայի չորս կողմերից ձկան ցանցեր ձեռք բերելու համար ինձ էին զանգահարում։ Սակայն չէի թողել ձկնորսությունն ու վերանորոգման աշխատանքները։ Լավ գիտեմ, որ Սարայբուրնուի ափերից դուրս է գալիս իսթավրիտ և սարդալյա; Լեանդրայի աշտարակի մոտից՝ կապույտ ձուկ, սարըկանաթ, Բոսֆորից՝ քըրչա և իզմարիտ, ներքին ափերից՝ փիսի, թուրբոթ և կարմիր լուցիան։ 1980 թ․ ձկան առևտուրը տեղափոխվեց Գում Գափու, և ես խանութս այստեղ տեղափոխեցի։ Բոլորը այցելում էին իմ խանութ։ Երբ գործերս և օրերս լավ էին ընթանում, ձկան առևտուրը տեղափոխվեց Գյուրփընար։ Արդեն ուժ չունեի։ «Իմ ժամանակն անցել է»,- ասելով՝ դուրս եկա գործից։ Երբեմն գնում էի Ռումելիական փարոսի մոտ։ Բոլոր որսորդները ինձ ճանաչում էին․ երբ գնում էի, բոլորը, թերևս 50 հոգի շուրս էին հավաքվում։ Շատ հետաքրքիր զրուցակից էի։ Հիանում էին ինձ հետ զրուցելիս։ Շատ եմ կարոտում այդ օրերը, այդ մարդկանց։ Ոչ միայն Գում Գափուն, այլև ամբողջ Ստամբուլն է իմ մտքում»։
Գրիգորն ապրում է ծովի ափին, թեև արդեն Ստամբուլից շատ է հեռու։ Ականջը դեռ ծովի կանչը երեկոյան ընդհատող ձկնորսական մոտորանավակի ձայնի կողմն է։ Արդյո՞ք նա գիտի, որ գումգափուցիները, կաֆալները, կապույտ ձկները, նույնիսկ անձրևների տակ ընկած նավամատույցի սրճարանը իրեն շատ են կարոտում։
Գրիգորը ծովի պատմությանն անվերապահ հավատացած վերջին մարդն է։
https://www.gazeteduvar.com.tr/denizin-kosulsuz-tanigi-kirkor-reis-haber-1523632
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net