կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 12:45
Քաղաքական

Կայացրեք որոշում, հնարավորություն տվեք առաջնորդելու ու չեք փոշմանի․ Ռոբերտ Քոչարյանը՝ գորիսեցիներին

«Այս ընտրություններն ունեն յուրահատկություն․ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՝ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը։ Մենք ուզում ենք ներքին համերաշխությո՞ւն, կայունությո՞ւն, թե՝ ուզում ենք, որ ներսում շարունակվի ատելության մթնոլորտը։ Այս երկընտրանքի առաջ է կանգնած երկիրը», - հունիսի 8-ին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա առաջարկեց քաղաքացիներին՝ կատարել երեք քայլ․ «Քայլ առաջին՝ վերցրեք թուղթ ու գրիչ, անջատեք Հ1-ը և սորոսական լրատվամիջոցները և փորձեք թղթի վրա գրել այն հիմնական խնդիրները, որոնք, ըստ ձեզ, կանգնած են երկրի առջև և պահանջում են առաջնահերթ լուծումներ։ Համոզված եմ, որ առաջին տեղում կլինեն երկրի անվտանգությունը և հոգեբանական մթնոլորտը։ Քայլ երկրորդ՝ ինքներդ ձեզ հարցրեք՝ այս իշխանությունն ի վիճակի՞ է լուծել այդ խնդիրները։ Համոզված եմ, որ ոչ, որովհետև այս իշխանությունն այդ խնդիրների հեղինակն է և ստեղծման աղբյուրը։ Նրանք են խաթարել երկրի անվտանգությունը, նրանք են պատասխանատու հազարավոր զոհերի համար, կորցրած տարածքների համար, բանակի այսօրվա վիճակի համար։ Նրանք են պատասխանատու տնտեսական անկման համար, գործազրկության, աղքատության աճի համար, ահռելի թվերի հասած արտագաղթի համար, գների բարձրացման համար, ներդրումները զրոյի հասցնելու համար։ Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ասեմ, որ նույնիսկ այս քարոզարշավի ժամանակ թույն են տարածում․ շարունակում են բաժանել երկիրը հնի ու նորի, սևի ու սպիտակի։ Եվ այդպես էլ շարունակելու են։ Քայլ երրորդ՝ առաջարկում եմ վերցնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը և որոշել, թե որն է այն քաղաքական ուժը, որ ունի բավարար գիտելիքներ ու փորձ, կամային հատկություն և վճռականություն՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք, այդ ուժն ու այդ թիմը «Հայաստան» դաշինքն է։ Դրա համար ենք մենք ձևավորել դաշինքը, եկել այստեղ և դիմում ենք ձեզ։ Կայացրեք որոշում և հնարավորություն տվեք ձեզ առաջնորդելու ու չեք փոշմանի»։

Մանրամասն՝ տեսանյութում։